
Գյումրիում հողին հանձնեցին Թալիշում զոհված 19-ամյա Վիկտոր Յուզիխովիչին
Ապրիլի 10-ին նա կդառնար 19 տարեկան, սակայն զոհվեց Թալիշում՝ մինչեւ վերջ պայքարելով հակառակորդի դեմ: Վիկտոր Յուզիխովիչը բռնցքամարտիկ էր, նրան լավ ճանաչողներն ասում էին, որ պարտվել չէր սիրում: Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սան էր, 2011թ․ ապրլին դարձել էր Վանաձորում կայացած բռնցքամարտի ՀՀ պատանեկան առաջնության ոսկե մեդալակիր, 2011-ի հուլիսին՝ Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր, 2012 թ․-ին ՀՀ պատանեկան առաջնության ոսկե մեդալակիր էր, 2013թ․-ին՝ ՀՀ պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր: 2011 թ․-ին Վիկտոր Յուզիխովիչը Շիրակի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Ս. Բալասանյանի կողմից արժանացել էր մրցանակի:
Նրա մարզիչներն են պնդում՝ հրաշալի հեռանկար ունեցող մարզիկ էր, անգամ համոզել են, որ չգնա բանակ՝ մնա եւ շարունակի սպորտում ձեռք բերած հաջողությունները: Սակայն Վիկտորը հրաժարվել է՝ նշելով, որ տղամարդն անպայման պիտի բանակում ծառայի: Տղային ճանաչողները նրան բնութագրելիս նշում էին տարիքին ոչ բնորոշ լրջությունը, համեստությունը, նաեւ ֆիզիկական մեծ ուժը: Վիկտորի երազանքն եղել է բանակում հետախուզական խմբում ծառայելը:
Վիկտորը տան ավագն էր, բնակվում էր ծնողների, քրոջ եւ եղբոր հետ: Ընտանիքը սոցիալապես վատ պայմաններում է ապրում: Հայրը ՌԴ էր մեկնել արտագնա աշխատանքի, սակայն, լսելով որդու մահվան գույժը, վերադարձել է Հայաստան:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել