
Մարզպետի հանձնարարությունը չի կատարվել
Սահմանամերձ Պրիվոլնոյե գնացող ճանապարհը չէինք գտնում: Ուռուտում հարցրինք ճանապարհը. «Ուղիղ գնացեք, բայց զգույշ կլինեք, մինչև կոկորդներդ հասնող փոսերի մեջ չընկնեք»,- զգուշացրեց մի տղամարդ:
Ուռուտ-Սվերդլով-Պրիվոլնոյե պետական սահմանահատվածի ճանապարհը մի կերպ հատեցինք: Չորս տարի առաջ ասֆալտապատվել է ճանապարհի Ստեփանավան-Ուռուտ հատվածը: Մնացած 11կմ երկարությամբ ճանապարհը մոռացության է մատնվել:
«Գյուղից 20 կմ էն կողմ թուրքերն են: Էս կողմը վրացական հայաբնակ Ախքյորփին է, էստեղից անտառով, եթե ուղիղ գնաս, սահմանը 10 կմ-ի վրա է: Մաքսատունը հենց գյուղի մեջ է»,- բացատրեց գյուղացիներից մեկը:
Մաքսատունը մի տնակ էր, որտեղ աշխատողների չհանդիպեցինք:
«Մի ժամանակ մեր գյուղում 401 տնտեսություն է եղել, հիմա գյուղում մնացել է 150 տնտեսություն»,- ասաց Գևորգ Մանուկյանը:
«Սովետի ժամանակ Պրիվոլնոյեում 800 աշխատող ձեռք է եղել՝ չհաշված երեխեքը: Գյուղի դպրոցը 250-300 աշակերտ ուներ»,- հավելեց Ժիրայր Կիրակոսյանը:
Տնօրեն Աննա Մաքսիմովնայից տեղեկացանք, որ ներկայումս Պրիվոլնոյեի միջնակարգ դպրոցում 130 աշակերտ է սովորում: Պրիվոլնոյեն իր անբարեկարգ փողոցներով, կիսաքանդ տներով ու չմշակված դաշտերով քաղաքակրթությունից հեռու, վաղնջական ժամանակների բնակավայր էր հիշեցնում:
«Մեր գյուղում շատ պրոբլեմներ կան: Առաջինը՝ ջուրը, 2-րդը՝ ճանապարհը: Ճանապարհները էս 20 տարի է ասում են` կսարքեն, ոչ մեկը ոչինչ չի ձեռնարկում: Պետք է ջրագիծը ջրի ակունքից միացնենք, գումար է պետք»,- բացատրեց Արայիկ Կիրակոսյանը:
Գևորգ Մանուկյանը մեզ ուղեկցեց «Չիրիմշա» հանդամաս՝ լեռնային աղբյուրներից սնվող գյուղի ջրամատակարարման բաց ակունքները և կիսաքանդ ջրհորները դիտելու: Ակունքի առվակի շրջակայքում արոտավայր էր: Մոտ 100 մետր ներքև խողովակով ջուրը գնում, լցվում էր ներքևի ջրամբարի մեջ ու այնտեղից տրվում գյուղին: Ջրհորները ռուսներն են սարքել:
«Ո՞վ կարա խանգարի անասունների էստեղից ջուր խմելուն: Վարար անձրևների հետ շրջակայքի ամբողջ կեղտը հոսում է խմելու ջրի մեջ: Ես էլ շշով ծորակից ջուր եմ լցրել ու տարել, դրել եմ մարզպետի սեղանին: Ասեց՝ էս ի՞նչ ջուր ա: Ասեցի՝ մեր խմելու ջուրն ա: Շշի տակ մոտ մի 20 սմ թրիք էր նստած»,- պատմեց Գևորգը:
«Ինձ որ մնա, գյուղի վիճակից մի բան էլ ա չեմ ասի: Նրա համար, որ անտերուդուրս գյուղա: Վսյո: Էսա, նայի, թրիքը քթիս տակին ա, չեն մաքրում, էսքան տեղն էլ ես եմ ավլում ամեն առավոտ: Ջուրը կարամ տանեմ ցույց տամ: Մեր ջուրը պիվի գույն ա: Պիվի տեղ կարող ենք ծախել»,- ասաց Գառնիկ Հայրապետյանը:
Պրիվոլնոյեն 1071,6 հա վարելահող ունի: Գյուղում ասացին, որ գյուղապետարանի հաշվեկշռում նստած միակ կոմբայնը չվերանորոգելու պատճառով հողը չի մշակվում: Համայնքի ավագանին իր երկու՝ 20.03.2014թ. 07 և 22.09.2014թ. 17 որոշումներով գյուղի միակ կոմբայնը խոտանելու և մետաղի ջարդոն հանձնելու մասին որոշում է կայացրել` առանց գյուղացիներին տեղյակ պահելու:
«Ձեզ տասնյակ տներ կարող եմ ցույց տալ, որտեղ իմ պես մարդիկ իրենց երեխաներին մեծացրել են: Երեխաները բրախել, փախել են գյուղից: Ես 1991թ. տուն եմ սարքել` հավատալով, որ վաղը լավ կլինի: Օրերցօր գյուղը լրիվ քանդվեց: Ինչի համար եմ էս տունը սարքել, եթե սրա ապագան չկա, եթե էս գյուղին տեր չկա»,- դժգոհեց Գևորգ Մանուկյանը:
Պրիվոլնոյեն17 տարի ղեկավարել է գյուղապետ Վազգեն Սարուխանյանը: Գևորգ Մանուկյանը ավագանու նախկին անդամ է: Նրա ասելով` ազգային անվտանգության ծառայության Տաշիրի բաժանմունքի կողմից 2012-2013թթ. ուսումնասիրվել են համայնքի բյուջեի ծախսերը: 80 հատ թուղթ ԿԳԲ-ն ներկայացրեց գյուղացիներին, 80–ից 15-ի տակ եմ ես ստորագրել: Ավագանու 65 հատ որոշում իմ տեղը կեղծել են, 7 ավագանի ենք եղել, 5 հոգու տեղ 65 հատ որոշում կեղծել են: Ու ոչ մի գնահատական դրանք չստացան»,- պատմեց Գևորգ Մանուկյանը:
«Ես Ղարաբաղի պատերազմի չեմ մասնակցել, Ղարաբաղի տեղն էլ չգիտեմ: Պատերազմի տարիներին Չիտայում եմ ապրել: Գյուղապետ Վազգեն Սարուխանյանը ինձ ձևակերպել էր որպես 1994թ. Ղարաբաղի ազատամարտիկ, պատերազմի հաշմանդամ և իմ անունով օգնություն էր գրել, փողն ստացել ու դրել էր ջեբը: ԱԱԾ-ից եկան գյուղ, հարցրին՝ Ղարաբաղում եղե՞լ ես, պատերազմի հաշմանդամ ե՞ս: Այ մարդ, ասի, ես պատերազմում վաբշե չեմ եղել: Բայց պասպորտիս համարը չէր բռնում, պասպորտս փոխել էի: Իրենք հին պասպորտիս համարն էին գրել: Հետո գյուղապետ Վազգեն Սարուխանյանը ինձ ասաց` էդ փողով ցեմենտ է առել, որ գյուղապետարանը վերանորոգի»,- պատմեց Ավետիս Կիրակոսյանը:
Պրիվոլնոյեում մեզ հետ զրուցած գյուղացիներից մի քանիսն ասացին` հույս են ունեցել, որ Վ. Սարուխանյանին գործից հանելու են, սակայն նրանց ասելով՝ գյուղապետի յուրացումների գործը փակվել է տաշիրցի մեծահարուստ Կարեն Կարապետյանի միջնորդությամբ: Մեր կողմից ուսումնասիրված համայնքի ավագանու 2015թ. մարտի 25-ի 08 որոշումով Պրիվոլնոյեի բնակիչ Արթուր Առաքելյանի ուսման վարձի համար համայնքի բյուջեից հատկացվել է 60 հազար դրամ: Ավագանու 2014թ. հոկտեմբերի 3-ի թիվ 20 որոշումով` նույն Արթուր Առաքելյանին հատկացվել է 225 000 դրամ ուսման վարձ:
Պրիվոլնոյեից մեզ հայտնեցին, որ Արթուր Առաքելյանը համայնքի ավագանու անդամ Ալբերտ Առաքելյանի որդին է: Վերջին երկու տարիներին բացակայում է գյուղից: Ավագանու անդամ Ալբերտ Առաքելյանը գյուղապետի խնամին է:
«Առաջին հերթին ասեմ, որ վերջին մի քանի տարիներին մեր գյուղը ուշադրության չեն արժանացնում: Ուշադրություն չեն դարձրել նաև պատգամավորները: Ընտրությունների ժամանակ նրանք եկել են մեզ մոտ, մենք նրանց ասել ենք մեր ճանապարհների ծանր վիճակի մասին: Դա դժբախտություն է: Երբ անձրև չի լինում, մի կերպ կարելի է անցնել այդ ճանապարհով: Երբ անձրև է գալիս, ընդհանրապես հնարավոր չէ հատել այդ ճանապարհը: Խմելու մեր ջուրը սարսափելի է: Մեր ջուրը կեղտոտ է: Առաջին պատճառը, որ մեր գյուղը այսպիսի վիճակում է, մեր ճանապարհներն են»,- ասաց Աննա Մաքսիմովնան:
Նրա ասելով` գյուղապետ Վազգեն Սարուխանյանը իր աշխատանքում պետք է ավելի ակտիվ լինի: Պետք է հասկանա գյուղի խնդիրների համար որտեղ պետք է դիմել: «Ինձ թվում է՝ նա ավելի շատ զբաղվում է իր մասնավոր սեփականությամբ՝ անասնապահությամբ: Հավանաբար, դրա համար Վազգեն Սարուխանյանի ժամանակը չի հերիքում գյուղապետի իր գործով զբաղվելու»,- բացատրեց Աննա Մաքսիմովնան:
Տնօրենը գյուղապետի հետ խոսել է գյուղի վիճակի մասին: «Ասել եմ՝ մենք հարկեր ենք վճարում, հարկերի հաշվով պետք է բացատրություն տալ մարդկանց: Ես իրեն առաջարկել եմ դիտել գյուղի սանիտարական վիճակը: Երեխաները այս պայմաններում կհիվանդանան խոլերայով: Ոչ միայն ջրի պատճառով, մեր փողոցները կեղտոտ են»,-բացատրեց Աննա Մաքսիմովնան:
Գյուղի ֆուտբոլի դաշտում հանդիպեցի արդեն 7-րդ դասարանցի Պարգև Մանուկյանին: «Ես ֆուտբոլ եմ շատ սիրում»,- ասաց նա: Պարգևին հարցրի գյուղի հետ կապված իր երազանքի մասին: «Ես կուզենամ, որ մեր գյուղի բոլոր փողոցները լուսավորված լինեն: Մարզադպրոց չունենք: Առաջ մեր գյուղում կարատեի դպրոց է եղել: Կարատեիստ Գոռ Դոշոյանն էր պարապում: Գոռը իր ժամանակի հաշվին էր մեզ հետ կարատե պարապում: Հիմա Գոռը գնացել է բանակ, էլ մեզ հետ չի կարողանում պարապել: Ինքը ստեփանավանցի էր: Չէ, մենք գյուղում մարզվելու այլ հնարավորություններ չունենք»,- ասաց Պարգևը:
Գյուղի փողոցներից մեկում հանդիպեցի փոքրիկ Էրիկային: «Մանկապարտե՞զ ես գնում»,- հարցրի: «Չէ, մեր գյուղում մանկապարտեզ չկա»,- ասաց նա: «Ու՞ր են կորչում մեր վճարած հարկերի գումարները: Մենք ավտոմեքենայի տեխասմոտրի փող ենք տալիս, գույքահարկ ենք տալիս: Հստակ գրված է՝ գույքահարկը ճանապարհաշինության համար է: Երկու մեքենա ունեմ: Ու դրանց հարկն էլ քիչ չի: Մի քանի տարի առաջ ավտոմեքենաներիցս մեկի համար 150 հազար դրամ հարկ եմ վճարել: Հիմա ամեն տարի 90 հազար դրամ եմ մուծում գյուղապետարանի բյուջե: Ինչի՞ ճանապարհի մի հատ փոս չեն լցնում»,- ասում է Գ. Մանուկյանը:
Գյուղապետին չվստահելու պատճառով Պրիվոլնոյեի գյուղացիները հողի հարկ չեն վճարում: Գյուղապետարանի հաշվապահ Ալվարդ Սարգսյանի ասելով` համայնքի բյուջեն 48 միլիոն դրամի ապառքներ ունի: Գևորգ Մանուկյանը համայնքի բյուջեի թափանցիկ ծախսումների համար խնդրել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի միջամտությունը: «Մարզպետը գյուղապետ Վ. Սարուխանյանին հստակ հանձնարարություն տվեց: Ասաց՝ կվարտալը մեկ բաց ավագանու նիստ ես անում ու ժողովրդին բացատրում ես` ինչքան գումար է եկել, ինչ նպատակի ես ծախսել, որպեսզի ամեն հարկատու իմանա իր տված հարկերը ուր են գնացել»,- պատմեց Գ. Մանուկյանը: Մարզպետի հանձնարարությունը մնացել է հանձնարարություն:
Գյուղապետ Վազգեն Սարուխանյանին հանդիպելու համար մեկ ժամից ավել սպասեցինք գյուղապետարանի փակ դռների մոտ: Անցորդներից մեկը ասաց, որ գյուղապետարանը մինչև ժամը 12-ն է աշխատում: Պրիվոլնոյեյից դուրս գալիս տեղեկացա, որ գյուղապետը գյուղում է, խուսափել է հանդիպելուց:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել