
Մարտական ընկերները մի տուփ մատիտ ու ներկեր ուղարկեցին
Արդեն իրիկնանում էր, անձրեւ էր մաղում, իսկ նա, կարծես չզգալով այդ ամենը, շարունակում էր խաղողի որթը ձեւավորել:
«1988 թ. թեկուզ փոքր, բայց մեր ջոկատն ունեինք, որը ժամանակի ընթացքում 5 հոգուց հասել էր 109-ի: Իսկ ջոկատին զենքով ապահովելու գործում մեծապես օգնել է եղբայրս եւ Երեւանի ոստիկանության մայոր մանկության ընկերս: Երբ Բեկորը' լեգենդար Աշոտ Ղուլյանը, տեսավ մեր ջոկատը, զարմացավ' ասելով, որ ներկա դրությամբ Ղարաբաղում նման կարգի զինված ջոկատ չկա»,- հիշում է Գրիշա Բադալյանը:
63-ամյա Գրիշա Բադալյանը ծնվել եւ մեծացել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում, անտառապահի ընտանիքում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում' նկարչության եւ գծագրության ուսուցչի մասնագիտությամբ: Ավարտելուց հետո վերադարձավ հայրենի գյուղ: Մինչեւ Արցախյան պատերազմը նկարչություն եւ գծագրություն էր դասավանդում հայրենի գյուղի դպրոցում: Երբ սկսվեց Արցախյան շարժումը, Գ. Բադալյանը առաջին շարքերում էր, եղբոր ու ընկերների հետ նա հանձն առավ գյուղի առաջին կամավորական ջոկատի ստեղծումը: Շուտով Գ. Բադալյանը նշանակվեց Մաղավուզի շտաբի պետ, իսկ եղբայրը' ջոկի հրամանատար:
Պատերազմի ընթացքում Գրիշա Բադալյանը երկու անգամ ծանր վիրավորվել է: «1992 թ. Մարտակերտի ազատագրման ժամանակ' Ներքին Հոռաթաղի մատույցներում, առաջին անգամ վիրավորվեցի գլխից, իսկ մարմնիս մի հատվածն էլ տուժեց բեկորնեից, որոնք մինչ այսօր էլ չեն հանել: Ստեփանակերտի հոսպիտալում բուժվելուց հետո ուղարկել են Երեւան: Երկրորդ կարգի հաշմանդամ էի, երբ նորից հետ եկա' կռվելու: 1993 թ. երկրորդ անգամ ավելի լուրջ վիրավորվեցի, էլի գլխից: Անմիջապես ուղղաթիռով տեղափոխեցին Երեւան: Հույս չկար, որ կենդանի կհասնեմ, բայց սիրտս լավ էր աշխատում եւ ավելի քան 5 ժամ տեւած վիրահատության ժամանակ արհեստական շնչառություն չեն տվել»,- ասում է Գրիշան եւ, ձեռքով ցույց տալով գլխի ձախ հատվածը, նշում, որ այն «պլաստմասից» է: Այդ դեպքից հետո նա զորացրվեց:
Ազատամարտիկը խոստովանում է, որ թեժ մարտեր շատ են եղել ու թվարկում է Քաջավանի եւ Մարտակերտի ինքնապաշտպանությունը: Գրիշա Բադալյանը ցավով է հիշում, որ վերջում երկուսն էլ տվեցին: «Հինգ թուրքական գյուղերի դեմ պայքարել ենք, բայց Քաջավանը չենք տվել: Զոհեր էլ չենք տվել, միայն վիրավորներ ենք ունեցել: Բայց երբ պարզվեց, որ մեր գյուղը ուր որ է թուրքերը պիտի վերցնեն, թողեցինք Քաջավանը: Այդ ժամանակ եղբայրս միանգամից որոշում է կայացնում մեր ողջ զենք-զինամթերքով շարժվել դեպի Մատաղիս' թուրքերի առաջը փակելու: 23 օր կռվելուց հետո չկարողացանք այլեւս դիմանալ եւ տվինք»,- չկարողանալով զսպել հուզմունքը' ասաց նա ու ավելացրեց,- ոչ միայն գյուղը, այլ տարածքն ամբողջությամբ, մինչեւ Սարսանգ»:
Որոշ ժամանակ անց, համախմբելով ուժերը, հաջողվեց հետ վերցնել թշնամուց գրավյալ տարածքները: 16 մաղավուզցիներ են նահատակվել Արցախյան պատերազմում:
Հարցին, թե ինչից էր ամենաշատը վախենում պատերազմի ժամանակ, ի պատասխան' Գ. Բադալյանն ասաց, որ վախ չունեին, միակ մտավախությունը գնալով նոսրացող շարքերն էին' ոմանք չդիմանալով հեռանում էին Ղարաբաղից: Նա պատմում է, որ մեկ էլ տեսար' հայրը եկավ որդու ինքնաձիգը հանձնելու, իսկ երբ հարցնում էին, թե ուր է որդին, ասում էր' չգիտեմ:
Մինչեւ շարժումը' ուսանողական տարիներին, Գ. Բադալյանը երիտասարդական գաղտնի կազմակերպության անդամ էր: Խորհրդային տարիներին չէին կարողացել բացահայտել ու ձերբակալել, չնայած, ինչպես ինքն է վստահեցնում, իր շատ ընկերների ձերբակալել են այդ տարիներին:
Նա պատմում է, որ 1960-ականներին Երեւանում ապրիլի 24-ին ջահերի առաջին երթն այդ գաղտնի կազմակերպության անդամներն էին կազմակերպել:
Գ. Բադալյանը Արցախյան պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ է, պարգեւատրվել է «Արիության» եւ «Հայրենյաց պաշտպան» մեդալներով: Այսօր նա Մաղավուզի միջնակարգ դպրոցում զինղեկ է եւ նկարչության ու գծագրության ուսուցիչ: Մինչեւ պատերազմը Ղարաբաղի Նկարիչների միության անդամ էր: Հաջողություններ ուներ ցուցահանդեսներում ու մրցույթներում: Վերջերս հաշմանդամների համար կազմակերպված մրցույթ-փառատոնում զբաղեցրել է երկրորդ մրցանակային տեղը: Պատերազմի ժամանակ վառվեց նրա տունը, հետն էլ' նկարելու բոլոր պարագաները:
Նա պատմում է, որ հետպատերազմյան տարիներին էլ հնարավորություն չուներ նկարելու պարագաներ գնելու, ամենաէժան ներկը 1000 դրամ էր: Իսկ իր հինգ զավակները դպրոցում ու համալսարանում էին սովորում, պետք էր նրանց մասին հոգալ: Գրիշա Բադալյանի 5 զավակներից ամենահայտնին սիրված երգիչ Վարդան Բադալյանն է: Ողջ կյանքն ապրելով գյուղում' բնության գրկում, Գ. Բադալյանը հայրենի բնությունն արտացոլել է իր կտավներում: «Հիմնականում բնանկարներ եմ անում: Վերջերս էլ էի ոտքս ջարդել ու երկու ամիս ստիպված էի պառկել անկողնում: Այդ ժամանակ էլ սկսեցի նատյուրմորտներ ու դիմանկարներ անել: Մարտական ընկերներս էլ, որ իմացան նկարելու պարագաներ չունեմ, ինձ մի տուփ լիքը մատիտներ ու ներկեր ուղարկեցին»,- ասում է զրուցակիցս ու ժպտալով ավելացնում, որ հենց ոտքը լավացավ, դադարեց նկարել: Ճիշտ է' երեխաներն արդեն փոքր չեն, բայց հոգսերը չեն նվազել:
Երբեք մտքով չի անցել գյուղից քաղաք տեղափոխվել: Գրիշա Բադալյանը խոստովանում է, որ առանց բնության ինքն ուղղակի չի կարող ապրել:
Չնայած մի քիչ վատառողջ է, եղանակն էլ' անբարենպաստ, բայց «մեկ է' որոշել է վաղն անասունները հանդ տանել»: Ուրիշին չի ուզում խնդրել: Մի ամբողջ օր բնության գրկում. ահա լավ զգալու իր բաղադրատոմսը:
Մեկնաբանել