
Մանրամասներ Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատական նիստից (տեսանյութ)
Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, ազատազրկման 15 տարի ժամկետով վերջնական պատիժ սահամանեց Ախթալայի «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիայի նախագահ և համասեփականատեր, Ամերիկայի քաղաքացի Սերոբ Գորիոն Տեր-Պողոսյանի նկատմամբ:
Դատական նիստը դատարանում սովորականի նման սկսվեց ժամը 12-ին: Նիստի սկզբում Տեր-Պողոսյանի պաշտպաններ Տիգրան Սաֆարյանը և Գիվի Հովհաննիսյանը դատարանին ներկայացրին իրենց համար ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթեր:
«Բայց դատավարության մեջ ապացուցողական փաստաթղթեր ներկայացնելու պահը սահմանված է. դա պետք է արվի մինչև ճառերը: Ներկայացված այդ փաստաթղթերի որոշ մասը պաշտպանները ներկայացրել են սահմանված ժամկետի ընթացքում, և հիմա նրանք չեն կարող այլ ձևով դրանք ներկայացնել: Նրանք մի ապացույցի հետ կապված նաև լրացուցիչ ապացույց էին փորձում ներկայացնել»,- «Հետքին» հայտնեց մեղադրող Արամ Ամիրզադյանը:
Դատարանը 10 րոպեով խորհրդակցական սենյակ անցնելուց հետո մերժեց Տեր-Պողոսյանի պաշտպանների ներկայացրած փաստաթղթերի քննարկումը` պատճառաբանելով, որ դրանց մի մասն արդեն ներկայացված է դատարան, և դրանք բավարար են ապացուցողական գնահատվելու համար:
Պաշտպանները, այլ ելք չունենալով, անցան իրենց պաշտպանական ճառին, որը այնքան էլ երկար չտևեց: «Տեր-Պողոսյանի պաշտպանները դատաքննության հենց առաջին օրվանից փորձել են շեղել 139 հոդվածով մեղադրական կողմի տրված մեկնաբանությունները, փորձել են այն վերածել այլ մեղադրանքի` ՀՀ քրեական օրենսգրքի 140 հոդվածով: Իրենց պաշտպանական ճառում ամբաստանյալի պաշտպանները նույնպես փորձում էին այդ մարտավարությունն իրականացնել»,- ասաց Արամ Ամիրզադյանը:
Պաշտպանների ճառի ընթացքում մեղադրող Արամ Ամիրզադյանն օգտվել է ռեպլիկի իր իրավունքից: «Իմ ռեպլիկը վերաբերում էր պաշտպանների առանձին մեկնաբանություններին: Ես ևս մեկ անգամ հիշեցրի և վերլուծեցի առանձին ապացույցներ»,- ասաց մեղադրողը:
Ժամը 14:15-ին դատարանը հայտարարեց ընդմիջում մինչև ժանը 17:00-ն: Դատական ակտը դատավոր Մուշեղ Հարությունյանը հրապարակեց դռնբաց դահլիճում ժամը 17:30-ին: «…Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 357 և 375 հոդվածներով` դատարանը վճռեց. Սերոբ Գորիոն Տեր-Պողոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով և 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով դատարանը որոշեց Տեր-Պողոսյանին դատապարտել ազատազրկման 8 տարի ժամկետով: ՀՀ քր. օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով դատապարտել ազատազրկման 11 տարի ժամկետով: Այնուհետև, օգտվելով ՀՀ ՔՕ 66 հոդվածի կարգով, պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքներից, դատարանը վճռեց ՔՕ 139 հոդվածի 2-րդ մասով սահմանված 11 տարի ժամկետով պատժին գումարել ՔՕ 139 հոդված 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված 8 տարի ժամկետով պատժից 4 տարի և Սերոբ Տեր-Պողոսյանի համար վերջնական պատիժ սահմանել ազատազրկում` 15 տարի ժամկետով»:
Դատավորը հայտնեց, որ Տեր-Պողոսյանը ազատազրկման 15 տարի պատիժը կրելու է ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում` պատժի սկիզբը հաշվելով 2011թ.-ի փետրվարի 9-ից:
Դատարանը որոշեց իրեղեն ապացույցներ ճանաչված սկավառակները թողնել քրեական գործին կից:
Դատական նիստի ավարտից հետո Տեր-Պողոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը լրագրողներին հայտնեց, որ սահմանված ժամկետում դատարանի վճիռն իրենք կբողոքարկեն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:
Դատական նիստի ավարտին «Հետքի» հարցերին պատասխանեց ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ, մեղադրող Արամ Ամիրզադյանը:
Ինչպե ՞ս եք գնահատում այսօր դատավոր Մուշեղ Հարությունյանի հրապարակած` Սերոբ Տեր-Պողոսյանին 15 տարի ազատազրկման դատապարտելու մասին վճիռը:
Պետք է ասեմ` յուրաքանչյուր մեղադրող, ով գործ է ուղարկում դատարան և կազմում է մեղադրական եզրակացություն, դատարանում փորձություն է անցնում: Այս դատաքննությունը քնություն էր մեզ համար: Այսօրվա դատավճիռը գնահատական էր նաև մեր կատարած իրավական աշխատանքին, և Դուք ինքներդ էլ տեսաք, որ մեր նախաքննության արդյունքներով դատավորի կողմից տրվեց համաչափ պատիժ Սերոբ Տեր-Պողոսյանի կատարած արարքներին:
Դատարանի վճռից անմիջապես հետո Տեր-Պողոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հայտեց, որ դատարանի վճիռը սահմանված ժամկետում իրենց կողմից պետք է բողոքարկվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Ի ՞նչ կասեք այդ մասին:
Բնական են համարում, որ պաշտպանները վճիռը կբողոքարկեն վերաքննիչ քրեական դատարանում: Բայց ես նորից եմ ուզում ասել, որ դատարանի կողմից արդարացի վճիռ է կայացվել: Ուրիշ դատավճիռ չէր կարող լինել:
Որպես հայր, որպես իրավապահ, որպես մարդ և ՀՀ քաղաքացի` ի ՞նչ եք զգում այս պահին:
Ես այս պահին առաջին հերթին ցավում եմ, որ մեր երկրում նման բան է տեղի ունեցել: Սա պետք է տեղի չունենար: Բայց նաև հպարտ եմ այն առումով, որ օրենքի գերակայությունը, արդարությունը այստեղ վերականգնվեց, և արժանի պատիժ սահմանվեց Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ: Ես կուզենայի նաև նշել, որ սա միայն մեղադրողների բացահայտումը չէ: Սա նաև ամբողջ քննչական և օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող անձանց աշխատանքն է: Հատկապես կցանկանայի շեշտել քննիչ Գարիկ Վարդանյանի, Վահե Պապոյանի, քննչական վարչության պետ Մարուքյանի աշխատանքը: Ուզում եմ շեշտել հատկապես փորձագետներին, շնորհակալություն Ջավադյանին, որը կարողացավ վերականգնել կարևոր այդ ապացույցները:
Ես ուզում գնահատել նաև լրատվամիջոցների աշխատանքը` այս գործի հետ կապված: Հատկապես «Հետքի» աշխատանքները ես կցանկանայի շեշտել, և բոլոր լրատվամիջոցների: Բայց պետք է շեշտեմ, որ «Հետքը» ամենահետևողականն է եղել: Այդ հետևողական աշխատանքի արդյունքում է մեր հասարակությունը տեղեկացվել փակ դռների հետևում իրականացվող դատաքննության մասին: Ես տեղյակ եմ, որ դուք տեղյակ եք եղել շատ տխուր փաստերի մասին, սակայն ձեր հրապարակումներում զուսպ եք եղել` տուժողների շահերից ելնելով: Ես կարծում եմ` դա ճիշտ է եղել:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել