
Գյումրին դիմավորում է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին
Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցվող պատարագին ներկա լինելու նպատակով հազարավոր մարդիկ ժամանել են Գյումրի:
Նախնական տվյալներով` պատարագին մասնակցելու հնարավորություն է ընձեռվելու 30 հազար հավատացյալի: Միայն 25 հազար մարդ դիմել էր հրավիրատոմս ստանալու համար: Հատուկ հրավիրված հյուրերի թիվը նշվում է մոտ 3 հազար:
Գյումրիի Վարդանանց հրապարակ մարդկանց մուտքը սկսվել է առավոտյան ժամը 7-ից: Ժամը 10-ի դրությամբ` դեռ շարունակվում է մարդկանց հոսքը, որը գնալով մեծանում է: Վարդանանց հրապարակ մուտքը հրավիրատոմսերով է: Նախատեսված երկու մուտքերի մոտ այս պահին մարդկանց կուտակումներ են. պատճառը փաստաթղթային ստուգումներն են: Ըստ վաղօրոք հաստատված արարողակարգի` հրավիրատոմսից զատ մարդիկ պետք է ներկայացնեն նաև անձը հաստատող փաստաթուղթ:
Ամբողջ գիշեր և առավոտյան ընթացքի մեջ գտնվող բեմի հավաքման ու հարդարման աշխատանքներն արդեն ավարտվել են: Հրապարակում տեղադրված նստարանները սահմանափակ են, ընդամենը` 1500 հատ և նախատեսված են հատկապես արտերկրից ժամանած հյուրերի, հաշմանդամություն ունեցող մարդկանց և պաշտոնյաների համար:
Նրանք, ովքեր չունեն հրավիրատոմս և չեն կարող մուտք գործել հրապարակ, հնարավորություն ունեն պատարագն ակնդրելու քաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրված մեծ էկրաններին:
Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել