
«Դեմ-հանդիման հայտնվեցինք մեր բոլոր խնդիրների հետ»
«Հետքի» զրուցակիցն է քաղաքագետ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը:
- Հակամարտության սրման այս օրերին Հայաստանում ի՞նչ հարցեր դուրս մնացին ուշադրությունից:
- Ես ճիշտ հակառակը կասեի: Փոքր պատերազմի այս օրերին մենք դեմ-հանդիման հայտնվեցինք մեր բոլոր խնդիրների հետ: Որքան էլ ցինիկ չհնչի, մեզ ճակատագիրը նախազգուշացում ուղարկեց: Ամեն ինչ կարող էր ավելի վատ վերջանալ, եթե Ադրբեջանը իրական պատերազմ սկսեր: Իսկ լուրջ պատերազմ չսկսեց, որովհետև աշխարհաքաղաքական դասավորությունը դա դեռևս թույլ չի տալիս: Մենք պետք է քաջություն ունենանք իրականության աչքերին ուղիղ նայելու և կեղծ հայրենասիրություն չխաղանք, հակառակ դեպքում շատ վատ է լինելու: Մենք ետ ենք մնում բոլոր հարթություններում` տնտեսական, բարոյահոգեբանական, ռազմատեխնիկական, դեմոգրաֆիկական: Ցուցակը կարելի է երկար շարունակել: Մինչ Սերժ Սարգսյանը իշխանության վերարտադրության և կոռուպցիոն համակարգի կատարելագործմամբ էր զբաղված, Ադրբեջանը շատ լուրջ ռեֆորմացրել է իր բանակը և կարելի է ասել ժամանակակից բանակ է ստեղծել` հիմնված ժամանակակից ռազմական տեխնոլոգիաների վրա: Լուրջ դիվանագիտական կառույց է ստեղծել, կոմունիկացիաների ուղղությամբ համակարգված քայլեր է անում: Շատ հասկանալի միջազգային քաղաքականություն է վարում, որտեղ հստակ նշմարվում են իր մեծ և փոքր նպատակները, որոնց մասին Ալիևը հստակ արտահայտվում է: Մեծ նպատակի մեջ է մտնում Հայաստանի, այլ ոչ միայն Արցախի կործանումը, ինչի մասին հստակ բազմիցս ասում է: Իսկ ո՞րն է Հայաստանի նպատակները, անհասկանալի է:
- Պատերազմական դրությունը ներքաղաքական կյանքում փոփոխությունների ի՞նչ պահանջներ դրեց:
- Նախ մենք պետք է հասկանանք, թե ինչու հրադադարի այս քսան տարիների ընթացքում մենք նման հետընթաց ապրեցինք: Պատճառը մեր քաղաքական, տնտեսական, հանրային կյանքի դեգրադացիան էր, որն ունի հստակ պատճառներ:Հիմնական պատճառը բարոյական անկումն է և մտքի ամլությունը: Քաղաքական կյանքի հիմքում դրվեց ցանկացած եղանակով իշխանություն պահելը, որի հետևանքով հասարակության կրիմինալ հատվածը իշխանության եկավ: Այդ խավի կյանքի նպատակը հանրային և պետական բարիքների յուրացումն է, որի հիման վրա ձևավորվել է քաղաքական թիմ: Տնտեսության մոնոպոլիզացիայի հիմքում դրված է այն դոկտրինը, որ եթե որևէ բիզնես կառույց դուրս մնա իրենց վերահսկողությունից, այն կարող է վերաճել քաղաքական գործոնի: Դա տնտեսությունը ստագնացիայի տարավ: Բանակը թաղված է կոռուպցիայի մեջ: Դիվանագիտական կորպուսի առջև որևէ քաղաքական դոկտրին և նպատակ դրված չի, որի հետևանքով այն նույնպես բարոյազուրկ կառույցի է վերածվել, իր կամազուրկ նախարարով: Այսինքն ամեն ինչ թողնված է ինքնահոսի, որի արդյունքը, մեր պայմաններում, կարող է մի քանի օրվա պատերազմի հետևանքով պետության փլուզման բերել: Մյուս կողմից հասարակությունը չկարողացավ այլընտրանքային քաղաքական կառույցներ ձևավորել: Իրական ընտրությունների բացակայության պատճառով մյուս քաղաքական կառույցների գոյությունը դարձել է ինքնանպատակ, որը չէր կարող նրանց նույնպես չդեգրադացնել:
- Լուծումների իրատեսական ի՞նչ տարբերակներ կան, որոնք արժի քննարկել, քանի դեռ հարաբերական խաղաղություն է:
- Պարզ պատասխաններ չեն կարող լինել: Այն խնդիրները, որոնց մասին խոսեցի, պետք է իրենց լուծումները ստանան: Հանրությունը պետք է ինքը ձևավորի և որպես հետևանք վստահի իշխանությանը` այսինքն պետք է պետական կառավարման համակարգի ռեֆորմացիա: Ռազմական լայնամասշտաբ ռեֆորմներ են պետք, որը անհնար է առանց տնտեսական ռեֆորմների, որը իր հերթին անհնար է առանց քաղաքական ռեֆորմների: Ես չեմ կարծում, որ գործող իշխանությունը ինքը գնա ռեֆորմների, չեմ էլ կարծում, որ փողոցում կանգնած մարդիկ կարող են այլընտրանք հանդիսանալ այս համակարգին:
- Հայաստանի իշխող վարչակարգը օգուտ քաղեց ինչպես բանակի գործողությունների արդյունքից, այնպես էլ երկրի ներսում միախմբման հնարավորությունից: Սա նույն իշխանությո՞ւնը չէր, ինչ մինչև ապրիլի 2-ը: Ի՞նչ փոխվեց իշխանության հանդեպ տրամադրություններում:
- Ես հարցը ճիշտ չեմ հասկանում: Պատերազմական իրավիճակներում մենք պետք է համախմբվենք անգամ ամենավատ իշխանության շուրջը: Դա աքսիոմա է: Այստեղ երկու կարծիք չի կարող լինել: Այս առումով չեմ կարող դատել օգուտների մասին: Մեր նման երկրներում, որտեղ անվտանգության հարցը համար մեկն է, պետության ռեֆորմները պայմանավորված են անվտանգության հարցերով և բնականաբար առաջին հարցը ռազմական ռեֆորմներն են: Իշխանության մոտեցումների մեջ ինչ-որ բան փոխվել է, թե ոչ, չեմ կարող ասել, սակայն նրանց ինֆորմացիան ավելի մեծ է, և պետք է որ իրական վիճակի մասին ավելի լավ պատկերացումներ ունենան: Իսկ թե այնտեղ կգտնվեն մարդիկ, որոնք կհամարձակվեն Սերժ Սարգսյանի մոտ հարցադրումներ անել, կասկածում եմ:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել