
Նախարար Արմեն Մուրադյանը ցանկացել է մտնել ՊՊԾ գնդի տարածք, սակայն իրավապահները թույլ չեն տվել
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այսօր նախարար Արմեն Մուրադյանը այցելել է ոստիկանության ՊՊԾ գնդի հարակից տարածք, որպեսզի հանդիպի ներսում գտնվող «Սասնա ծռեր» խմբի տղաներին, սակայն իրավապահ մարմինների աշխատակիցները նախարարին թույլ չեն տվել ներս մտնել:
Անահիտ Հայթայանի խոսքով՝ նախարարը եղել է առանց փողկապի: Մամուլի խոսնակը դժվարացավ հստակ ասել, թե ինչ նպատակով է նախարար Մուրադյանը ցանկացել հանդիպել խմբի տղաներին, մանրամասներ չգիտի: «Քանի որ իրեն էին պահանջել, հավանաբար գնացել էր բանակցելու, որ բժիշկներին բաց թողնեն»,- ասաց Անահիտ Հայթայանը՚:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայտարարել է, որ «Սասնա ծռեր» զինված խմբի տղաները պատանդ են վերցրել ՊՊԾ գնդի տարածք մտած շտապօգնության բժիշկներին:
Իսկ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «ԱՍԱԼԱ»-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանն էլ այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Տղաներն ասում են` մենք բժիշկներին պատանդ չենք պահել, թող գա հերթափոխ խումբը, և այս բժիշկներն ազատ են, կարող են գնալ»: Նրա խոսքերով՝ 3 օր ոչ մի բժիշկ ներս չի մտել, բժշկական օգնություն չի ցուցաբերվել ներսում գտնվող վիրավորին, այդ իսկ պատճառով տղաները դիմել են այդ քայլին, որպեսզի ապահովվի 24-ժամյա բժշկական սպասարկում: Նրանց պահանջը մեկն է՝ բժշկական օգնության ապահովումը:
Մեկնաբանել