
«Ոնց որ մի լուսավոր բան կա՝ հերոս է, հայրենիքիդ համար է, բայց մոր սրտին էդ ոչ մի բան»,- ասում է զոհված տանկիստի մայրը
Գայանե Սարգսյան
Մեծավանցի Արտակ Պետրոսյանի տանը մեզ դիմավորում է մայրը: Երկհարկանի տան առաջին հարկում Արտակի լուսանկարներն են՝ ժպտացող, կյանքով լի: Տիկին Լարիսան առաջարկում է բարձրանալ երկրորդ հարկ: Բակում աղավնիներ են: Արտակն է բանակ գնալուց առաջ բերել ու ի պահ տվել մորը:
«Ասեց՝ մամ ջան, դոյդոյներիս լավ կպահես, մինչև գամ: Ամեն զանգելով հարցնում էր՝ դոյդոյներս իմա՞լ են: Դոյդոյներիդ պահեցինք, քեզ չկարողացանք պահել»,- շշնջում է մայրը:
Նախասրահում, հյուրասենյակի պատին, ապակեպատ կահույքի բոլոր հնարավոր անկյուններում Արտակն է:
«Նկարները շուտվանից էի դրել, հենց բանակ ճանապարհելուց հետո: 5 ամիս երկու ախպերն էլ տանը չէին, ինքը զորակոչվել էր բանակ, իսկ ախպերն արդեն ծառայում էր: Անընդհատ խոսում էի իրանց հետ, լացում էի, բայց ոչ սենց, կարոտից…իսկ հիմա ուրիշ ա…»:
Որդու հետ զրույցը մայրը շարունակում է նաև այսօր: Երկհարկանի մեծ տան մեջ Արտակը մոր միակ շուրջօրյա զրուցակիցն է: Ամուսինն ու ավագ որդին՝ 20-ամյա Արմանը, օրեր առաջ մեկնել են Ռուսաստանի Դաշնություն:
«Ախպոր կորուստը շատ ծանր էր նրա համար, մինչև հիմա ուշքի չի գալիս, հերը տարել է, որ մի քիչ ցրվի, բայց իմա՞լ կեղնի»,- տարակուսում է մայրը:
Հյուրասենյակի սեղանի մի անկյունում արհեստական ծաղիկներից կախված փայտե խաչն աչք է ծակում: Խաչի կեսը չկա:
«Որ զորակոչվավ բանակ, ինքը վզին խաչ ուներ: Հետո, որ օտպուսկ եկավ, խաչի մեկ ճյուղը կոտրված էր: Ասեց՝ մամ, վզիս վրա ջարդվել է, որ երթաք եկեղեցի, կտանեք կդնեք էնտեղ: Որ արդեն պիտի հետ գնար, էս խաչը ախպերն է վիզը գցել: Ինքն էլ մի ճյուղի վրա իր անունի տառն է փորագրել, մյուսին՝ սիրած աղջկա: Ըշտե, էդ ժամանակ իրա վիզն ա եղել խաչը, մի ճյուղը կոտրվել է, իր անունինը, մյուսը՝ մնացել»,- պատմում է տիկին Լարիսան:
Խաչի կոտրվելը մայրը չգիտի՝ ճակատագի՞ր համարի, թե՞ պատահականություն: Արտակի սիրած աղջկա անվանատառը ցույց տալով՝ մայրաբար ասում է՝ իր համար էլ դժվար է:
Որդուն հարազատները վերջին անգամ տեսել են նախորդ տարվա դեկտեմբերին: Հունվարին տեսակցության է մեկնել հայրը:
Ամեն ինչով գոհացող Արտակը ծառայության ընթացքում ծնողներից շատ բան չի ուզել: Վերջին խնդրանքը եղել է բռնցքամարտիկի ձեռնոցները: Շատ էր ուզում մարզադահլիճում պարապել: Սակայն, տնեցիները չեն հասցրել ուղարկել: Որդուն բազմիցս հաղթանակներ պարգևած ձեռնոցներն այդպես էլ կախված են մնացել ննջասենյակի պատից:
Տանկիստ որդու հետ մայրն ամեն օր խոսել է հեռախոսով:
«Ապրիլի 1-ի իրիկունը որ զանգեց, կրակոցների ձայն կգար: Ամսի 2-ին առավոտ զանգեց, ասեց՝ մամա, կռիվը սկսվեց, մի ժամից մեզ կտանեն առաջին գիծ տանկերով: Ընթացքում զանգում էր: Մեկ էլ օրը կեսօրվան էլի զանգեց, ասի՝ Արտակ ջան, իմա՞լ ես, թե՝ մամա ջան, հլա սաղ եմ: Բայց չգիտեմ ինչի մեջ էր, ինչ կրակ էր, երևի ուժեղ մարտեր էին գնում: Էլ բան չասեցի: Մենակ ասում էինք՝ Արտակ ջան, աստված ձեր հետ էղնի: Ամսի 3-ին իրիկունը հոր հետ էր զրուցել, խրամատներում էին: Ասել էր՝ եթե երկու-երեք օր չզանգեմ, իմացեք, որ զարյադկա չունեմ: Ամսի 4-ին կնստեն տանկը, կերթան առաջ, կանցնին չեզոք գոտի: Հետո էլ թե ինչ է եղել, չգիտենք: Էլ չզանգեց…»:
Մեխանիկ-տանկիստին ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանը հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով:
«Հերոս է Արտակս, հերոսաբար զոհվել է: Ես կուզեի, որ հերոս լե չեղներ, բայց ինքը սաղ տուն գար: Մի կողմից՝ ոնց որ մի լուսավոր բան կա. հերոս է, հայրենիքիդ համար է, բայց մոր սրտին էդ ոչ մի բան,-մորմոքվում է մայրն ու հիշում՝ միայն Արտակը չի, էլի զոհեր ունենք,- շատ ափսոս մեր ջահել երեխեքը, որ էդման կզոհվին, ինչքան ապրելու տեղ ունեին, ինչքան երազանքներ ունեին, բայց ամենը կիսատ մնաց»:
Արտակի մեծագույն երազանքի մասին մայրը չի խոսում: Նրա փոխարեն այդ մասին ասում են որդու ընկերներն ու դասղեկը:
«Սիրած աջիկ ուներ, երազանքն էն էր, որ հետ գար, սիրած աղջկան հասներ: Մենակ դրա մասին էր երազում»,- ասում է մտերիմ ընկերն ու ազգականը՝ Արմենը:
Դասղեկ Արմենուհի Սիմիկյանն այսօրվա պես հիշում է՝ հարևան դպրոցում սովորող սիրած աղջկան տեսնելու համար Արտակն անընդհատ բացակայում էր «Վերջին զանգ»-ի փորձերից, իր ասելիք տեքստը չէր հասցնում վերցնել: Երբ մի օր վերջապես դիմում է դասղեկին՝ խնդրելով տալ իր տեքստը, վերջինս կատակում է՝ ասելիքդ գնա մյուս դպրոցից վերցրու:
«Վերջին զանգ»-ից տարիներ անց դասղեկը հիշում է Արտակի լուսավոր, անմեղ ժպիտն ու խոստովանում. «Այս օրերին ուսուցիչներով հաճախ ենք զրուցել Արտակի մասին, փորձել ենք հիշել ինչ-որ դեպք, երբ Արտակը բարկացրած, նեղացրած լինի ինչ-որ մեկին: Չենք հիշել: Նույնիսկ ամենաբարկացած պահերին,երբ նայում էի Արտակի դեմքին, բարկությունս իսպառ անցնում էր: Նրա անկեղծ ժպիտը ստիպում էր մոռանալ ամեն ինչ ու ներել՝ ինչ էլ եղած լիներ»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել