
Կենտրոնի թաղապետարանի բուրժուական հաճույքները. բաժնի պետերին կնախանձեր անգամ Լոնդոնի քաղաքապետը
Մայիսի 27-ին, Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ասել էր, որ քաղաքապետարանը կրճատել է 26 ծառայողական ավտոմեքենա, որոնք սարքին և շահագործվող մեքենաներ են, սպասարկում են պաշտոնատար անձանց և ՓԲԸ-ների:
«Քաղաքապետարանում մշտապես ուշադրության կենտրոնում է եղել բյուջետային միջոցների խնայողությունը: Դա բխում է և համայնքի շահերից, և բյուջեի շահերից: Մեքենաները սարքին մեքենաներ են, որոնք սպասարկում են պաշտոնատար անձանց, ՓԲԸ-ների»,- նշել էր Երևանի փոխքաղաքապետը:
Թանկարժեք, անսարք ու չսպասարկվող
«Հետքը» գրավոր հարցման միջոցով Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացել է տեղեկանք, որտեղ նշված է, որ 26 տրանսպորտային միջոցներից 11-ը անսարք են, իսկ 7-ը չեն սպասարկվում:
Որոշ ավտոմեքենաներ գույքագրման պահին գտնվել են տարբեր վայրերում ու տարբեր վիճակում: Օրինակ` Էրեբունու կոմունալ բաժնի պետի ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենան, ըստ տեղեկանքի, գույքագրման պահին գտնվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում և չի շահագործվել:
Ավտոմեքենաներից 14-ը սպասարկել են վարչական շրջանների աշխատակազմերին, որոնց գնման համար տարբեր տարիների համայնքային բյուջեից ծախսվել է 177,3 միլիոն դրամ: Երևանի քաղաքապետարանի տարբեր կազմակերպությունների ավտոպարկերից կրճատվել է 12 տրանսպորտային միջոց՝ 38 միլիոն դրամ ընդհանուր արժեքով:
Կազմակերպություններին սպասարկող ամենաբարձր գին ունեցող ավտոմեքենան 2004 թվականին 6,5 միլիոն դրամով գնված ԳԱԶ-3102 մակնիշի ավտոմեքենա է, որը սպասարկել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ շինարարության բաժնի պետին: Այս կազմակերպությունից ընդհանուր առմամբ օտարվել է 5 ռուսական արտադրության ավտոմեքենա, որոնք չեն սպասարկվում:
30-40 միլիոնանոց մեքենաներ՝ բաժինների պետերին
Տարեթվով ամենահին ավտոմեքենան Էրեբունի վարչական շրջանի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնին սպասարկող GAZ-2410 է, որի համար ժամանակին վճարվել է 1,3 միլիոն դրամ:
Տրանսպորտային միջոցներից մի քանիսը, որոնք սպասարկել են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին, ժամանակին ձեռք են բերվել մեծ գումարներով:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ավտոպարկից կրճատվել է աշխատակազմին սպասարկող 21,6 միլիոն դրամ արժողությամբ, 2007 թվականի արտադրության Volkswagen Touareg-ը:
Կրճատվել է նաև Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնին ծառայող, 1998 թվականի Mercedes-Benz S 320 տրանսպորտային միջոց, որը 2006 թվականին գնվել է 13,5 միլիոն դրամով: Այս բաժինը 2016 թվականից ղեկավարում է Կարեն Խաչատրյանը՝ մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի երկու տեղակալներից մեկի՝ Միքայել Սամվելյանի ծառայողական Toyota Land Cruiser-ը նույնպես ընկել է կրճատման տակ: Այն գնվել է արտադրության տարում՝ 2004 թվականին, 22,2 միլիոն դրամով և աճուրդի կհանվի 7,6 միլիոն դրամ մեկնարկային արժեքով:
Կենտրոնի թաղապետի տեղակալ Միքայել Սամվելյանին սպասարկող Toyota Land Cruiser-ը
Օտարման ենթակա տրանսպորտային ավտոմեքենաներից ցանկում է նաեւ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին սպասարկող, 12,9 միլիոն դրամ արժողությամբ Toyota LC Prado-ն, արտադրությունը՝ 2008 թվականի: Այս բաժինը 2009 թվականից ղեկավարում է Սամվել Միքայելյանը:
12,9 միլիոնանոց այս ավտոմեքենան սպասարկում է Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման և հաշվառման բաժնի պետին
