
Ծիրանենու գաղտնիքը
«Դուդուկն այն միակ գործիքն է, որի նվագը ինձ ստիպում է լացել»: Այս տողերի հեղինակը աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն է: Ջիվան Գասպարյանի նվագը հայկական դուդուկը հասցրեց համաշխարհային ճանաչման: Եվ այսօր աշխարհն է լսում դուդուկի նվագը:
Դուդուկի հնագույն նմուշները հայտնաբերվել են Եգիպտոսում, Հին Հունաստանում 3500-4000 տարի առաջ: Հայտնի չէ, թե որ ազգն է ստեղծել դուդուկը: Սակայն հայտնի է, որ լավագույն դուդուկները հայերն են պատրաստում: Երբվանի՞ց են հայերը դուդուկ նվագում, ովքե՞ր են եղել առաջին հայ դուդուկահարները:
«Մեր պատմիչները՝ Մովսես Խորենացին, Փավստոս Բյուզանդը, պալատական նկարագրություններում գրել են նման նվագարանների գործածության մասին: Այդ տիպի երաժշտական գործիքների պատկերներ կան հին հայկական մանրանկարներում»,- ասում է Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող Հռիփսիմե Պիկիչյանը:
Դուդուկի մասին խոսելիս դուդուկագործ 55-ամյա Միշա Սադոեւն ասաց. «Մեր դուդուկն ուրիշ է, քանի որ ուրիշ է մեր հայկական ծիրանին»:
Ազգությամբ ասորի Մ. Սադոեւն արդեն 25 տարի դուդուկ է պատրաստում եւ նվագում: Նրա պատրաստած դուդուկներով նվագում են հայտնի երաժիշտներ: Միշայի պապերը 1800-ականների սկզբին Պարսկաստանից գաղթել են Հայաստան: Ապրել են Արտաշատում, հետո տեղափոխվել են Երեւան:
«Սկզբում եղեգից շվի էի սարքում, նվագում: Եղբայրս երաժիշտ էր: Ուզում էի նրան նմանվել: Մի օր ձեռքս մի հին դուդուկ ընկավ: Նվագում էի ու զգում, թե որքան հարազատ է ինձ այս գործիքը»,-պատմում է վարպետը: Հետո սովորել է զուռնա նվագել ու աշխատել է տարբեր համույթներում: Մի քանի տարի առաջ մրցանակ է ստացել Զուռնայի մրցույթում: Հետո սկսել է դուդուկ սարքել: 13 տեսակի (ըստ ձայնային հնչողության) են նրա դուդուկները: Ընտանիքը պահում է դուդուկ վաճառելով եւ նվագելով: Նվագում է հարսանիքներում, թաղումների ժամանակ: «Ես միշտ ուրախության համար եմ նվագել, բեմի վրա եմ եղել: Բայց հիմա փող աշխատելու համար թաղումների ժամանակ էլ եմ նվագում: Այլընտրանք չկա»,-ասում է նա:
Շատ է ճամփորդել, ծանոթացել այլազգի դուդուկահարների հետ: Ուսումնասիրել է նրանց դուդուկը եւ եկել համոզման, որ «աշխարհում չկա մի ժողովուրդ, որ հայի նման դուդուկ նվագի: Ես վստահ եմ, որ հայերն են ստեղծել այս «թավշյա» գործիքը»:
Պարզ կառուցվածք ունի դուդուկը: Բայց բոլորը չէ, որ գիտեն այս նվագարանի գաղտնիքը: «Ոչ մեկ չի ասի իր ձեռքի գաղտնիքը: Ամեն վարպետ յուրովի է դուդուկ կերտում»,-ասում է վարպետ Միշան:
Տարբեր փայտերից են դուդուկ սարքում՝ վայրի սալորենուց, տանձենուց, հոնի ծառից...: Վարպետ Միշայի ասելով՝ ծիրանենին յուրատեսակ խոնավություն ունի, դրա համար էլ «թավշյա» ձայն է հնչում նրանից պատրաստած դուդուկից:
Ծիրանենին դիմացկուն է, չի վնասվում անգամ քիմիական նյութերից, խոնավությունից: Դուդուկ սարքելու համար ամուր, կարծր փայտ է պետք: Ամենալավը դառը կորիզ ունեցող ծիրանի ծառն է. նրա փայտը շատ ամուր է:
Հիմնականում օգտագործում են ծառի բնի միջուկային մասը: Կտրատում են թաց փայտը, դնում ծածկի տակ: Պահում են նաեւ կարասներում, պարկերում: Մոտ մեկ տարի փայտը պետք է միջանցիկ քամու տակ լինի:
Այդ ընթացքում ոչնչանում են էթիլային յուղերը, փայտը «ուժասպառ» է լինում: Ու նոր միայն այդ փայտից պատրաստվում է դուդուկը: Հետո այն դում են կրի մեջ: Ամենավերջում ձեթ են քսում:
«Եւ այսպես, վարպետների շնորհիվ դուդուկից հնչում է հայի ձայնը, նրա ուրախությունը, ողբը, ոգին, ուժը...չէ~, սա հայի նվագարանն է»,- մրմնջում էր վարպետը:
Մեկնաբանել