
Կոտայքի մարզպետն ու Եղվարդի քաղաքապետը կառավարություն չեն ներկայացրել քամուց տուժածի անունը
2015 թվականի նոյեմբերին ուժեղ քամիների պատճառով հանրապետության մի շարք համայնքերում փլուզումներ տեղի ունեցան: Կառավարությունը, բնակիչների վնասը փոխհատուցելու նպատակով, ընդունեց համապատասխան որոշում:
Նախատեսվեց կառավարության պահուստային ֆոնդից մարզպետարաններին հատկացնել ընդհանուր մոտ 730 միլիոն դրամ` քամուց տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած վնասը փոխհատուցելու համար:
«Հետք»-ին է դիմել Երևանի բնակիչ Վալյա Շտոյանը: Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի` նրա ընտանիքին պատկանող սեփական տան պարիսպը ևս փլուզվել է նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ուժեղ քամու պատճառով: Թեև Եղվարդի քաղաքապետարանը համապատասխան ակտով հաստատել է, որ փլուզման պատճառը քամին է, սակայն մինչ օրս չի տրամադրել կառավարության որոշմամբ սահմանված փոխհատուցումը:
Եղվարդի քաղաքապետարանը փոխհատուցման ակտը ժամանակին չի ներկայացրել մարզպետարան
Նոյեմբերի 15-ին, Վ. Շտոյանի ահազանգով, դեպքի վայրում արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներն արձանագրում են, որ փլուզումը տեղի է ունեցել քամու պատճառով:
Վնասի փոխհատուցումը հաշվարկելու համար Եղվարդի քաղաքապետարանի արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասը գնահատող հանձնաժողովը կազմում է համապատասխան ակտը: Փլուզումից օրեր անց` նոյեմբերի 18-ին, Եղվարդի քաղաքապետարանից զանգում են Վ. Շտոյանին և կանչում ստորագրելու այն: Վերջինս նշում է, որ միայն այդ ժամանակ է տեսնում, թե ինչ չափի վնաս է ներկայացված ակտում:
Քաղաքապետարանը կատարել է միայն նյութածախսի հաշվարկ, որն, ըստ ակտի, կազմել է 85,600 դրամ: Հաշվարկած չէ պարսպի վերականգման աշխատանքի արժեքը: Բացակայում են տվյալներ կոտրված 9 պտղատու ծառերի վերաբերյալ, որոնք առկա են արտակարգ իրավիճակների նախարարության կազմած արձանագրության մեջ:
![]() |
![]() |
![]() |
Պարիսպն ու ծառերը` փլուզումից առաջ և հետո
![]() |
![]() |
Թեև համաձայն չլինելով կատարված հաշվարկի հետ` Վ. Շտոյանը ստորագրում է ակտը` հույս ունենալով գոնե այդ գումարը ստանալ: Ակտը ստորագրելուց օրեր են անցնում, սակայն ոչ քաղաքապետարանից, ոչ էլ մարզպետարանից նրան չեն կանչում` փոխհատուցումը ստանալու:
Վ. Շտոյանը գրավոր հարցում է ուղարկում մարզպետարան: Մարզպետարանից նրա հարցումը մակագրում են Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանին, ապա վերջինից ստացած պարզաբանումներով պատասխանն ուղարկում Վ. Շտոյանին: Միայն այս պատասխանից հետո Վ. Շոտյանը պարզում է, որ իր ստորագրած ակտը չի ներկայացվել մարզպետարան:
Քաղաքապետը երկու պատճառ է ներկայացնում, երկուսն էլ` անհիմն
Մարզպետարանից քաղաքապետարան մակագրված հարցմանը քաղաքապետ Նորայր Սարգսյանը պատասխանում է, որ փլուզված բնակարանի սեփականատերը նախապես ընդգրկվել է քամու հետևանքներից տուժած բնակիչների` մարզպետարան ներկայացվելիք նախնական ցուցակում, սակայն վերջնական ցուցակներից նրան փոխհատուցելու համար կազմած ակտը դուրս է մնացել և չի ուղարկվել մարզպետարան երկու պատճառով:
Ներկայացրած պատճառներից մեկը, ըստ քաղաքապետի, Վ. Շտոյանի` ոստիկանության Նաիրիի բաժին փլուզմանը հաջորդիվ տրված հաղորդումն էր: Համաձայն այդ հաղորդման, ինչպես տեղեկացնում է քաղաքապետը, Վ. Շտոյանը կասկածում էր իր հարևանին դիտավորյալ կերպով պատը քանդելու մեջ, ինչը քննության կողմից հաստատվելու պարագայում չէր կարող դիտարկվել որպես բնական աղետի հետևանքով պատճառած վնաս:
Վ. Շտոյանը մանրամասնում է. դեռևս փլուզումից առաջ վեճ է ունեցել հարևանի հետ, ով իր տան պարսպին կպած շինություն էր կառուցել: Կասկածելով, որ հնարավոր է` պարիսպը փլուզված լինի ոչ թե քամուց, այլ հարևանի միջամտությամբ` պատի սեյսմակայունության խախտման հետևանքով, ահազանգել էր նաև ոստիկանություն:
Ոստիկանության Նաիրիի բաժինը այս դիմումի հիման վրա սկսել է ստուգումներ իրականացնել: Փաստաթղթերը, սակայն, ցույց են տալիս, որ քննությունը սկսվել է նոյեմբերի 14-ին և ավարտվել նոյեմբերի 17, այսինքն` կառավարության` փոխհատուցում տրամադրելու որոշումից երկու օր առաջ: Հետևաբար, մինչև կառավարության որոշումը կայացնելը, Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը տեղյակ է եղել, որ Վալյա Շտոյանը պետք է լիներ փոխհատուցում ստացող քաղաքացիների ցանկում: Ավելին, ոստիակնության քննության արդյունքներում, որը ստորագրված է նոյեմբերի 17-ին, գրված է, որ ակտը ուղարկվել է Կոտայքի մարզպետարան:
Ոստիկանության Նաիրիի բաժնի քննության արդյունքը.
«Ձեռք բերված տվյալների համաձայն Ձեզ պատկանող Եղվարդ քաղաքի Մ. Եղվարդեցու 4-րդ փողոցի 8-րդ հասցեի 25մ երկարության քարե մեկ տակ շարվածքով պարսպի փլուզման պատճառը եղել է բնական աղետը, որի վերաբերյալ Եղվարդ քաղաքի քաղաքապետարանի կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովը համապատասխան արձանագրություն է կազմել և ուղարկել Կոտայքի մարզպետարան»:
Քաղաքապետի ներկայացրած երկրորդ պատճառը: Նորայր Սարգսյանը մարզպետին տված պատասխանում գրում է, որ Վալյա Շտոյանի փոխհատուցման համար կազմված ակտը չէր համապատասխանում փոխհատուցման առաջ քաշած չափորոշիչներին: Քաղաքապետը պարզաբանում է. «Փոխհատուցման համար մեր կողմից մարզպետարան պետք է ուղարկվեին միայն վնասված տանիքների, դրանց մակերեսների և սեփականատերերի վերաբերյալ տվյալներ»:
Նշենք, որ կառավարության որոշման մեջ նման սահմանափակում չկա: Փոխհատուցումը տրամադրվում էր ոչ միայն վնասված տանիքների, այլև առհասարակ` վնասի համար:
Որտեղի՞ց է քաղաքապետ Նորայր Սարգսյանը ստացել միայն տանիքներին հասցված վնասի ակտերը կազմելու այս կարգադրությունը` անհայտ է, սակայն, պարզ է, որ մարզպետ Կարապետ Գուլոյանը այս ամենից տեղյակ է եղել:
Կառավարության որոշումից մոտ մեկուկես ամիս անց ևս մեկ դիմում ուղարկելուց հետո միայն, քաղապետը որոշում է «ֆինանսական օգնություն» տրամադրել Վալյա Շտոյանին: Գումարը սակայն ավելի քիչ էր, քան ներկայացված էր ակտում (70 հազար դրամ), և տրամադրվել էր ոչ թե կառավարության պահուստային ֆոնդի` փոխհատուցման համար տրամադրված գումարից, այլ համայնքի բյուջեի «Սոցիալական պաշտպանություն» ծրագրից:
Վալյա Շտոյանը պատրաստվում է դատարան դիմել
«Ես պարսպի վերականգման համար մոտ 1100 դոլարի ծախս եմ արել: Միայն բանվորներին աշխատանքի համար վճարել եմ 210 հազար դրամ»,- մեզ հետ զրույցում ասում է Վալյա Շտոյանը: Նա պատրաստվում է դատարանում ավարտել պատասխանատու մարմինների հետ արդեն չորրորդ ամիսը ձգվող պայքարը` վիճարկելով նաև ակտում հաշվարկված վնասի չափը:
Քաղաքապետարանն ու մարզպետարանը, ի պատասխան Վ. Շտոյանի հարցումների, չեն տրամադրել նաև փոխհատուցում ստացած անձանց ցանկը, ինչը ևս նա պատրաստվում է ձեռք բերել դատական կարգով:
Լուսանկարները տրամադրել է Վալյա Շտոյանը
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել