
Աքորեցի ֆերմեր. «Կառավարության տված նպաստը մեր ժողովրդի կյանքը դարձրեց ցիգանի կյանք
Մովսես Սիմոնյանը, ում Աքորի գյուղում Մոսո են ասում, աշխատելու համար վերջին անգամ 2015թ.-ին է գնացել Ռուսաստանի Դաշնություն: Ռուսական ռուբլու արժեզրկումից հետո, Մոսոն գերադասել է Աքորիում զբաղվել անասնապահությամբ: Աշխատելու ընթացքում էլ նկատել է, որ Լալվարի լանջերի Աքորիի «Գոմեր» հանդամասի արոտավայրերում անասնապահությամբ կարելի է հարստանալ: «Աշխատողը, որտեղ ասես աշխատում է»,-եզրահանգել է Մոսոն:
«Աքորիում, ովքեր փորձում են իրենց սոցիալական վիճակի լավացման համար զբաղվել գյուղատնտեսությամբ, ես իմ պարտքն եմ համարում աջակցել նրանց»,-ասում է գյուղապետ Հրահատ Սիմոնյանը: Տնտեսության ընդլայնման համար գյուղապետը գյուղի չօգտագործվող խոտհարքներից վարձակալությամբ 20 հա խոտհարք է տվել Մովսես Սիմոնյանին: «Անասնապահության իր եկամուտներով Մոսոն Աքորիում 2015թ.-ին իր տղայի համար թանկարժեք տուն է գնել»,- ուրախությամբ հայտնեց գյուղապետը:
«Ընտանիքդ անասնապահությամբ լավ պահում ես, չէ»,- հարցրի Մոսյին: «Կարամ արանքում մի երկու ընտանիք էլ պահեմ»,-կատակեց Մոսոն:
«Մի 150 ոչխար, 90 գառ, 30 խոշոր եղջերավոր անասուն ունեմ, որից 15-ը կթու կով է: Հինգ մայր խոզեր և 9 հատ էլ գոջիկներ ունեմ՝ դեռ հազիվ 10 օրական: Երկու հնդկահավ ունեմ: Հնդկահավերը նոր եմ ուզում բազմացնել: Հավեր չեմ կարողանում այստեղ բազմացնել՝ Լալվարի գլխին թառած արծիվները տանում են: Արծիվները այստեղ շատ են»,- պատմում է Մոսոն: Վերջինիս ասելով՝ այդ ամենը ստեղծվել է Ռուսաստանից իր ուղարկած փողով: Ամուսնու ուղարկած փողը կինը՝ Արմենուհին ու տղաները ոչ թե շռայլել, այլ ներդրել են անասնապահական տնտեսություն ստեղծելուն։ Հիմա Մոսոյի ֆերմերային տնտեսությունում աշխատում են ամբողջ ընտանիքով: Մոսոն այս տարի մոտ 30 գառան կորուստ է ունեցել:
«Լինում է ժամանակ, որ գառը այստեղ չի հասունանում, դա հաստատ անասունից չէ։ Գիտեք ոնց ա, եթե այսօր եղանակը վատ էր եղել, այստեղ մի քիչ կանգնելուց հետո Ձեր հագուստի գույնը անմիջապես կփոխվեր: Գործարանի գազն էստեղ շատ է գալիս: Մենք «Դարքա խաչ» հանդամաս ունենք, էդ տարածքում մեր արոտավայրը միշտ էլ թունավորված է եղել գործարանի արտանետումներից: Գործարանի տրուբեն էլ բարձրացրին, թունավոր ծուխը ավելի շատ է Աքորի գալիս: Բայց էլի ոչ մի բանով չեն օգնում, նույնիսկ գյուղի երեխեքին կաթ էին տալիս, էդ էլ վերացրին»,-դժգոհեց նա:
Դեռ երկու ամիս առաջ Մոսոն «Գոմեր» հանդամասում երկհարկանի գոմ է կառուցել: Գոմի 2-րդ հարկում իր մեկը-մեկից գեղեցիկ 90 գառներին է տեղավորել: Առաջին հարկում պահում է 30 խոշոր եղջրավորներին:
Հարևանի գոմում պահում է իր 150 ոչխարները: Մոսոյի ասելով, եթե երկրի վարկային պրոցեսները նորմալ լիներ, իր տնտեսությունը շատ ավելի մեծ կլիներ: Ասաց՝ բանկերին չի վստահում, բայց նկատում է, որ վարկով կարող էր իր տնտեսությունը ընդլայնել: «Ուզում եմ անասնագոմ սարքել, բայց ինչով սարքեմ: Էսա խոտհնձի ժամանակը գալիս է, մենք արդեն պետք է խոտհնձին պատրաստվենք: Խոտհնձի ծախսը շատ է լինում: Ես էսօր չգիտեմ՝ ինչ ծախեմ, որ սկսեմ իմ գոմի կառուցման աշխատանքը: Բայց ով էլ աշխատի՝ կստեղծի»,-ասում է Մոսոն: Մոսոյի 150 ոչխարներին ամեն օր արոտի են տանում նրա 6 շները՝ Ջիգիթ և Բասար գամփռների գլխավորությամբ: Շները էնպես են հսկում ոչխարին, որ հոտաղի կարիքը չի զգացվում: Հոտը նկարելու ժամանակ շները կանգնեցին հոտի առաջ և անթարթ հայացքով հետևում էին ինձ: Մոսոն իր փարախում շուն չի պահում: «Եթե այստեղ մի հատ էլ շուն թողնեի, մնացած շները ոչխարի հետ չէին գնա: Մեկը մնար՝ մնացածները պետք է ասեին՝ հո մենք հարիֆ չենք: Դա շների օրենքն է: Դրա համար առավոտը բոլորին ոչխարի հետ ուղարկում եմ: Նախ՝ շներին առավոտը լավ կեր եմ տալիս, հետո ոչխարին բաց թողնում»,-բացատրում է Մոսոն: Արմենուհին էլ ասում է, որ գիշերը 5 մայր խոզերին ու գոջիներին թողնում է դրսում՝գոմ չունենալու պատճառով: «Գելը մեր տարածքը չի գալիս»,-վստահեցրեց Մոսոն:
Հարցրի իր արտադրած գյուղատնտեսական մթերքների իրացման մասին: «Գիտեք ինչ, եթե գյուղացին կաթ է ստանում, նա պետք է չմտածի՝պանիր անի, թե ՝չանի: Պետք է կաթը վաճառի: Դա ժամանակի տնտեսում կլինի: Բայց, բոլոր դեպքերում, կաթից պանիր ենք պատրաստում և վաճառում»,-պատասխանեց նա: Կաթը աքորեցիներից հավաքում են լիտրը 120 դրամով: «Շուկայում կաթի գինը ավելի թանկ է»,- ասացի։ «Որ թանկ ա, ինչ անենք, մենք կարանք մեխի գլխին բռունցքով տանք»,-նեղսրտեց Մոսոն: Իրացման դժվարությունների հետ կապված ֆերմերն այլ բացատրություններ էլ ուներ:Նրա խոսքերով, այսօր աքորեցին այնքան աղքատ է, որ չի կարողանում կաթ առնել: Եթե գյուղացիների միջոցը լավանա, աքորեցի ֆերմերների արտադրած կաթը Մոսոյի ասելով՝ Աքորիին չի հերիքի:
«Հիմա բանջարեղենի ու կանաչու սեզոն է, մարդիկ հանդից քաղում, տանում՝ վաճառում են, էդ ժամանակ կաթ էլ են առնում»,- բացատրեց նա: Իր տնտեսությամբ Մոսոն փորձում է մի բան էլ համագյուղացիներին շահ բերի: Ինչ գնով Ալավերդու շուկայի մսավաճառները գալիս են իրենից միս ուզում, նա այդ գնից մի բան էլ էժան, իր գառան միսը ծախում է համագյուղացիներին:
Աքորին դժվարություններով է ապրում: Վարելահողերը քիչ են: Հիմնականում պետք է անասնապահությամբ զբաղվեն: «Ով աշխատասեր է, նա զբաղվում, ստեղծում է։ Ով էլ ՝չէ, նպաստ են ասում, կառավարությունը տալիս է, իբրև մարդիկ յոլա գնան: Մարդիկ էդ նպաստներով դարձան մուրացկան: Ճիշտ եմ ասում: Էդ նպաստը մեր ժողովրդի կյանքը դարձրեց ցիգանի կյանք: Նպաստի հույսով, չեն ուզում աշխատել: Ամեն տեղ էլ նույնն է»,-դժգոհեց Մոսոն և հավելեց, որ նպաստը միայն հաշմանդամներին և երեխաներին պետք է տալ: Արմենուհին և Մոսոն 4 երեխաներ ունեն՝ Արտակը, Վանիկը, Հռիփսիմեն և Անդրանիկը։ «Երեխաներս շատ են օգնում մեզ: Մենք ընտանիքով հասկացանք, որ աղքատությունը լավ բան չի: Ընտանիքով աշխատել և ստեղծել ենք: Որպես կին հանդում ինձ այնքան էլ լավ չեմ զգում, բայց այս ամենի լավն այն է, որ իմ երեխեքը սոված չեն»,- ասում է Արմենուհին:
«Աքորիում էլի կան գյուղացիներ, ովքեր լրջորեն զբաղվում են անասնապահությամբ՝ Նիազյան Միխիթարը, Պողոսյան Սամվելը, սարում հիմա մնացող ունենք՝ Էդիկ Ավետյանը: Շատ են անասնապահությամբ զբաղվողները: Եթե նախկինում մարդիկ ունեին 2-3 խոշոր եղջերավոր անասուն, վերջին տարիների նրանք անասունների թիվը մինչև 10-ի են հասցրել: Գյուղի հողագործները սկսել են մալինայի դաշտեր գցել: Դրա պահանջարկը կա, շուկայի խնդիր չունեն՝ հենց գյուղում հանձնում են: Բայց այնպես չէ, որ Աքորիում աղքատությունը վերացել է, գյուղում սոցիալական լուրջ խնդիրներ կան»,-հայտնեց գյուղապետ Հրահատ Սիմոնյանը:
Հրաժեշտից առաջ Արմենուհին ասաց, որ օրերը տաքանալուն պես անասունների հետ տեղափոխվելու են Լալվարի «Ղազարի բինատեղ» սարը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել