
Կին գործարար. «Հայ կանանց պետք է ներգրավել փոքր բիզնեսում, նրանք տղամարդկանցից զգուշավոր են ծախսում փողը»
Գործարար Կարինե Ղուկասյանի հետ հանդիպեցինք «Կոնվերս բանկի» Վանաձորի մասնաճյուղի մոտ: Նա ինձ առաջարկեց տեղափոխվել իր ավտոմեքենան՝ կաթնամթերքների արտադրության իր արտադրամաս գնալու համար: Նա մասնագիտությամբ ատամնաբույժ է: Հայրը՝ Նորիկ Ղուկասյանը եղել է Վանաձորի կարի ֆաբրիկայի տնօրեն, ղեկավարել է նաև շինարարական կազմակերպություն: Կարինեն ամուսնալուծված է: Նրա ամուսինը՝ Արթուրը 1997թ.-ին հայ շատ տղամարդկանց նման մեկնել է արտագնա աշխատանքի: «Էն վատ տարիներն էին, աշխատանքի պրոբլեմ կար, շատ տղամարդիկ իրենց հարմար աշխատանք չէին գտնում: Մենք՝ ընտանիքով որոշեցինք, որ նա գնա Մինսկ՝ աշխատելու»,- պատմում է Կարինեն: Մեկնելուց հետո ամուսինը մի քանի անգամ եկել-գնացել է: Մի օր էլ գնացել ու չի վերադարձել: Կարինեն ամուսնուց չի պահանջել տուն վերադառնալ, հասկացել է, որ այդ ցանկությունը պետք է թողնել նրան: Աղջկան՝ Նվարդին մենակ է մեծացրել: Նվարդը հիմա սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանում: Ատամնաբույժի աշխատանքին զուգահեռ Կարինեն 2000թ.-ին ստեղծել է իր «Կառա և Կարեն» ՍՊԸ-ն:
Կարենը եղբայրն է, ապրում է Մոսկվայում: Կաթնաթթվային մթերքների արտադրությամբ զբաղվելու գաղափարը Կարինեին հուշել են բժիշկ գործընկերները: «Կառա և Կարեն» ՍՊԸ-ն արդեն 16 տարի է՝ արտադրում է կաթնաթթվային լակտոբակտերիաներ և բիֆիդո բակտերիաներ պարունակող «Նարինե» մթերք, յոգուրդ, թան, քամած մածուն, կարագ, թթվասեր: Պանիրը նույնպես ընկերության հիմնական արտադրանքներից է, սակայն այն արտադրվում է հիմնականում ամռանը՝ կաթի յուղանության բարձր պարունակության դեպքում:
Ընկերությունը տարեկան ունի 15 մլն դրամ շրջանառություն: Այսուհանդերձ, 16 տարիների ընթացքում ընկերությունը փոքրից միջին ձեռնարկություն չի դարձել: Կարինե Ղուկասյանը դա համարում է Հայաստանի բիզնես ոլորտի խնդիրը: Ասում է, որ Հայաստանում փոքր ձեռնարկատերերին մատուցվող դժվարությունները իրեն հաջողվում է հաղթահարել միայն իր մտքի ճկունությամբ, գիտելիքներով և ոչ կոնֆլիկտային բնավորությամբ: Սկզբում Կարինեն կաթնամթերքների իր արտադրությունը կազմակերպել է Վանաձորի բժշկական քոլեջի վարձակալած սենյակներից մեկում: Հետո գնել է Վանաձորի Գրիգոր Լուսավորիչ 22 հասցեում գտնվող արտադրամասի նոր տարածք: «Ես լավատես և նախաձեռնող մարդ եմ, չեմ խուսափում ռիսկային գործոններից: Սիրում եմ իմ երկիրը, հավատում եմ, որ ապագայում լավ է լինելու: Նաև պայքարող և չկոտրվող մարդ եմ: Կարող եմ կռվել ցանկացած անարդարության դեմ»,- ասում է Կարինե Ղուկասյանը:
«Կառա և Կարեն» ՍՊԸ-ի արտադրամասում տեղադրված էին կաթնամթերքի արտադրության ժամանակակից սարքավորումներ: «Ես իմ բիզնեսը սկսել եմ ոչ թանկարժեք սարքավորումներով: Կաթի յուղայնությունը որոշելու համար մեր հին անալիզատորի մեջ լցնում էինք տարբեր թթուներ: Դրանով կաթի անալիզը բավականին բարդ պրոցես էր: Հիմա ունենք KLEBER-2 կաթի անալիզատոր, որը րոպեների ընթացքում որոշում է կաթի մեջ յուղի, սպիտակուցների, ջրի և մյուս բաղադրիչների պարունակությունները»,-պատմում է Կարինեն: KLEBER-2-ը 1000 դոլար արժողությամբ սարքավորում է: Նորագույն էր նաև արտադրամասի կարագհարիչը:
Կարինեի ասելով, մնացած սարքավորումների գինը 2000 դոլարից է սկսվում: Դա փոքր բիզնեսի համար մեծ գումար է: Արտադրամասում ապրանքատեսակները ենթարկվում էին ֆոլգայապատ թղթերով հերմետիկ փաթեթավորման: «Գնորդներն այսօր բավականին պահանջկոտ են մանկական սննդի սանիտարական վիճալի նկատմամբ: Հերմետիկ փաթեթավորումը պահանջվում է նաև պետության կողմից»,-բացատրեց նա:
Արտադրամասի տեխնոլոգ Վարսիկ Հակոբյանը «Նարինե» կաթնամթերքի և «Յոգուրտի» արտադրանքը տեղավորում էր արկղների մեջ՝ առաքելու համար: Վարսիկն ասաց, որ արդեն 12 տարի է՝ աշխատում է արտադրամասում: «Կառա և Կարեն» ՍՊԸ-ն ունի 12 աշխատող: Ընկերությունը արտադրանքը առաքում է Գյումրի, Իջևան, Ստեփանավան, Դիլիջան: Ապրանքը տալիս են դեղատներին, դպրոցներին, մանկատներին, հիվանդանոցային ճաշարաններին, ամռանը՝ նաև ճամբարներին: «Մեր արտադրած մթերքները բիոլոգիապես և օրգանական մաքուր մթերքներ են, մենք գունանյութեր և հավելանյութեր չենք օգտագործում: Այս տարի ունեցանք մեր մյուս պրոդուկտը՝յոգուրտը, որն ավելի հաջողակ է»,- ասում է Կարինեն: Յոգուրդը, ըստ արտադրողի, գնորդների կողմից գերազանց գնահատականների է արժանացել: Ամռան ամիսներին բաժակներով և շշերով արտադրում են նաև թան: Կարինեի խոսքերով, իրենց մոտ քամած մածունն է բավականին հաջող ստացվում, իսկ կաթի սերը ձեռնարկության լավագույն արտադատեսակներից է:
Քանի որ «Նարինե» կաթնամթերքը 1,5-2 տոկոս յուղայնություն է պարունակում, վերջինիս արտադրությունից գոյանում է հավելյալ կաթի սեր: Դրանից արտադրամասում պատրաստում են կարագ, որն անմիջապես սպառվում է: Կարագ արտադրում են այնքան, որքան գնորդները պատվիրում են: «Նարինե» կաթվաթթվային մթերքը շուկայում ունի իր հաստատուն գնորդները, բայց ընդլայնվելու տեղ չունի: Այդ պատճառով էլ ընկերությունը ջանում է արտադրել նոր ապրաքնատեսակներ:
«Կառա և Կարեն» ՍՊԸ-ի համար լուրջ խնդիրներ են առաջացել 2005թ.-ին, երբ խոշոր գործարարները մարզերում տեղադրել են մեծ սառնարաններ և կաթը սկսել են հավաքել բարձր գներով: Կարինեն հիշեց, թե ինչպես այդ ժամանակ Լոռու մարզում պանրագործական շատ փոքր ձեռնարկություններ փակվեցին: «Ես 2007թ.-ին գնեցի 7 կով, որպեսզի ունենամ իմ սեփական կաթի արտադրությունը: Կաթի գների շուկայի տատանումները հաղթահարել եմ սեփական կովերի հաշվին»,-բացատրեց նա: Այժմ ընկերությունն ունի 30 կով և մշակում է նաև իր կովերի արտադրած կաթը: Կարինե Ղուկասյանն ասում է, որ իր արտադրանքի պահպանության ժամկետը վստահություն է ներշնչում գնորդների մոտ:
«Կառա և Կարեն» ՍՊԸ-ն իր արտադրած կաթնամթերքների պահպանման համար սահմանել է 72 ժամ: Կարինեն ասում է, որ կանանց անպայման պետք է ներգրավել փոքր բիզնեսում: «Հայ կանայք տղամարդկանցից զգուշավոր են ծախսում փողը»,- ասում է Կարինեն։ Նա հավատացած է, որ կանայք կունենան մեծ հաջողություններ:
Մեկնաբանել