
Երեքամյա Արենին վերադարձրել են մորը
Շողիկի խոշոր, թախծոտ աչքերը տեսնելու հնարավորությունից զրկված էի, սակայն խոսափողի մեջ հնչող ուրախ, գրեթե մանկական զրնգուն ձայնը միայն մի բան կարող էր փաստել` կատարվել էր մանկամարդ կնոջ ամենամեծ երազանքը:
Մեկ ժամ առաջ նախկին ամուսնու ծնողները Շողիկ Մարգարյանին էին վերադարձել նրա 3-ամյա որդուն` Արենին: Արտակ եւ Շողիկ Մարգարյանների ամուսնալուծությունից հետո նախկին ամուսինը խլել էր կնոջից երեխային եւ արգելել տեսակցել՝ պատճառաբանելով, թե վերջինս ունի հոգեկան խնդիրներ:
Հուսահատված կինը, տեսնելով, որ ամիսներ շարունակ ընտանիք վերադառնալու եւ համատեղ ապրելու իր ցանկությունը մերժվում է, դիմել էր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան` երեխայի բնակության վայրը վիճարկելու եւ ծնողական իրավունքներն իրականացնելու պահանջով: Շողիկ Մարգարյանի հայցն ընդդեմ Արտակ Մարգարյանի առաջին ատյանի դատարանը բավարարել էր, սակայն երեխան շարունակել էր բնակվել Արտակ Մարգարյանի ծնողների տանը:
Հեռախոսազրույցի ժամանակ Շողիկը, շնորհակալություն հայտնելով «Հետքի» հրապարակաման համար, ասաց, որ անչափ երջանիկ է եւ հիմա վայելում է մեկ ժամ առաջ իրեն վերադարձրած որդու ներկայությունը: Նաեւ հայտնեց, որ սկեսրայրը` Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, երեխային վերադաձնելիս հայտարարել է, որ այս ամենն այսպես չի թողնի, առաջին ատյանի դատարանի վճիռն իրենք վիճարկելու են վերաքննիչ դատարանում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել