
Լևոն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվում` սառը զենք կրելու համար
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը այժմ գտնվում է ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում: Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Լևոն Բարսեղյանին ձերբակալելու որոշում են կայացնում:
«Իրեն հիմա ամենայն հավանականությամբ մեղադրանք են առաջադրում` սառը զենք կրելու համար»,- ասաց Արտակ Զեյնալյանը` հավելելով, որ խոսքը գրպանի դանակի մասին է:
Հիշեցնենք, որ Լևոն Բարսեղյանին բերման էին ենթարկել այս գիշեր` Խորենացի փողոցից: Թեև ոստիկանությունը հայտնել էր, որ Բարսեղյանն ազատ է արձակվել առավոտյան 06:30-ին, նրա գտնվելու վայրի մասին երկար ժամանակ տեղեկություն չունեին գործընկերները և հարազատները:
Ավելի ուշ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել էին ոստիկանության Շենգավիթի բաժին, տեսակցել Լևոն Բարսեղյանին և օժանդակել, որպեսզի կայանա նրա ու փաստաբանի հանդիպումը: Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ տեղեկություն չունի Լևոն Բարսեղյանի առողջական վիճակի մասին:
Քիչ առաջ Պաշտպանի աշխատակազմը տեղեկություն տարածեց, որ հաղորդման եւ այցի արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի կողմից որոշում է կայացվել բողոքը սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ սկսելու մասին եւ արդեն գրավոր ընթացակարգով քրեական հետապնդման մարմնից պահանջվել են համապատասխան պարզաբանումներ:
Լրացում: Լևոն Բարսեղյանը «Ա1+»-ի հետ զրույցում պատմել է իր հետ կատարվածը:
Մեկնաբանել