
Քանի մեքենա է ապահովագրված Հայաստանում և որքան է կազմում համակարգի վնասաբերության ցուցանիշը
Այս տարվա փետրվարի վերջի դրությամբ Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր ունի 435 հազ. 532 ամվտոմեքենա։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից։
Մեկ տարում (2015-ի փերտրվարի վերջի համեմատ)՝ ապահովագրված մեքենաների քանակը հանրապետությունում ավելացել է մոտ 6 հազարով։ Դրանք ապահովագրված են գործող 6 ապահովագրական ընկերություններում։ Եթե այդ ընկերություններին դասակարգենք ըստ ապահովագրված ավտոմեքենաների քանակի, ապա՝ առաջին տեղում «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն է, երկրորդում ՝ «Ինգո Արմենիա»-ն։ Եռյակը եզրափակում է «Նաիրի ինշուրանս»-ը։
Ապահովագրական ընկերությունների ակտիվությունը բնութագրող գլխավոր ցուցանիշը հաշվեգրված ապահովագրավճարների թիվն է։ Ընդհանուր առմամբ, հունվար-փետրվարին հաշվեգրվել է մոտ 4,558 մլրդ դրամ ապահովագրավճար, որի ավելի քան 30%-ը՝ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ում։ 2015 թվականի նույն ամիսների համեմատ ապահովագրավճարները նվազել են մոտ 409 մլն դրամով։
Փետրվար ամսվա համար ԱՊՊԱ համակարգում բավարարված դիմումների գծով հաճախորդներին վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 864 մլն դրամ։ Այս ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ 284 մլն դրամով աճել է։ Հատուցման միջին չափը կազմել է մոտ 196 հազար դրամ: Համեմատության համար՝ 2015-ի փետրվարին այն 215 հազ. դրամ է կազմել։
Ապահովագրողների բյուրոն ներկայացնում է նաև Հայաստանում ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը։ Եթե փորձենք հակիրճ բացատրել, ապա՝ այն ցույց է տալիս հաճախորդներին տրված փոխհատուցումների կշիռը հավաքագրված ապահովագրական վճարների կազմում: Դրա հաշվարկում Ավտոապահովագրողների բյուրոն հաշվի է առնում նաև այլ ցուցանիշներ։ Բյուրոյի «RL 1-009» կանոնում սահմանված է, որ ԱՊՊԱ սակագնի կառուցվածքում բեռնվածության չափը կազմում է 22-25%: Այստեղից հետևություն՝ համակարգի վնասաբերության ցուցանիշը համարվում է թույլատրելի, եթե այն չի գերազանցում 75-78%-ը։ Այս հունվարի դրությամբ հայաստանյան ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմել է մոտ 50%։ Դա նշանակում է, որ համակարգի վնասաբերության ցուցանիշը այժմ թույլատրելի մակարդակում է։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ համակարգն աշխատում է առանց վնասներ կրելու։ Բայց երկու ամիսը դեռևս բավարար չէ վնասաբերության ցուցանիշի վերաբերյալ պատկերացում կազմելու համար, քանի որ տարվա ընթացքում այն փոփոխվում է։ Որպես կանոն՝ համակարգի վերաբերյալ ավելի շատ բան է խոսում վնասաբերության տարեկան ցուցանիշը։ Այսպիսով, Հայաստանի ապահովագրողների բյուրոյի հաշվետվություններից տեղեկանում ենք, որ 2015-ի համար այն կազմել է 53%։ Համեմատության համար՝ 2014 թվականին կազմել է 62%, 2013-ին՝ մոտ 77%։ Դրանք ևս թույլատրելի միջակայքում են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հետք»-ն անդրադարձել է Հայաստանի ապահովագրական շուկային՝ ընկերություններին դիրքերին, վճարած հարկերին ու նրանց դեմ բողոքներին։
Մեկնաբանել