
Հայաստանը` կոկաինի տարանցիկ երկիր. լեհ դատապարտյալը ներկայացրել է ձախողված թմրաբիզնեսի մանրամասները
Հայաստան շուրջ 13 կգ կոկաին ներկրած և «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված, ազգությամբ լեհ Ռաֆալ Զելբերտը առաջին ատյանի դատավճռով ազատազրկվել է 15 տարի ժամկետով: Ըստ դատական գործի` իրեղեն ապացույց ճանաչված և ոչնչացման ենթակա կոկաինը Զելբերտը ձեռք էր բերել Բրազիլիայից 18 հազար դոլարի դիմաց և վաճառելու նպատակով ցանկանում էր տեղափոխել եվրոպական երկրներ։
Ռաֆալ Զելբերտը Հայաստանում կալանքի մեջ է 2015թ. նոյեմբերից: Հիշեցնենք` Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նոյեմբերի 12-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալեցին նրան` Սան Պաուլո-Դուբայ-Երևան տարանցիկ չվերթով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափի` շուրջ 13 կգ կոկաին տեսակի թմրամիջոց Հայաստան տեղափոխելու համար:
Գործի նախաքննությունը վարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը: Դատաքննության ընթացքում 31-ամյա Ռաֆալ Զելբերտը իրեն լիովին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներում (ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ): Առաջին ատյանի դատարանի` 15 տարվա ազատազրկման դատավճիռը չի բողոքարկվել:
Ինտերպոլ. Զելբերտը թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող լեհական-նիգերիական կազմակերպության անդամ է
Գործով ապացույց են ճանաչվել «Ինտերպոլի» ազգային կենտրոնական բյուրոյի պետի երկու գրություններ: Դրանցով հաստատվել է, որ Ռ. Զելբերտը հանդիսացել է թմրանյութերի ապօրինի շրջանառությմաբ զբաղվող լեհական-նիգերիական կազմակերպության անդամ, որը գործունեություն է իրականցրել եվրոպական մի շարք երկրներում:
Ինտերպոլը տեղեկացրել է, որ 2011թ.-ին Զելբերտը ձերբակալվել է Մալթայում` Նիդեռլանդներից մոտ 400 գրամ «կոկաին» ներկրելու համար, և քրեական այս գործի շրջանակներում ազատազրկվել է չորս տարի վեց ամիս ժամկետով:
«Հետքը» գրել էր Ռաֆալ Զելբերտի` Մալթայում ունեցած քրեական պատմության մասին: Մալթայի դատական ակտերի ռեգիստրի տվյալներով` նա ազատազրկման էր դատապարտվել ոչ միայն կոկաինի ներկրման, այլև «դիազեպամ» տեսակի թմրանյութ պահելու մեղադրանքով: Զելբերտը Մալթայում բողոքարկել էր երկրի գլխավոր դատախազի` իր գործին վերաբերող որոշումն այն մասին, թե որ դատարանում այն պետք է քննվի, և ինչ պատիժ պետք է առաջադրվի: Նա դիմում-բողոքում նշել էր, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածը: Մալթայի սահմանադրական դատարանը բավարարել է նրա դիմումը: Իրավունքների համար պայքարի նույն ակտիվությունը չի նկատվում Հայաստանում` արդեն խոշոր չափերի թմրամիջոցների շրջանառության քրեական գործի շրջանակներում: Զելբերտի փաստաբան, հանրային պաշտպան Կարինե Խաչատրյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ նա ինքը չի ցանկացել բողոքարկել առաջին ատյանի դատավճիռը:
Կոկաինը կիլոգրամը պետք է գնվեր Բրազիլիայից 1000-2000 ԱՄՆ դոլարով, և վաճառվեր Եվրոպայում 35000-60000 եվրոյով
Զելբերտն իր ցուցմունքում նշել է, որ 2015 թվականին` Հոլանդիայում բնակվելու ընթացքում, ազգությամբ բրազիլացի ընկերոջից` Էմիլիո Պերեսից, տեղեկացել է, որ Բրազիլիայում բարձր որակի «կոկաին» տեսակի թմրամիջոցի 1 կիլոգրամի արժեքը 2000 ԱՄՆ դոլար է, իսկ ցածր որակինը` 1000 ԱՄՆ դոլար: Քանի որ Հոլանդիայում «կոկաինի» մեկ կիլոգրամն արժեր 35000-60000 եվրո, որոշել է մեկնել Բրազիլիա և իր հետ «կոկաին» տեղափոխել Հոլանդիա:
Ինչո՞ւ հենց Երևանով: Ցուցմունքում Զելբերտը պարզապես նշել է, որ «այդպես ավելի հարմար էր»: Պարզվում է նաև, որ ձերբակալության օրը Զելբերտն առաջին անգամ չէր ժամանում Երևան: Իր հիշելով` մայիս ամսին Բրազիլիայից ժամանել էր Երևան, օդանավակայանից դուրս եկել, ծխել ու հետո միանգամից գնել էր Երևան-Կիև-Պրահա չվերթի տոմս ու մոտ 2 ժամ հետո մեկնել է: Չի բացատրում, թե ինչն է եղել Երևանից անմիջապես Պրահա մեկնելու պատճառը:
Օգոստոս ամսին մեկնել է Բրազիլիա: Էմիլիո Պերեսի ծանոթներից ոմն Էնրիկեն իրեն բերել է 13 կգ բարձր որակի «կոկաին», որի դիմաց ինքը վճարել է 18000 ԱՄՆ դոլար: Դրանից հետո Զելբերտը Հայաստան է ժամանել Սան-Պաուլո-Դուբայ-Երևան չվերթով: Կոկաինը հաջող անցել է Սան Պաուլոն և Դուբայը: Ռաֆալ Զելբերտն իր ցուցմունքում մանրամասնում է, որ Սան Պաուլոյում և Դուբայում իր ուղեբեռի հետ որևէ խնդիր չի եղել, խոչընդոտները առաջացել են միայն Երևանում: Կոկաինը, ըստ ցուցմունքի, Երևանը շրջանցելու դեպքում պետք է հասներ Հոլանդիա, Դանիա և Նորվեգիա և վաճառվեր կգ-ն` նշված արժեքով:
Գործով վկա, «Վենեցիա պլազա» հյուրանոցի մենեջեր-ադմինիստարտոր Սվետլանա Նավասարդյանն ասել է, որ Զելբերտը հյուրանոցային սենյակի ամրագրումը կատարվել է booking.com կայքի միջոցով, Ռաֆալ Զելբերտին հյուրանոց չեն զանգել և հարցրել, նրա հետևից մարդ չի եկել: Ազատազրկման ձևով նշանակված պատիժը, համաձայն դատավճռի, Ռաֆալ Զելբերտը պետք է կրի Հայաստանում` արդարադատության նախարարության քրեակատարողական համապատասխան հիմնարկում:
Թե այժմ կոնկրետ որտեղ է Զելբերտը կրում պատիժը, փաստաբան Կարինե Խաչատրյանն ասաց` տեղյակ չէ: Դատաքննության փուլում, ըստ նրա, Զելբերտը ԱԱԾ-ից տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, ավարտից հետո չի հետաքրքրվել` նրան ուր են տեղափոխել, կամ արդյոք տեղափոխել են, որովհետև նշում է` դա արդեն իր գործառույթների մեջ չէր մտնում: Փաստաբանի խոսքով` Ռաֆալ Զելբերտը Հայաստանում ոչ ոք չունի:
Այս ընթացքում Զելբերտի գործով անընդհատ հետաքրքվում էր բարզիլուհի Մալիկա Աբուսենան: Նա Զելբերտի հետ ծանոթացել է Բրազիլիայում: Երբ Մալիկային տեղեկացրի դատավճռի մասին, նա գրառում կատարեց ուղղված Զելբերտին` հրապարակման նպատակով: Ներկայացնում ենք թարգմանությունը` առանց բովանդակային փոփոխության.
«Եթե ես նորից կարողանայի դեմառդեմ խոսել քեզ հետ… Այնքան տխուր է պատկերացնելը, որ այդ բոլոր տարիները դու անցկացնելու ես բանտում:
Նայիր քեզ. դու խոսում ես ավելի քան երեք լեզուներով, Եվրոպայի քաղաքացիություն ունես, բարետես, երիտասարդ տղամարդ ես, որ այնքան շատ հնարավորություններ ունի լավ կյանք ունենալու համար, ինչո՞ւ ես կործանում կյանքդ:
Գիտեմ, որ դու աթեիստ ես, բայց հավատա ինձ, Աստված գոյություն ունի և նա ուզում է, որ դու զղջաս և դառնաս նոր մարդ, որովհետև այն, ինչ դու անում ես, ոչ միայն հանցագործություն է, այլև մեղք` Աստծո դեմ:
Նա միշտ տալիս է նոր օր, հնարավորություն` նոր կյանք ունենալու ու ամեն ինչ վերսկսելու համար: Ես քո կողքին եմ ու երբեք չեմ թողնելու քեզ, և հենց հնարավոր լինի` կգամ Հայաստան այցելելու քեզ: Մալիկա Աբուսենա, 26 տարեկան, Լրագրության ֆակուլտետի ուսանող, Ռաֆալ Զելբերտի հարսնացու»:
Առաջին լուսանկարում` Ռաֆալ Զելբերտը` աջից
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել