
«Յուքոմ»-ի բաժանորդները երկու օր է՝ զրկված են կապից. նրանք փոխհատուցում են պահանջում
«Յուքոմ»-ի Աջափնյակի բնակիչներն արդեն երկու օր է՝ զրկված են ինտերնետ կապից: Այսօր առավոտյան մի խումբ բնակիչներ պարզաբանումների համար մոտեցել են Մարգարյան 10/2 հասցեի «Յուքոմ»-ի սպասարկման գրասենյակ, որպեսզի ճշտեն, թե ինչու մինչ օրս իրենց կապը չի վերականգնվել: Սպասարկամն գրասենյակը, սակայն, սպառիչ պատասխաններ չի տալիս:
16-րդ թաղամասի, 44-րդ շենքի բնակիչ Գոհար Օհանյանը պատմում է, որ կապը միշտ անորակ է, իսկ երկրորդ օրն է՝ ընդհանրապես անջատված է: «Էլ օպերատոր չմանաց հետը ժամերով չզրուցենք, մեր ֆինանսական միջոցների ու նյարդերի հաշվին, ոչ մեկ պատասխան չի տալիս մեզ: Քանի օր է՝ զանգում ենք, հարցնում ենք, իրենք ոչ մի նորմալ պատասխան չեն տալիս, անորոշ պատասխաններ են տալիս »,-ասում է Գոհար Օհանյանը:
Բաժանորդներին շաբաթ օրը sms հաղորդագրությամբ հայտնել են, որ կապը կանջատվի մինչ կիրակի առավոտ՝ ժամը 11:00-ն, սակայն առավոտն էլ կապը չի վերականգնվել:
«Լրատվամիջոցների տեղեկատվությունից զրկված ենք, որովհետև «Յուքոմ»-ից ենք օգտվում, էլ չեմ ասում, որ ինտերնետն էլ իր հերթին,-ասում է Գոհար Օհանյանը: -Ուզում ենք խզել պայմանագիրը, ուզում ենք փոխհատուցեն, ուզում ենք պատասխան տան, թե երբ կարող ենք ինտերնետ ունենալ»:
Բաշինջաղյան 1-ին փողոց, 8-րդ շենքի բնակիչ Հասմիկ Ստեփանյանի ինքնազգացողությունը սպասարկման գրասենյակում վատացել է: Ասում է՝ որդին գտնվում է Գերմանիայում և որոշ խնդիրներ ունի, ուզում են շտապ կապ հաստատել նրա հետ, սակայն ինտերնետ երկու օր է չունեն:
«Ձեռքի բջջային հեռախոսով ժամը մեկ զանգահարում եմ, ինձ պատասխանում են, որ մեկ ժամից կլինի: Մի տաս անգամ զանգել եմ և 2000 դրամի օպերատորի հետ խոսել եմ, ինձ վստահեցրեց, որ երեկոյան ժամը 10-ին անպայման կապը կլինի, ինձ խիստ կարևոր էր, որ կապվեմ տղայիս հետ: Բայց կապը չվերականգնվեց: Գնացինք սպասարկման գրասենյակ, մեզ ասում են՝ բողոք ունեք, գնացեք գլխամաս: Ասում եմ՝ ձեռքիս փող չկա, բա սպասարկման գրասենյակն ինչի համար է, որ մեր ձայնը չբարձրացնեք»,- ասում է Հասմիկ Ստեփանյանը:
Նա օգտվում է «Յուքոմ»-ի ամսական 8000 դրամանոց կապից, որի որակից խիստ դժգոհ է: Ասում է, որ իր՝ ուսուցչի աշխատավարձով ապրող անձի համար 8000 դրամը մեծ փող է: Որդին մեկնել է Գերմանիա՝ աշխատելու: Նրա հետ կապը ինտերնետի միջոցով են պահում: Սակայն օրերով ինտերնետ չեն ունենում, իսկ ամսվա ողջ վճարը ստիպված են վճարել: «Բայց երբ մենք վճարն ուշացնում ենք, ինտերնետը միանգամից անջատում են: Մենք ոչ մի լծակ չունենք պաշտպանվելու,- ասում է բնակիչը: -Սա առաջին դեպքը չէ, եթե սուտ չասեմ՝ ամսվա մեջ 10 օր ինտերնետ չեմ ունեցել, բայց երբ գալիս է վճարի պահը, ամբողջությամբ պահանջում են: Ասում են՝ պիտի գնաք գլխամաս, դիմում գրեք, թե ամսվա մեջ քանի օր ինտերնետ չեք ունեցել, և ձեր դիմումը դնեն քննարկեն: Միթե իրենք չգիտեն, թե տվյալ տեղամասում իրենք քանի օր մեզ ինտերնետ կապ չեն ապահովել: Եվ ինչու են մեզ իզուր տեղը գցում էդ քաշքշուկի մեջ: Եթե 10 օր, 9 օր կամ 8 օր մեզ ինտերնետ կապ չեք տվել, հանե՛ք մեր վճարից դա: Մենք մի կերպ ենք դա վճարում»:
«Յուքոմ»-ի հանրային կապերի պատասխանատու Դիանա Մնացականյանը «Հետքի» հետ զրույցում պարզաբանեց, որ իրենց տվյալների սպասարկման կայանը տեղափոխվում էր, և իրենք շաբաթ օրը բաժանորդներին sms հաղորդագրություններով տեղեկացրել են, որ մինչև առավոտյան ժամը 11-ը, քանի որ ֆիզիկապես լարերը կտրվելու և տեղափոխվելու են ուրիշ տեղ, կապ չի լինելու: «Սակայն գործընթացքը երկարել է մինչև կիրակի ժամը 20:00-ն, բայց ինչքան որ տեղափոխվում էր, աստիճանաբար միացվում էր, և ինչ-որ մասը կամաց-կամաց սկսել էր ինտերնետ ունենալ: Բուն պրոցեսը երեկոյան 8-ին ավարտվել է, և իրենք այսօր և երեկ երեկոյան ինտերնետ ունեին: Ուղղակի այսօր առավոտյան, կարծես կարկուտը ծեծած տեղն է ծեծում, այդ հատվածը երկու ժամով հոսանքազրկվել էր, և իրենք, արդեն ոչ մեր պատճառով, չեն ունեցել ինտերնետ: Այս պահին կապը վերականգնված է և բաժանորդներն ունեն ինտերնետ»,- վստահեցրեց Դիանա Մնացականյանը:
Աշխատանքների երկարելու մասին բաժանորդներին sms չի ուղարկվել, քանի որ, ըստ հանրային կապերի պատասխանատուի, աստիճանաբար միացումները կատարվել են:
Դիանա Մնացականյանի հետ զրույցից հետո՝ րոպեներ առաջ կապվեցինք Հասմիկ Ստեփանյանի հետ՝ ճշտելու, թե արդյոք կապը վերականգնված է: Վերջինս հավաստիացրեց, որ իրենց կապը դեռևս չի վերականգվել: Չի վերականգվել նաև Շինարարների 10/1 հասցեի բնակիչ՝ Ռոգովայա Սվետլանայի կապը, ով այսօր նույնպես սպասարկման կենտրոնում էր:
Ավելացված 14:20
Դիանա Մնացականյանը ավելի ուշ պարզաբանեց, որ առանձին բաժանոդրների մոտ կարգավորումների կամ իրենց համակարգիչների հետ խնդիր է եղել, այդ պատճառով նրանք չեն կարողացել միանալ: Կապը բոլորի մոտ վերականանգնված է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել