
Լևոն Բարսեղյանի դանակը սառը զենք չէ. քրեական գործի վարույթը կկարճվի
«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գործով այսօր ստացվել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը: Ըստ դրա՝ Լեւոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ, ուստի քննիչը որոշում է կայացրել Լևոն Բարսեղյանին արգելանքից ազատելու մասին: Այս մասին հաղորդում է նաեւ Քննչական կոմիտեն: Այդ հիմքով կարճվելու է նաև քրեական գործի վարույթը: Նշենք, որ հուլիսի 27-ին Լ. Բարսեղյանը ձերբակալվել էր սառը զենք պահելու կասկածանքով:
«Գործում շատ կարևոր էական հանգամանք կար: 2015թ. հունիսի 23-ին, երբ նրան դարձյալ բռնել էին, Լևոն Բարսեղյանի մոտ հայտնաբերվել էր նույն դանակը, որն իրենից սառը զենք չի ներկայացնում: Այսինքն՝ չափերը օրենքով սահմանված սառը զենքի չափերի հետ կապ չունի»,-ասաց Լևոն Բարսեղյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանը:
Փաստաբանը նշեց, որ այսօր առավոտյան ձերբակալման օրինականության վերաբերյալ դիմում է մուտք արել դատարան, իսկ օրինակը ներկայացրել քննիչին: Նիստը պետք է կայանար ժամը 18-ին: Բայց մինչև դատարանի որոշումը քննիչն արդեն որոշում է կայացրել Լ. Բարսեղյանի գործի մասով:
Մեկնաբանել