
Մարտական գործողությունների ժամանակ վիրավորվածներն անհրաժեշտության դեպքում բուժում կստանան արտերկրում
Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե կառավարությունն ինչ ծրագիր է մշակում վերջին օրերին զոհվածների և վիրավորների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ զոհվածների և վիրավորների ընտանիքների անդամներն այս օրերին իրենց ուշադրության կենտրոնում են: Նրա խոսքերով՝ մարտական գործողությունների ժամանակ լինում են անվերադարձ և վերադարձվող կորուստներ: Ըստ նախարարի՝ վերադարձվողներն այն վիրավորներն են, ովքեր ապաքինվում են և հետ են վերադառնում մարտական գործողությունների:
«Վիրավորներից շատ-շատերը տրամադրված են և այն ոգևորությունն ունեն, որպեսզի հետ վերադառնան, նույնիսկ անդամահատված ոտքերով աջակից լինեն իրենց մարտական ընկերներին»,- ասաց նախարար Օհանյանը՝ հավելելով, որ նրանց օգնություն է տրամադրվում օրենսդրական ամբողջ փաթեթով:
Նախարարն ասաց, որ առաջին հերթին աշխատանքներ են տարվում նրանց արագ ոտքի կանգնեցնելու, բուժումը շարունակելու ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում վիրավոր զինծառայողները բուժումը կշարունակեն արտերկրում:
Սեյրան Օհանյանն ասաց, որ մեծ ուշադրության կենտրոնում են նաև զոհվածների ընտանիքները: Բացի հուղարկավորությունների, գերեզմանատեղի բարեկարգման աջակցություններից, ԼՂՀ պաշտպանության բանակը, կառավարությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, անհատ բարերարներ ևս աջակցություն են ցուցաբերում զոհվածների ընտանիքներին: Այդ աջակցությունները կրում են խիստ անհատականացված բնույթ:
Նախարարը տեղեկացրեց, որ 2015 թ. կեսերին ընդունվել է որոշում, ըստ որի՝ տրվող օգնությունները կրկնապատկվել են:
Մեկնաբանել