
Իտալիայից ժամանած քանդակագործները Շուշիում քանդակ են պատրաստելու ու նվիրելու քաղաքին
Ֆլորենցիայում բնկավող քանդակագործներ Վիգեն Ավետիսն ու Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, պոետ Մասսիմո Լիպպին քանդակ են նվիրելու Արցախին: Նրանք այսօր մեկնել են ԼՂՀ:
Մ. Լիպպին արդեն 5-րդ անգամ է լինելու Արցախում: Շուշիի մասին խոսելիս ասում է, որ այնտեղ հրեշտակների երկխոսությունն է լսում: «Ես եկել եմ՝ իմ կյանքը տալու ճշմարտության համար: Ճշմարտության համար եմ եկել: Իմ ձեռքերն արվեստի համար են եկել, սիրտս ու հոգիս՝ հայ ժողովրդի»,- ասում է նա:
Ծոցագրպանից հանում է նոթատետրն ու գրիչը, ինչ-որ գրառումներ անում: Պրոֆեսորի խոսքով՝ այսօր աշխարհում խաղաղություն չկա, պատերազմից պատերազմ անցումներ են: Ասում է, որ խաղաղությունը կորավ այն ժամանակ, երբ Կայենը Աբելին սպանեց:
«Իմ հայրենիքը նաև Հայաստանն է, ես նաև հայ եմ: Ես զգում եմ, որ իմ սիրելի ազգն այս պահին վտանգված է: Մի ազգ, որը մշակութային մեծ ներդրում ունի համաշխարհային պատմության մեջ: Եվ ես զգում եմ իմ եղբայրների կանչը, մարդկային և քրիստոնեական արժեքները»,- նշում է իտալացի քանդակագործը:
Ասում է՝ դուք 1900-ականներին արդեն 1,5 միլիոն մարդ եք կորցրել և այս մասին Հռոմի պապն էլ տեղյակ է պահել աշխարհին, ասել է, որ հայերը մարտիրոսացած ազգ են: Լիպպին նշում է, որ հիմա հայերը կրկին կանգնում են մարտիրոսանալու ճանապարհին: «Այսօր պատմական օր է, հետ գնալու ճանապարհ չկա: Ամբողջ աշխարհը կգնահատի ձեզ, ձեր մշակույթը, ձեր հայրենիքը,- շարունակում է նա, ապա ավելացնում,- եթե մոռանաք անցած արժեքները, կպարտվեք»:
Պրոֆեսոր Լիպպին կարծում է, որ հայերը նոր ժամանակի խաղաղություն ծնողներն են լինելու աշխարհում: Սա ասելուց հետո ժպտում է, հետո ասում՝ տես, թե ինչ լույսով է ողողված Երևանը, մարդիկ անցնում են՝ չնկատելով դա: Դարձյալ բացում է նոթատետրն ու շարունակում գրառումը: Նշում է, որ ինքը նաև մարդկության ցավերով ապրող պոետ է:
Վիգենը շարունակում է Մասիմո Լիպպիի խոսքը: Նա Շուշիում «Հակոբ Գյուրջյան» քանդակի միջազգային սիմպոզիումի հիմնադիր-նախագահն է: Սիմպոզիումն անցկացվել է 3 անգամ (առաջին անգամ՝ 2011-ին), որի արդյունքում քաղաքին նվիրել են 40 քանդակ:
Այս անգամ սիմպոզիումի ծրագրից դուրս Լիպպին, արցախցի քանդակագործ Արմեն Պետրոսյանն ու Վիգեն Ավետիսը մեկ քանդակ կանեն Շուշիի համար: Արմենն արդեն պատրաստել է քարերը, իսկ թե ինչ քանդակ կլինի, Վիգենն ասում է՝ իրավիճակը կհուշի, թե Արցախն այդ պահին ինչի կարիք կունենա:
Պատմում է, որ երբ 1992-ին Արցախ էր գնացել, այն ժամանակ էլ որոշել էր, որ Շուշիին քանդակներ է նվիրելու: Այն ժամանակ էլ ծնվել է սիմպոզիում է անցկացնելու միտքը:
«Այս պատերազմն արագացրեց ինչպես Արցախի ճանաչումը, այնպես էլ սիմպոզիումի կազմակերպումը»,- նշում է Վիգենը:
«Ժամանակը եկավ, ադրբեջանցիներն օգնեցին Արցախի ճանաչման վերջնական հարցը լուծելուն: Այսօր այն պահն է, որ համաշխարհային մակարդակով լուծվում է Արցախի ճանաչման խնդիրը»,- ասում է նա: Քանդակագործի կարծիքով՝ մինչև ապրիլի 1-ը Արցախի ճանաչման հարցը չէր բարձրացվում, իսկ դրանից հետո իրավիճակը փոխվել է:
«Այս անգամ գնում ենք ոչ միայն մեր արվեստը թողնենք, եթե Աստված կամենա, նաև մեր կյանքը թողնենք Արցախի ազատության համար: Մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանելու Արցախը»,- նշում է Վիգեն Ավետիսը:
Լուսանկարում ձախից՝ Վ. Ավետիսն ու Մ. Լիպպին
Մեկնաբանել