
Անդրիաս Ղուկասյան. «Բարձրագույն պաշտոնյաները մտել են ընդհատակ»
«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունից Անդրիաս Ղուկասյանը գտնում է, որ Սերժ Սարգսյանը պետք է գա ու քաղաքացիների հետ բաց խոսի կուտակված խնդիրների շուրջ:
Ղուկասյանը մեզ հետ զրույցում զարմանք հայտնեց, որ այս օրերի ընթացքում Սերժ Սարգսյանը չի գումարել Անվտանգության խորհրդի նիստ, չի ստեղծել իրավիճակը կարգավորելու օպերատիվ շտաբ:
«Բարձրագույն պաշտոնյաները մտել են ընդհատակ: Պետության միակ պաշտոնական ներկայացուցիչը, որն այսօր շփվում է ժողովրդի հետ, ոստիկանության ծառայողն է, որի գործողությունները ոչ մի բանով սահմանափակված չեն: Այս պահին երաշխավորված չեն մարդու կյանքի, ազատության, արժանապատվության անձեռնմխելիության իրավունքները: Սերժ Սարգսյանը պաշտոնը ստանձնելիս երդվել է հարգել մարդու իրավունքները, և նա պարտադրված է հիմա լինել այստեղ ու քաղաքացիներին բացատրություններ տալ, թե ինչ է կատարվում մեր երկրոմ, ինչու հասանք այս օրին, ինչու է երկիրը կանգնած ներքին բախման առաջ: Նա պիտի տա բացատրություն, թե ինչու չի ապահովում Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների իրագործումը, ինչպես ստացվեց, որ ոստիկանությունն ինչ ուզում, անում է»,- «Հետք»-ին ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Մեկնաբանել