
«Էրեխուցս հետո գիտեմ, որ հլը կյանքը կա»
Արփինե Մինասյան
«Մարզված, շատ կոփված տղա էր… Իմ էրեխուն ես միշտ պտի լուսավոր հիշեմ: Մենք չենք պատրաստե, որ գնա, զոհվի, պատրաստել ենք, որ անի էն, ինչ իրանից հասնում ա: Երբեք չեմ ասում, որ իմ տղեն գնաց, հանուն հայրենիքի զոհվավ, կռվի մեջ առանց զոհերի չի լինում, հիմի էտել իմ դառը ճակատագիրն էր, որ հենց իմ էրեխուն էդ փամփուշտը հասավ»,- ասում է մայիսի 11-ին Արցախում զոհված Արմենի հայրը՝ Հրայր Մարտիրոսյանը։
Արմենը 3 քույրերից հետո ծնողների միակ արու զավակն էր:
Սովորելով Գավառի տարածաշրջանի Գանձակ գյուղի միջնակարգ դպրոցում՝ ուսումը շարունակել էր Գավառի երաժշտական քոլեջի դաշնամուրային բաժնում:
19-ամյա զինծառայողը դաշնամուրի մոտ վերջին անգամ նվագել էր նախորդ տարվա մայիսին, երբ մի քանի օրով արձակուրդ էր եկել: Այժմ տան մի սենյակում դրված են փոշոտ դաշնամուրն ու ակորդեոնը: Արմենի սենյակն այժմ վերանորոգում են. նրա բոլոր պարգեւներն ու իրերը կտեղափոխեն այնտեղ:
«Մենք միշտ պատկերացնելու ենք, որ բանակից գալու է եւ իր սենյակն օգտագործելու է… Ինքը ավելի շատ երաժշտության մեջ էր ուզում խորանալ, երաժշտական քոլեջի ավարտական կուրսում էր սովորում»,-ասում է Հրայր Մարտիրոսյանը։ Նա պահարանից հանում է որդու ստացած մեդալներն ու պատվոգրերը։ Արմենը նաեւ սպորտով էր զբաղվում՝ կարատե մարզաձեւով: 58-ամյա Հրայրի պատմելով՝ որդին դպրոցում սիրում էր ֆիզկուլտուրա, ռազմագիտություն առարկաները:
«Բնության մեջ պատահական ոչինչ չի լինում, որովհետեւ էս ընտանիքից Հայրենական Մեծ պատերազմին Հրայրը 2 հորեղբայր ա կորցրել, եւ նրանց նամակներով Արմենը դաստիարակվել ա, որ առ այսօր պահպանվում են էս օջախում: Հայրենասիրական մի մեծ դպրոց էր անցել Արմենը: Պատահական չէր, որ նա առաջնագծում էր, որ հետախույզ էր»,-ասում է Գանձակ համայնքի ղեկավար Վանիկ Հարությունյանը:
«Արմենը երազում էր, որ իր ծնողների համար լավ ապագա ստեղծի: Ասում էր՝ աշխատենք տունը ավելի բարեկարգ դարձնենք, հետս ամեն ինչ արել ա, նույնիսկ Ռուսաստան ա էկել, աշխատել: Իրա ներկայությամբ մենք ոչ մի խնդրի դեմ չենք կանգնե: Էրեխուցս հետո գիտեմ, որ հլը կյանքը կա, ապրելու առիթ կա, 4 թոռնիկ ունեմ, 2-ն էլ մինչեւ նոր տարի կծնվեն: Իրանցն էլ պետք ա Արմենի ազնիվ ոգով դաստիարակենք»,- ասում է հայրը:
Մեկնաբանել