
«Թարմ» ծառայողական ավտոմեքենա՝ պատգամավորի ընկերությունից
Դատական դեպարտամենտն ապրիլի 1-ին պայմանագիր է կնքել «Մեգնա» ՍՊԸ-ի հետ և բյուջեի միջոցներով ձեռք բերել 2016 թ. արտադրության «Nissan X-Trail» մակնիշի ճապոնական արտադրության ավտոմեքենա: Պայմանագրի գինը կազմում է մոտ 15 մլն դրամ:
«Մեգնա» ՍՊԸ-ն պատկանում է Արծվիկ Մինասյանի փոխարեն խորհրդարան եկած, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարեն Շախմուրադյանի ընտանիքին: Նորաթուխ պատգամավորը «Մեգնա» ՍՊԸ-ում ունի 8.33 % բաժնեմաս: Նույնքան բաժնեմաս ունի նաև նրա եղբայրը՝ Աշոտ Շախմուրադյանը, ով նաև ընկերության տնօրենն է: Իսկ 83.34 %-ը պատկանում է նրանց մորը՝ Լուսյա Տեր-Սարգսյանին:
Կ. Շախմուրադյանը հերթական գործարար պատգամավորն է խորհրդարանում: Նա պատգամավորական լիազորությունները ստանձնել է մարտի 2-ին: Հենց այդ օրվա դրությամբ նրա եկամուտները կազմել են մոտ 8 մլն դրամ, որը գոյացել է բացառապես աշխատավարձից: Սակայն, զգալի չափերի են հասնում պատգամավորի կողմից տրված փոխառությունները՝ 153 մլն 471 հազար դրամ և 400 հազար դոլար:
Իսկ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Կարեն Շախմուրադյանի դրամական միջոցները կազմել են 25 մլն դրամ, 84 հազար դոլար և 7000 եվրո:
Մեկնաբանել