
Ժիրայր Սեֆիլյանին արգելել են տեսակցել կնոջը
Այսօր Նանոր Սեֆիլյանին արգելել են տեսնել ամուսնուն` Ժիրայր Սեֆիլյանին: Այս մասին քիչ առաջ «Հետք»-ին հայտնեցին «Նոր Հայաստան» շարժումից:
«Հետքը» զրուցեց Նանոր Սեֆիլյանի հետ: «Երեկ Ժիրայրի փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ, ճիշտ է, արգելանք է դրվել Ժիրայրի տեսակցությունների վրա, բայց ընտանիքի անդամների հետ կարող է հանդիպել: Ես էլ գնացի «Վարդաշեն», բայց ասացին, որ չեմ կարող տեսնել ամուսնուս»,-պատմեց Նանոր Սեֆիլյանը` նշելով, որ մինչ այդ ամսական երկու անգամ մեկժամյա տեսակցություն է ունեցել ամուսնու հետ: Նա նշեց, որ հինգշաբթի օրվանից չի կարողացել նաև հեռախոսով խոսել ամուսնու հետ. «Կարծում եմ` արգելանք կա նաև հեռախոսազանգերի վրա: Ամեն ինչ անում են, որ ինֆորմացիոն բլոկադայի մեջ պահեն Ժիրայրին»:
Նանոր Սեֆիլյանը պատմեց նաեւ, որ այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ի դիմաց ավտոմատավոր աշխատակիցներ է տեսել: «Բերդի դրսի դռները միշտ բաց էին լինում, բայց այսօր փակ էին, երկու ավտոմատավորներ էլ կանգնած էին դիմացը»,-ասաց Նանոր Սեֆիլյանը:
Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանի տեսակցությունների արգելքը սահմանվել է ՀԿԳ ավագ քննիչ Ամրամ Մագինյանի որոշմամբ:
Մեկնաբանել