
Լրագրողը հանցագործության մասին հաղորդում է տվել
Քիչ առաջ iravaban.net լրատվամիջոցի լրագրող Գևորգ Թոսունյանն իր փաստաբան Արա Կարագյոզյանի հետ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանության Էրեբունու բաժնում:
Ավելի վաղ «Հետքը» տեղեկացրել էր, որ այս գիշեր բռնություն է կիրառվել լրագրող Գևորգ Թոսունյանի նկատմամբ, ով իր մասնագիտական պարտականությունն է կատարելիս եղել Խորենացի փողոցում: Նրան ծեծողները եղել են քաղաքացիական հագուստով:
«Իհարկե, մամուլի հաղորդումների հիման վրա պարտավոր էին քրեական գործ հարուցել լրագրող Գևորգ Թոսունյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ, բայց մենք ամեն դեպքում որոշեցինք հանցագործության մասին հաղորդում տալ»,- «Հետքին» հայտնեց փաստաբան Ա. Կարագյոզյանը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ Գևորգ Թոսունյանը բացատրություն է տվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստաբանի փոխանցմամբ` իրենք արդեն եղել են նաև դատաբժշկի մոտ: Արձանագրվել է, որ լրագրողի մարմնի վրա առկա են քերծվածքներ ու կապտուկներ: «Գևորգին հոգեբանական ճնշման են ենթարկել ծեծողները, առկա է սթրեսային վիճակ, անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել լրագրողի նկատմամբ, ինչն անթույլատրելի է»,- ասաց Արա Կարագյոզյանը:
Լուսանկարը` Գևորգ Թոսունյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել