
Էրեբունիի իրադրության շուրջ երեք հարցում եւ երկու դիտարկում
Նարեկ Սէֆէրեան
Խաղի վերջը ի՞նչ է նախատեսված:
Մտնել մի իրավիճակի մեջ առանց իմանալու դրանից դուրս գալու ձեւը հուսալքության նշան է: Ինքն իրեն «Սասնա Ծռեր» կոչող խումբը երեւի թե որոշակի սցենար գծել էր: Դա, սակայն, շատ հստակ չի երեւում: Պահանջները հստակ են: Բայց նաեւ շատ ծայրահեղ են: «Սասնա Ծռեր»-ի անդամները անկեղծորեն սպասո՞ւմ են, որ իրենց պահանջները լիակատար ձեւով ամբողջացվեն: Եթե ոչ, ապա ի՞նչ պատկերացում ունեն այս իրադրության վերջավորության մասին: Այդ վերջավորությամբ երկրին, Հայաստանի ժողովրդին նպաստավոր հետեւանք պատկերացնո՞ւմ են:
Գուցե ֆիզիկապես եւ փոխաբերաբար հեռու եմ Էրեբունիից, սակայն այս ամենն ինձ համար մնում է պղտոր:
Ինչո՞ւ այսքան բազմություն դուրս է եկել բռնի, զինյալ մի խումբ աջակցելու:
Այս հարցման պատասխանն ավելի պարզ է: Հայաստանի հասարակության մեջ չափազանց խորը հուսախաբվածության զգացում՝ ֆրուստրացիա է տիրում: Սերժ Սարգսյանն իշխանության հասավ բռնությամբ. ՀՀ զինված ուժեր 2008 թ. Մարտի 1-ին սպաննեցին ՀՀ քաղաքացիների, իսկ արդարությունն այդ առումով դեռ մնում է անկատար: Ավելին, տնտեսությունը բավարար չափով աշխույժ կամ մատչելի չէ երկրի բնակչության մեծամասնության կարիքները գոհացնելու համար: Ամենակարեւորը՝ազատ ու արդար ընտրություններ չեն անցկացվել: Հասարակության անդամներն իրենց պետությունից օտարված են զգում:Կեղծված ընտրությունների հոգեբանական եւ զգացմունքային ազդեցությունը չի կարելի թերագնահատել:
Հետեւաբար, վերջին տարիներին մի շարք շարժումներ են տեղի ունեցել փողոցներում՝ Մաշտոցի Պուրակից մարշրուտկաների սակագներով «Էլեկտրիկ Երեւան»: Այսպիսի խնդիրներ, որոնք՝ ըստ ժողովրդավարական սովորույթների, պետք է խորհրդարանում վեճերի առարկաներ դառնան եւ ազդեն կանոնավոր, կարգին ընտրությունների մասնակցող քվեարկողների նախասիրությունների վրա, դրա փոխարեն իրենց ելքն են գտնում հուսալիք քաղաքացիությամբ, փակված պողոտաներով, ոստիկանության հետ հրմշտոցներով:
Սակայն այստեղ խոսքը զինյալ մի խումբի մասին է, որը ոստիկանական վայրի վրա հարձակում է կատարել: Սա այդ հուսախաբվածության զգացմունքի իսկապես ծայրահեղ մի արտահայտություն է:Ինչքան ես եմ հասկանում, Խորենացի Փողոցում եւ Սարի Թաղում գտնվող ժողովուրդն այնտեղ է, որպեսզի «Սասնա Ծռեր»-ի անդամների զգացմունքները կիսվեն, որպեսզի ավելի բռնության հնարավորությունըբացառվի: Այն փաստը, որ «ահաբեկիչ» բառից շեշտակի ուզում էին խուսափել զինյալ խմբին նկարագրելիս շատ խոսուն է: Հուսամ, որ իշխանությունների ականջներին փողոցից այդ ձայները լսելի են դառնում:
Իշխանությունների ձայնն ո՞ւր գնաց:
Իշխանությունները գուցե լսում են, բայց դա հայտնի չէր ոչ ոքին ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո մի քանի օր շարունակ: Այնքան տարօրինակ էր, այնքան ամոթալի, որ Բաղրամյան Պողոտայից կամ Մելիք-Ադամյան Փողոցից որեւէ մեկը հանրային մեկնաբանություն կամ կոչ չուներ իրադրության առաջին օրերին (բացի ՀՅԴ որոշ առաջնորդ անդամներից): Ինչո՞ւ:
Ինչ տեսանկյունից էլ նայվի, բոլոր մակարդակներում, Հայաստանում քաղաքական դաշտն այնքան հետադիմական (ռեակցիոներ) է թվում, դանդաղաշարժ, հաճախ ինքն իրեն հակասող: Լավ ժողովրդավար համակարգն իր մեջ պարունակում է մասնիկներ, որոնք իրար հետ խոսում են, պատասխանում են միմյանց: Տվյալ իրադրությունը պարզ ձեւով ներկայացնում է՝ եթե կար այդ ներկայացման կարիքը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական մարմինը առողջ վիճակում չի գտնվում:
Կան, սակայն, առ նվազն երկու դրական նշան:
Մեկը՝ մարդիկ դուրս են եկել փողոց: Այո, կատաղի քաղաքացիներ իրենց բացասականորեն ուղղված ուժերով կարող են ավելի վնաս հասցնել, քան օգտակար գտնվել, բայց քաղաքական անտարբերությունն է՛լ ավելի վատ փաստ է: «Ժողովրդի իշխանությունը»՝ փակելով պողոտաներ, երեխայական հայհոյանքներով հանդես գալով ոստիկանության կամ կառավարության նկատմամբ թեթեւամտություն է: Սակայն այն իրականությունը, որ այդքան շատ մարդ կա՝ այդքան շատ երիտասարդ, որոնք նեղությունն են քաշում փողոց դուրս գալու, ինչ-որ բանի համար իրենց ներկայությունն ապահովելու առ հասարակ խրախուսելի երեւույթ է:
Երկրորդ՝ լրատվության մատչելիությունը եւ տեղեկատվական տեխնոլոգիաները շատ առաջ են գնացել Հայաստանում: Հրաշալի է տեսնել այս դեպքերն առցանց՝ ուղիղ եթերով, մի քանի կայքեջերի միջոցով: Երկրի իրավիճակի մասին անընդհատ բողոքողները պետք է հասկանան, որ աշխարհի միայն փոքրամասնության մեջ կան նման հնարավորություններ եւ այսքան արդյունավետ են օգտագործվում: Իսկ որոշ տեղերում, որտեղ գոյություն ունեն այդ հնարավորությունները, կառավարությունը թույլ չի տալիս որ դրանքօգտագործվեն կամ ինքն իսկ բացառապես հսկում է դրանց:
Թե այս իրադրությունը ինչ սցենարով է վերջանալու, մնում է անհայտ: Ինչպես էլ վերջը գտնի, անսպասելի է որ սա վերջին նմուշը լինի Հայաստանի ժողովրդի փողոց դուրս գալուն՝ այն զգացմունքներն արտահայտելու, որոնք պետք է քվեատուփում իրենց պատշաճ արտահայտությունը գտնեն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել