
Հարավային սահմանում զոհված Արման Անդրեասյանին հուղարկավորեցին Մեծ Մանթաշ գյուղում
Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում այսօր հողին հանձնեցին ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հարավային սահմանում զոհված 19-ամյա Արման Անդրեասյանին: Երիտասարդ հերոսին վերջին հրաժեշտը տալու համար եկել էր ողջ գյուղը:
Տղան անհետ կորածների ցուցակում էր: Անդրեասյանները մինչեւ ապրիլի 10-ը հույս ունեին, որ Արմանը՝ թեկուզ վիրավոր, սակայն ողջ է լինելու: Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում զոհված 18 հայորդիների մարմինները հայկական կողմին փոխանցելուց հետո պարզվել էր, որ նրանց թվում է նաեւ Արման Անդրեասյանը:
Մեծ Մանթաշի համայնքապետի տեղեկություններով՝ Արմանը գտնվել է այն վաշտում, որն առաջինն է իր վրա վերցրել թշնամու հարվածը: Բանակ զորկակոչվել էր 2014 թ.-ի հուվարին: Արմանը տան փոքրն էր, իրենից մեծ 4 եղբայրները հասցրել էին պարտքը կատարել հայրենիքի հանդեպ: Մեծ Մանթաշի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմանուշ Սարգսյանը Անդրեասյանների հարեւանուհին է: Արմանի մասին խոսում է ափսոսանքով, ասում է՝ շատ բարեհամբույր, սիրալիր, քաղցրալեզու երիտասարդ էր՝ մի «ջանին» հազար «ջանով» էր պատասխանում. «Մեր տեղեկություններով՝ շատ լավ զինծառայող էր ու մտադիր էր զորացրվելուց հետո էդ գծով շարունակելու: Միշտ ասում էր, որ տղան պիտի ծառայած լինի»:
Մեծ Մանթաշի համայնքապետի փոխանցմամբ՝ Մեծ Մանթաշից ներկայումս Արցախի սահմանները պահող 24 ժամկետային եւ 8 պայմանագրային զինծառայող ունեն: Եռաբլուրում ամփոփված ավագ լեյտենանտ Բենիամին (Մոնթե) Եղոյանը եւս ծնունդով Մեծ Մանթաշից էր: Գյուղում սպասում են լուրերի մեկ այլ անհետ կորած զինծառայողից՝ Արգիշտի Գաբոյանից, ում որոնողական աշխատանքները Թալիշում դեռ շարունակվում են:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել