
Ըստ Գուրգեն Խաչատրյանի՝ ԱՄՆ-ում միլիոնանոց տներ են գնել բիզնես խնայողություններով, փոխառություններով և վարկային միջոցներով
«Հետքի» հարցերին պատասխանում է «Յուքոմ» ընկերության խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը
-Պարոն Խաչատրյան, «Հետքը» հոդված է հրապարակել ԱՄՆ-ում իրականացրած Ձեր ու Ձեր եղբոր մի քանի գործարքների վերաբերյալ։ Այդ գործարքները, կարծես թե, գաղտնի էին մնացել, եւ առայսօր հայտնի չէր դրանց մասին․․․
-«Հետքում» հրապարակված հոդվածում առկա տեղեկատվությունը հասանելի է ցանկացած անձի, որևէ նոր տեղեկատվություն, ըստ էության, իր մեջ չի պարունակում: Նշված տեղեկատվությանը յուրաքանչյուր անձ կարող էր ծանոթանալ ԱՄՆ անշարժ գույքի շուկային առնչվող մասնագիտացված կայքերում՝ սկսած 2010 թվականից: Գործարքների հետ կապված բոլոր մանրամասները եղել են հրապարակային ու թափանցիկ, և դրանց վերաբերյալ մանրամասները կարող էին հրապարակվել նաև նախկինում:
-ԱՄՆ-ում անշարժ գույք ձեռք բերելը ի՞նչ նպատակ էր հետապնդում:
-Հոդվածում ներկայացված գործարքներն իմ և եղբորս կողմից իրականացվող տնտեսական գործունեության մի մասն են կազմում: Հոդվածում ներկայացված փաստերից ակնհայտ է, որ դրանք ընդամենը անշարժ գույքի առուվաճառքից եկամուտ ստանալու համար իրականացվող գործունեություն է: Բացի շահույթ ստանալուց այլ նպատակ գործարքները չեն հետապնդում:
-Այդ դեպքում որտեղի՞ց առաջին գործարքի, մեղմ ասած, ոչ փոքր գումարը:
-Ինչպես արդեն նշեցի, այդ գործարքները իմ, եղբորս և մեր գործընկերների տնտեսական գործունեության բաղկացուցիչ մասն է: Գործարքների հիմքում եղել են բիզնես խնայողություններ, փոխառություններ և վարկային միջոցներ: Միաժամանակ յուրաքանչյուր ոք գիտի, որ Միացյալ Նահանգներում նմանատիպ գործարքների ողջ ընթացքը մանրակրկիտ ուսումնասիրվում է համապատասխան մարմինների կողմից և կարող է իրականացվել միայն օրենքի տառին համապատասխանության դեպքում:
-Դուք նշեցիք, որ այս գործարքները ձեր բիզնեսի ընդամենը մի մասն են, իսկ որո՞նք են ձեր մյուս բիզնեսները:
-Ես շնորհակալ եմ հոդվածագրին, ով անդրադարձել է իմ և եղբորս հետ առնչություն ունեցող որոշ բիզնեսների, իսկ այդ բիզնեսների գործունեությանը մեր հասարակությունը ծանոթ է զանգվածային լրատվամիջոցներից և իրականացված բազմաթիվ սոցիալական ծրագրերից:
-Իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի այդ միլիոնների հասնող գործարքների փոխարեն համարժեք գործունեություն ծավալեիք Հայաստանում։
-Ես և եղբայրս երկար տարիներ շարունակ, զբաղվելով բիզնեսով, իրականացրել ենք բազմաթիվ սոցիալական ծրագրեր: Սակայն միշտ համարել ենք, որ սոցիալական ծրագրերը չի կարելի օգտագործել «Փիառ» նպատակով: Ներկայումս էլ նպատակահարմար չեմ համարում բացահայտել մեր կողմից իրականացված սոցիալական ծրագրերի ծավալն ու բովանդակությունը, սակայն, եթե անձամբ Ձեզ հետաքրքրում է, կարծում եմ կարող եք հետաքննել և պարզել, ինչ ենք արել և ներկայումս էլ շարունակում ենք անել թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում: Միայն կարող եմ ասել, որ այդ ծրագրերի ծավալները մշտապես համադրելի են եղել և կլինեն մեր բիզնես գործունեության արդյունքների, այդ թվում՝ ԱՄՆ-ում օրենքի տառին համապատասխան իրականացված՝ անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներից ստանալիք հնարավոր շահույթների հետ:
Լուսանկարում՝ Լոս Անջելեսի 530 South Mapleton Drive հասցեի առանձնատունը, որը Գուրգեն Խաչատրյանը ձեռք է բերել 14,4 մլն դոլարով (Գ. Խաչատրյանի լուսանկարը՝ wnews.am-ից)
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել