
Կարմիր-Բլուրը՝ գերեզմանո՞ց
Ուրարտական Էրեբունի եւ Թեյշեբաինի (Կարմիր-Բլուր) քաղաք-ամրոցները, որոնց տարածքներից հայտնաբերված ազգային արժեքները զարդարում են Երեւանի եւ աշխարհի շատ թանգարաններ, ժամանակին ՀՀ կառավարության որոշումներով դարձել են արգելոց-թանգարաններ: Այդ տարածքների պահպանման եւ հետազոտման գործառույթները վերապահվել են ՀՀ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը:
Կարմիր-Բլուր արգելոց-թանգարանի տարածքը հարում է համանուն գերեզմանոցին, եւ, սկսած 1991-1992թթ. հնավայրը վերածվել է հողազավթումների եւ թաղումների դաշտի:
Էրեբունի թանգարանի տնօրեն Սուրեն Մալխասյանը մեր զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ հուշարձանի տարածքից, որը պահպանության գոտի է համարվում, մոտ 2 հա է զավթված, ուր եւ տեղի են ունեցել թաղումները: Նա կազմել է վերջին մի քանի տարվա հանգուցյալների ցուցակը, որոնց հուղարկավորությունը կատարվել է հողազավթված տարածքներում: Միայն 1991թ-ին այստեղ կատարվել է 31 թաղում, 2000թ.՝ 45, 2001թ.՝ 24, 2002թ.՝ 25 (ընդ որում՝ եւս 13 գերեզման առայժմ տապանաքար չունի): Արգելոցը ցանկապատված չէ, եւ այնտեղ անարգել մուտք են գործում հարակից գերեզմանոցի սպասարկող մեքենաները եւ տեխնիկան: Փաստորեն, թաղումները կատարվում են՝ խախտելով «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրերի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, ըստ որի, հուշարձանների պահպանության գոտիների տարածքներում հողային, շինարարական եւ այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաեւ տնտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազորված մարմնի թույլտվությամբ:
Արգելոց-թանգարանի տարածքում շրջագայելիս Էրեբունի թանգարանի Կարմիր-Բլուր մասնաճյուղի վարիչ Ալբերտ Մայիլյանը նկատեց, որ՝ «դամբարանադաշտը մեծ մասամբ պեղված չէ: Իսկ տարածքը համարվում է արգելավայր այնքան ժամանակ, քանի դեռ պեղումները չեն ավարտվել»: Անցյալ տարի (10.08.02թ.) Էրեբունի թանգարանի տնօրեն Ս.Մալխասյանը դիմել է Երեւանի քաղաքապետ Ռ. Նազարյանին, Երեւան քաղաքի դատախազ Հ. Բադալյանին, Երեւանի Շենգավիթի համայնքի ՆԳ բաժնի պետ Ն.Նազարյանին՝ թանգարանի տարածքի հողազավթումները կանխելու հույսով: Դիմել են նաեւ իրավապահ մարմիններին:
Թանգարանի տնօրինությունը 2002թ. հունիսի 1-ից զինված պահակներ է պահել գերեզմանին հարող տարածքում` հույս ունենալով, որ ոստիկանների ներկայությունը զերծ կպահի հուշարձանի տարածքը ոտնձգություններից: Սակայն թաղումները շարունակվել են անգամ տարածքը Շենգավիթի ՆԳ բաժնի պահպանության բաժնին հանձնելուց հետո:
Ալբերտ Մայիլյանի հավաստմամբ էլ՝ «վիճակը չի փոխվել նույնիսկ գերեզմանոցի տնօրեններին աշխատանքից ազատելու պարագայում, քանզի հողատարածքները զավթել են այնպիսի մարդիկ, որոնց դեմ ոչ ոք ոչինչ չի կարող անել: Նրանք փող եւ լծակներ ունեն»:
Ա.Մայիլյանը 20 տարի է, ինչ Էրեբունի թանգարանի Կարմիր-Բլուր մասնաճյուղի վարիչն է եւ հիշում է, որ երկու տասնամյակ առաջ թանգարանի տարածքն ամբողջությամբ կանաչապատ զբոսայգի է եղել: Այժմ այստեղ ոչ միայն թաղումներ են լինում, այլեւ առանձին անհատներ եւ կազմակերպություններ կենցաղային ու շինարարական աղբ են կուտակում: Մյուս կողմից էլ` թանգարանի աղյուսի հում պատերը տեղումների հետեւանքով քայքայվում եւ վերածվում են հողի:
Միակ հույսը մնում է Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագիրը, որում ներառված են նաեւ Էրեբունի, Կարմիր-Բլուր, Շենգավիթ թանգարանները: Նախատեսված է թանգարանների նոր շենք կառուցել Էրեբունիի եւ Կարմիր-Բլուրի համար:
Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանն էլ հավաստիացնում է, որ Լինսի հիմնադրամի ֆինանսավորմամբ Արգավանդի ճանապարհային հանգույցից մինչեւ Շիրակ փողոց պետք է մայրուղի կառուցվի: Ճանապարհն էլ անցնելու է պահպանության գոտու միջով: «Երբ ճանապարհը կառուցվի, հողազավթումներն էլ ինքնին կկանխվեն»,- ենթադրում է Կարո Այվազյանը:
Մեկնաբանել