
Բաղանիսի գյուղապետ. «Եթե ադրբեջանական 2 սահմանային հենակետերը վերացվեն, մեր բնակչությունը կարող է խաղաղ ապրել»
«Ի տարբերություն Արցախի` Տավուշի մարզի սահմանային գյուղերն ավելի մոտ են ադրբեջանական սահմանային հենակետերին: Մեր գյուղերն անմիջապես գտնվում են ադրբեջանցիների զբաղեցրած դիրքերի տակ: Կոնկրետ Բաղանիսին ադրբեջանական երկու` «Ուղտի մեջք» և «Նոր տարի» հենակետերն են սպառնում: Եթե այդ երկու հենակետերը վերացվեն, մեր բնակչությունը կարող է խաղաղ ապրել»,- ասում է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
Հակառակորդի «Ուխտի մեջք» և «Նոր տարի» դիրքերը տեղակայված են Բաղանիս և Ոսկեվան գյուղերին հանդիպակաց՝ հազիվ 1 կմ հեռավորության վրա գտնվող լեռների գագաթին: Բաղանիսի տների մեծ մասն ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ են: «Նոր տարի» ադրբեջանական դիրքից մի փոքր ներքև տեղակայված է նաև հայկական հենակետներից մեկը: Իրենց դիրքերով ադրբեջանցիները Արցախի պատերազմի 1994թ. հրադադարից հետո շարունակում են վերահսկել ոչ միայն Բաղանիսը, այլև Բաղանիսով անցնող միջպետական ճանապարհը:
Ապրիլի 6-ի երեկոյան՝ ժամը 10:00-ից 24:00-ը, ադրբեջանական այդ դիրքերից կրկին գնդակոծել են Բաղանիսը: «Եթե 1994թ. Ղարաբաղյան պատերազմի հրադադարից առաջ կամ գոնե հետո վերացվեին ադրբեջանական «Ուղտի մեջք» և «Նոր տարի» դիրքերը, մենք այսօր գնդակոծության թիրախում չէինք լինի: Մեր թիվ մեկ խնդիրը մեր բնակչության կյանքի անվտանգության ապահովումն է»,- ասաց Բաղանիսի գյուղապետը:
Գնդակոծությունների ժամանակ ինչպես սահմանային մյուս գյուղերը, բաղանիսցիները նույնպես պաշտպանվում են տարերայնորեն. «Բնակչության մոտ ռեֆլեքս է ձեռք բերվել, ամեն մեկն իր գլխի ճարը տեսնում է: Գյուղում ապաստարան չունենք, մասնավոր մարդիկ ամենքն իրենց համար սարքել են, բայց դպրոցի համար Կարմիր խաչի ֆինանսավորմամբ անցյալ տարի ենք կառուցել ապահով սենյակ, լուսամուտները փակել ենք և այլն: Եթե միայն մտածենք կրակելու մասին և ոչինչ չանենք, այդպես չի լինի: Մենք պետք է առաջ քայլենք»,-բացատրեց Ն. Սահակյանը:
Ապրիլի 6-ի գնդակոծության հաջորդ օրը Բաղանիսում հանգիստ վիճակ էր, թեև գյուղացիների մոտ դեռ չէին մարել գիշերային գնդակոծության տագնապները: Ն. Սահակյանի ասելով` ապրիլի 1-5-ը գյուղում հանգիստ է եղել: Ապրիլի 6-ի երեկոյան ադրբեջանցիները 12/7 տրամաչափի գնդացրից (ДШК) գնդակներ են ուղվել Բաղանիսի վրա: Գյուղապետը ցույց տվեց դրանցից 2-ը: «Այսօր են բերել գյուղացիները: Փառք Աստծո, երջանիկ պատահականությամբ տուժածներ և նյութական վնասներ չունենք»,- ասաց նա:
Գնդակոծությունը գիշերը դադարել է միայն հայ զինվորների պատասխան կրակից հետո: Մեր հարցին, թե, այնուամենայնիվ, պաշտպանության տեսանկյունից ինչ վիճակ է Բաղանիսում, գյուղապետը պատասխանեց. «Մենք մեր բանակին վստահում ենք»:
Այս տարվա փետրվարի 8-ից 12-ը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Բաղանիսում ստեղծվել է 81 գյուղացիներից կազմված զինվորական վաշտ, որը ներկայումս մասնակցում է գյուղի պաշտպանությանը: Բաղանիսում ապրում է 955 մարդ: Գյուղն ունի 262 տնտեսություն, 510 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ, 385 հա վարելահող, որից 120 հա-ն ադրբեջանական հենակետերի նշանառության տակ են: «Ջրագծեր ենք անցկացրել, ոռոգման ցանցը ընդլայնվել է, գյուղացիները կանոնավոր մշակում են իրենց հողերը: Որպես տեղական իշխանություն` մեզ պարտավորված ենք զգում գյուղացիների համար հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվելու համար ստեղծել պայմաններ»,- ասաց գյուղապետը: Նրա խոսքով՝ Բաղանիսի երիտասարդությունը չի հեռանում գյուղից:
Այսուհանդերձ, բաղանիսցիները ծայրահեղ աղքատ են: Արմեն Հարությունյանի ընտանիքը 8 անձից է կազմված: Ընտանիքը պահելու համար նա 8 օր առաջ մեկնել է Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաք՝ աշխատելու: «Տղես երկու ուսանող աղջիկ ունի Երևանում, ուսման վարձ են ուզում: Մեկի ուսման վարձը 400 հազար է, մյուսինը՝ 300 հազար դրամ: Գնացել էր աշխատելու, հիմա էլ ասում է՝ գործ չկա, հետ է գալիս: Ընդամենը 8 օր է, ինչ գնացել է»,- ասաց Արմենի մայրը՝ Վիկտորյա Հարությունյանը:
Գնդակոծությունից պաշտպանվելու համար Արմենը պատով փակել է իր լուսամուտները: «Կրակոցները կպչում են մեր պատուհաններին, բա ի՞նչ անենք: Տանիքն ամբողջությամբ շարքից հանել են»,- ասաց Արմենի կինը: Ընտանիքը գնդակոծության ժամանակ պատսպարվում է սեփական տան նկուղում: Արմենի 1-ին դասարանցի երկվորյակ տղաներից հատկապես Արգամը շատ է վախենում կրակոցներից:
Վիկտորյա Հարությունյանի ասելով՝ 8 անձից բաղկացած ընտանիքը գոյությունը պահում է Արգամի և Վանի նպաստով, մեկ էլ՝ իր 50 հազար դրամ թոշակով. «Ես էլ նեղանում եմ, ասում եմ՝ հիվանդ կնիկ եմ, ես խի՞ եմ իմ թոշակը ձեզ տալի: Հեսա, կուռս աշխատում չի, փող չունեմ, որ գնամ բժշկի: Նեղություն է առաջանում, էլի»,-դժգոհեց Վիկտորյան:
Բազմանդամ այս ընտանիքի վարելահողերը ադրբեջանցիների նշանառության տակ են: Անասնապահությամբ էլ առանփնապես չեն զբաղվում, ընդամենը երկու կով ունեն:
Գյուղամիջյան մթերային խանութի մոտ կանգնած Բաղանիսի տղամարդիկ ասացին, որ թաքնված են ապրում, հողն էլ չեն կարողանում մշակել:
Խանութի սեփականատեր Լենա Հարությունյանը դժգոհեց խանութի «նիսյայից. «1000-ից մի մարդ, որ կանխիկ է ապրանքը վերցնում: Գյուղը 2,5 մլն դրամ պարտք ունի մեր խանութին»,- հայտնեց Լենան:
«Ես մտածում եմ, որ ադրբեջանցիների «Ուղտի մեջք» և «Նոր տարի» սահմանային հենակետերի վերացման խնդիրը պետք է լուծվի: Դա Բաղանիսի անվտանգության միակ լուծումն է: Անցած գիշեր գյուղը նորից գնդակոծել են: Այդ կրակոցներով ընդամենը բնակչության նյարդերի հետ են խաղում: Դրանով ուզում են բնակչությանը հասցնել մի վիճակի, որ թողնեն գնան»,- հրաժեշտ տալիս ասաց գյուղապետ Նարեկ Սահակյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել