
«Գեւորս իր հերոսական մահով մեզ հետ բերեց հայրենիք»
Լայն ու անկեղծ ժպիտն այդպես էլ կմնա 19-ամյա գյումրեցի Գեւորգ Վարդանյանի այցեքարտը: Նա հերոսաբար զոհվեց ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը, հյուսիսային սահմանի Թալիշի հատվածում ընթացող մարտերի ժամանակ: Մարտեր, որի ժամանակ նահատակվեցին նաեւ Գեւորգի դասակի հրամանատար Հրաչ Գալստյանն ու վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանը:
«Շատ շփվող էր,-ասում է Գեւորգի հայրը՝ Գագիկ Վարդանյանը,-ուրախ, անմիջական բնավորություն ուներ: Ինքը վեց տարեկան էր, որ ընտանիքով տեղափոխվեցինք Ռուսաստան՝ Ալթայի երկրամաս: Որ զինակոչի տարինքն եկավ, ասեց՝ պապ, ես հետ եմ գնում Լեննական, որ բանակ գնամ: Օգոստոսի 17-ին լրանալու էր 18 տարին՝ էդ ամսին էլ եկավ Հայաստան, 2015 թ-ի հունվարի 24-ին զորակոչեցին: Գեւորգը հարթաթաթություն ուներ, ձեռքն էլ սպորտով զբաղվելու տարիներին երկու տեղով ջարդել էր: Իրան երկու անգամ զինկոմը բժշկական ստուգման էր ղրգել Երեւան, բայց վերջը տարան: Չնայած ինքը ջղայնացել էր էդ ստուգումներից: Հետն օր կխոսայի, կըսեր՝ մեկ է, բդի էրթամ»:
Տղան մայրենի լեզվով գրել-կարդալ չգիտեր, հայերեն հաղորդակցվում էր միայն բանավոր, սակայն երդման արարողության տեքստն անձամբ կարդալու ցանկությունը նրան դրդում է կարճ ժամանակում սովորել հայոց այբուբենը: Հայրն ասում է, որ Գեւորգը կարգապահ զինվոր է եղել, երկու անգամ արձակուրդ է եկել, պատվոգրեր է ստացել: Ծառայության այդ մեկ տարվա ընթացքում հորեղբոր ընտանիքը Գեւորգին փոխարինել է ՌԴ-ում գտնվող ծնողներին:
Գեւորգի մայրը՝ Շահանեն գրեթե չի խառնվում զրույցին: Նկատում եմ, թե ինչպես է պարբերաբար ցնցվում ուսերը տղայի մասին վերհուշի պատմությունները լսելիս: Արցունքները թաքցնում է՝ գլուխը ձեռքերի մեջ առնելով: Գեւորգին գրեթե տարի ու կես չտեսած ծնողները Հայաստան են գալիս ապրիլի 8-ին՝ տղայի մահվան լուրն իմանալուց պես: Ապրիլի 10 –ին տղայի դին հանձնում են հողին փակ դագաղով: Այդ օրը Գյումրիում հուղարկավորում են եւս երկու հերոսի՝ Հրաչ Գալստյանին եւ Տիգրան Աբգարյանին:
«Ինչ պատերազմը սկսվել էր՝ ինտերնետից պոկ չէինք գա, տնից էլ օր դուրս գուկայի գործի էրթալու՝ Շահանին կըսեի, օր լուր բաց չթողնի,-պատմում է Գագիկը,-ուղղակի չէինք պատկերացնե, օր բդի կորցնենք մեր մինուճարին: Գեւորս թաք տղա էր, մի հատ քուր ուներ»: Հովհաննեսը՝ Գեւորգի հորեղբոր տղան, հիշում է, որ վերջին անգամ զրուցել են ապրիլի 3-ին՝ ժամը 17-ի հատվածում: Գեւորգը զանգել եւ հայտնել է, որ զոհվել է իր մոտ ընկերը՝ Վլադիմիր Մելքոնյանը, խնդրել է Հովհաննեսին անպայման գնալ նրա թաղմանը: Դիպուկահարի կրակոցից զոհված Վլադիմիր Մելքոնյանին Գյումրիում հուղարկավորեցին ապրիլի 4-ին: Հովհաննեսը մասնակցում է Վլադիմիրի հուղարկավորությանը, իսկ հաջորդ օրը լսում Գեւորգի զոհվելու լուրը:
Գեւորգը գնդացրորդ է եղել: Ծառայությունից երբեք չի դժգոհել՝ միշտ ժպիտը դեմքին, մշտապես գոհունակություն է հայտնել թե ընկերներից, թե հրամանատարությունից: «Նոր երկու օր է կծառայեր, զանգել էր ընձի կըսեր, պա ջան, սաղ լավ է, սաղ ցենտր է՝ մնաց 363 օր: Ոչ մի օր բողոք չենք լսել: 2015թ.-ի սեպտեմբերին իրան երկրորդ անգամ էին արձակուրդ ուղարկել, բայց չիմացանք ինչի: Եկել 5 օր մնացել էր հորեղբորը տունը, հետո շուտ հետ էր գնացել, չնայած 7 օրով էին տուն թողել,-պատմում է հայրը,-հետո թաղման օրը, ինձ մոտեցավ Արսեն անունով մի տղա ու ասեց, գիտե՞ք, ես իմ կյանքով Գեւորգին եմ պարտական, ինքն անցած տարի դիվերսիայի ժամանակ կյանքս է փրկել: Ձեր տղեն հերոս է իսկական»:
Ապագայի բոլոր ծրագրերը օտար երկրի հետ կապած Վարդանյաններին հարազատ զավակի մահը վերջնականապես վերադարձրել է հայրենիք: Գագիկն ու Շահանեն 18-ամյա դստեր հետ ապրում են Գագիկի եղբոր տանը: Տվերի բարձրագույն հաստատության իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժնից Գեւորգի քույրը փաստաթղթերը վերցրել է եւ մտադիր է ուսումը շարունակել Հայաստանում: «Քանի որ կրթությունը աղջկաս ռուսերեն է, միակ տարբերակը Երեւանում Սլանովական համալսարան դիմելն է,-ասում է Գագիկը,-հիմի համ իրա կրթության մասին պիտի մտածենք, համ բնակարանի, համ աշխատանք գտնելու: Հետ ենք եկել ու հեչ բան չկա, բայց Ռուսաստան էլ չենք էրթա, որովհետեւ Գեւորիկս է ըստեղ»:
48-ամյա Գագիկը Ռուսաստանում զբաղվել է շինարարությամբ: Ներկայում առողջական խնդիրներ ունի՝ ողնաշարի ճողվածք եւ կարիք ունի վիրահատման: Մյուս առաջնահերթ ու հեռանկարում դեռ չուրվագծվող հարցը բնակարանի ձեռք բերումն է: «Մոլորվել մնացել ենք՝ մի կողմից երեխես պիտի Երեւան սովորի ու տան հարց կա, մյուս կողմից, եթե մենք էլ Գյումրի կմնանք՝ էլի տան հարց կա: Մենք հիմի եղբորս տան մեջ կապրինք, ժամանակին Գյումրուց գնացինք հենց տուն ու աշխատանք չունենալու պատճառով: Գեւորս իր հերոսական մահով մեզ հետ բերեց հայրենիք»:
Գագիկի միակ ցանկությունն է հանդիպել տղայի վաշտում ծառայող նրա զինակից ընկերներին, զրուցել ու գտնել գոնե մեկ ականատեսի, ով կպատեր Գեւորգի կյանքի վերջին ժամերի մասին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել