
Օմբուդսմեն. «Փոխհրաձգության հետևանքով վիրավորվածների փաստաբանների մուտքի անհիմն արգելքն անթույլատրելի է»
Օմբուդսմենի աշխատակազմը տեղեկացնում է, որ այսօր տեղի ունեցած փոխհրազգության հետևանքով վիրավորվածներ Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի ազգականները Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացրել են բողոք այն մասին, որ Ոստիկանությունն իրենց անհիմն արգելում է տեսակցել վիրավորվածներին: Ընդ որում, հաղորդվում է, որ բժշկական անձնակազմը տեսակցելու հարցում որևէ խնդիր չի տեսնում, իսկ ոստիկանությունը արգելքի հարցում պատճառներ չի ներկայացնում: Ըստ հաղորդումների՝ նույն խնդիրն առկա է նաև փաստաբանների տեսակցության ապահովման հարցում: Այս մասին առկա են նաև հրապարակումներ ԶԼՄ-ներում:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Օմբուդսմենի գրասենյակից հայտնում են, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանները կամ իրավասու մյուս պաշտանատար անձինք վիրավորվածներ Ա.Պետրոսյանի և Հ.Հարությունյանի մերձավոր ազգականներին պետք է պարտադիր ներկայացնեն իրենց գործողությունների հիմքերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ պարզաբանումներ: Հակառակ դեպքում՝ ոստիկանության գործողությունները կլինեն անհիմն և անթույլատրելի: Փաստաբանների մուտքի անհիմն արգելքը նույնպես անթույլատրելի է: Մեր կողմից արդեն նախաձեռնվել է համապատասխան ընթացակարգ՝ արագ կերպով պարզելու համար ստեղծված իրավիճակի հանգամանքները և նպաստելու խնդրի լուծմանը:
Մեկնաբանել