Կենտրոն վարչական շրջանի առեւտրի, սպասարկումների և գովազդի բաժնին սպասարկում է և 2008 թվականի արտադրության Mercedes-Benz R 350 L 4Matic, որը համայնքի բյուջեի վրա արժեցել է 30 միլիոն դրամ և հիմա նույնպես օտարման ենթակա է: Ըստ քաղաքապետարանի կողմից «Հետքին» տրամադրած տեղեկանքի՝ այս տրանսպորտային միջոցը վթարված է, սակայն հնարավոր է օգտագործել, գտնվում է Ավետիսյան փ. (Արաբկիր վարչական շրջան) հարակից ավտոտնակում:
Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմից մեզ հայտնեցին, որ ավտովթարը տեղի է ունեցել 2-3 տարի առաջ, և քանի որ վերանորոգման համար մեծ գումար է անհրաժեշտ, նախընտրել են ուղղակի այն կայանել քաղաքի ավտոտնակներից մեկում: Ավտոմեքենան վթարված վիճակում գնահատվել է 3,5 միլիոն դրամ:
Համայնքի բյուջեի վրա 30 միլիոն դրամ արժեցած Mercedes-Benz-ը մոտ 3 տարի է` լքված կայանված է Երևանի ավտոտնակներից մեկում (լուս.՝ գնահատող կազմակերպության)
Կրճատման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկում ամենաթանկարժեքը Կենտրոնի վարչական շրջանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Գայանե Օհանյանին սպասարկող Mercedes-Benz R 350 L 4Matic մակնիշի ավտոմեքենան է՝ 2003 թվականի արտադրության, որը հենց արտադրության տարում ձեռք է բերվել ոչ ավել, ոչ պակաս՝ 40 միլիոն դրամով (այսօրվա փոխարժեքով կազմում է մոտ 84 հազար ԱՄՆ դոլար): Այս մեքենան այսօր գնահատվել է 3,5 միլիոն դրամ(տես առաջին լուսանկարը):
Վերը նշված բոլոր թանկարժեք ավտոմեքենաները ձեռք են բերվել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ և թույլտվությամբ: 2002-2009 թվականներին հենց նա է եղել Կենտրոնի թաղապետը: Իհարկե միամտություն կլինի կարծել, թե իրադարձություններից անտեղյակ է եղել այդ տարիներին քաղաքապետի պաշտոնում պաշտոնավարած Երվանդ Զախարյանը:
Նշված տրանսպորտային միջոցները երևանցիների գրպանին թանկ են նստել ոչ միայն գնելիս: Դրանց սպասարկումը նույնպես բավականին մեծ ծախսեր է պահանջում: Կամո Արեյանը մայիսի 26-ի հայտնի զրույցում խոսելով նաեւ ներկայացուցչական ծախսերի մասին` ասել էր հետեւյալը. «Այո, մենք չենք թույլ տվել մեծ շռայլություններ: Այսուհետ էլ լինելու ենք զուսպ, բյուջեի հնարավորությունների սահմաններում, հավասարակշռված եւ արժանապատիվ»:
2003-2009 թվականներին, երբ Կենտրոնի թաղապետարանն իրականացրել է այս «հավասարակշռված և արժանապատիվ», «զուսպ» ծախսերը՝ գնելով բավականին թանկարժեք ավտոմեքենաներ, Կամո Արեյանը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն էր: 2003-2004 թվականներից այս կողմ համայնքի բյուջեից մեծ գումարներ են ուղղվել Կենտրոնի թաղապետարանի թանկարժեք ավտոմեքենաների սպասարկմանը, սակայն քաղաքապետարանը միայն հիմա է որոշել կրճատել դրանք:
Այս երկու ավտոմեքենաները միասին, համայնքի բյուջեի վրա արժեցել են 53 միլիոն դրամ
Ի դեպ, շահագործման ենթակա ավտոմեքենաներն այս օրերին շարունակում են սպասարկել պաշտոնատար անձանց, մինչեւ աճուրդը տեղի կունենա և դրանք կօտարվեն:
Արձանագրենք ևս երկու ուշագրավ փաստ. բուն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին սպասարկող որևէ ավտոմեքենա չի օտարվել: Իսկ վարչական շրջաններից այս առումով «կորուստ» են ունեցել Էրեբունին, Կենտրոնը, Նոր Նորքը, Շենգավիթը և Քանաքեռ-Զեյթունը: Այսինքն՝ հինգը՝ տասներկու վարչական շրջաններից:
Առաջին լուսանկարում` Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետին սպասարկող 40 միլիոնանոց Mercedes-ը
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել