
Ներսես Գալստյանը կարող է դատապարտվել մահապատժի
Լոս Անջելեսի դատարանում հաստատվել են 32-ամյա Ներսես Գալստյանին առաջադրված մեղադրանքները: Նա մեղադրվում է չորս հոգու սպանության մեջ: Այս մասին տեղեկացնում է Լոս Անջելեսի փաստաբանների գրասենյակը:
Երդվյալ ատենակալների մասնակցությամբ հաջորդ նիստը կգումարվի մարտի 28-ին` որոշելու արդյոք Գալստյանին դատապարտել մահվան, թե ցմահ ազատազրկման:
Ներսես Գալստյանը հայտնի է Լոս Անջելեսի բնակչության, մասնավորապես` իրավապահ մարմինների և լրատվամիջոցների շրջանակում` որպես Riverside Drive փողոցի աղմկահարույց սպանության գլխավոր հերոս: Թեև դեպքը տեղի է ունեցել մոտ վեց տարի առաջ, ու Գալստյանը կալանքի մեջ էր, սակայն դատավճիռ կայացնելու համար դատարանը տարիներ շարունակ բավարար ապացույցներ չէր գտնում:
Ն. Գալստյանը մեղադրվում է 2010թ. ապրիլի 3-ին Հյուսիսային Հոլիվուդում` Hot Spot ռեստորանում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ 25-ամյա Հայկ Եգնանյանի (Hayk Yegnanyan), 31-ամյա Վարդան Թոֆալյանի (Vardan Tofalyan), 26-ամյա Սարգիս Քարաջյանի (Sarkis Karadjian) և 28-ամյա Հարութ Բաբուրյանի (Harut Baburyan) սպանության մեջ:
Հայկ Եգնանյան, Սարգիս Քարաջյան, Հարութ Բաբուրյան, Վարդան Թոֆալյան(ձախից) |
«Գալստյանն այցելել էր ճանապարհատրանսպորտային վթարի հետևանքով մահացած ընկերոջ հիշատակի արարողությանը, որտեղ էլ վեճի է բռնվել ռեստորանի ներսում գտնվող իր մի քանի ծանոթների հետ: Այնուհետև դուրս է եկել ռեստորանից, մեքենայի միջից վերցրել ատրճանակը և կրակ բացել»,- հայտնել է դատախազությունը:
2010թ․ դատավարական առաջին նիստերից մեկի ժամանակ դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ Ներսես Գալստյանն իր զենքից կրակել է նվազագույնը 50 անգամ, և արձակված փամփուշտներից 30-ը հայտնաբերվել են ներկաներից վեց հոգու մարմնի մեջ: Վիճարկվում էր այն հարցը` արդյոք Գալստյանն այդ քայլին դիմել է, որովհետև իր կյանքին վտանգ էր սպառնում. այսինքն` հակառակ դեպքում նրան կկրակեի՞ն գնդակահարության զոհ դարձած իր ծանոթները, թե՞ ոչ:
Ն. Գալստյանի դեմ քրեական գործը հարուցվեց 2010թ. ապրիլի 22-ին: Նախաքննական նյութերում նշվում էր, որ ռեստորանի հավաքին Գալստյանը գնացել է եղբոր` Սեմ Գալստյանի (Sam Galstyan) հետ` մասնակցելու նախորդ տարի ավտովթարի զոհ դարձած Արտյոմ Թաշճյանի հիշատակի արարողությանը: Ընկերոջ գերեզմանին այցելելուց հետո խումբն ուղևորվել է Hot Spot ռեստորան: Երբ հավաքը ցրվել է, մոտ 12 հոգանոց խումբը մնացել է ռեստորանում, այդ թվում` Ներսես Գալստյանը` եղբոր հետ: Այնուհետև նշվում էր, որ Ն. Գալստյանը դուրս է եկել ռեստորանից, ապա վերադարձել և բացել կրակը:
![]() |
![]() |
Դեպքի վայրը, աղբյուրը` patch.com |
Գալստյան եղբայրները ձերբակալվեցին դեպքից շաբաթներ անց: Սեմ Գալստյանն ավելի ուշ ազատ արձակվեց, քանի որ իշխանությունները բավարար ապացույցներ չունեին նրան կալանքի մեջ պահելու համար:
Ն. Գալստյանի պաշտպան Ալեքս Քեսելը (Alex Kessel) դատավարության առաջին նիստերի ժամանակ երդվյալ ատենակալների առաջ հայտարարել էր, որ հրաձգությունը եղել է ինքնապաշտպանություն: Նա մանրամասնում էր, որ կրակոցի զոհ դարձած Հայկ Եգնանյանը վտանգ է զգացել, այնուհետ կանչել է ընկերներին` Հարութ Բաբուրյանին և Սարգիս Քարաջյանին, ովքեր ռեստորան են ժամանել զենքերով և փորձել վախեցնել Գալստյան եղբայրներին: Փաստաբանը նշում էր` դա Ներսես Գալստյանին այնքան է ահաբեկել, որ նա կրակ է բացել:
Քրեական գործը հարուցելու օրը` ապրիլի 22-ին, Լոս Անջելեսի ոստիկանությունը ենթադրում էր, որ Ներսես Գալստյանը հանցագործությունը կատարելու պահին «կորցրել է հավասարակշռությունը» կրակոցի զոհերի` իր նկատմամբ «նսեմացնող» վերաբերմունքից:
Ն. Գալստյանի դեմ դատական նիստերից մեկի ժամանակ վկայություն են տվել Սարգիս Թերզյանը (Sarkis Terzyan) և Նշան Նորդշկարյանը (Nshan Nordshkaryan), ովքեր նախկինում ասել էին, որ չգիտեն կրակողի ինքնությունը: Իսկ Գալստյանի փաստաբանի դիտարկմանը, թե ինչու են փոխում ցուցմունքը, պատասխանել են, որ վախենում էին: Փաստաբանն, ի պատասխան, հայտարարել էր, որ վկաների ցուցմունքները կասկած են հարուցում, քանի որ ժամանակի ընթացքում փոփոխվում են:
Գործով վկաներից մեկն էլ Դավիթ Աղազարյանն էր (David Agazaryan): Նշվում էր, որ նա դեպքի օրը ռեստորանում 11 կրակոց է ստացել և ողջ մնացել:
Լրատվամիջոցների հետ զրույցներում նա նշել է, որ որոշել է բարեգործությամբ զբաղվել ամբողջ կյանքի ընթացքում` որպես երախտագիտություն` հրաշքով փրկվելու համար:«Ես հաջողակ եմ: Ես կորցրել եմ աչքս, ունեմ ոսկրային կոտրվածքներ, բայց այստեղ եմ, քայլում եմ, խոսում եմ»,- ասել է Դ․Աղազարյանը:
Նշենք, որ այս դեպքից հետո և լրատվամիջոցներում, և Լոս Անջելեսի հայ համայնքում խոսակցություններ էին պտտվում, որ Ն. Գալստյանը մաֆիայի անդամ է և որ կապ ունի զենքի ապօրինի առևտրի հետ, միայն թե հստակ հղումներ չկային, թե Լոս Անջելեսում պաշտոնապես ճանաչված որ խմբավորմանն էր նա հարում: Կենդանի մնացած Դավիթ Աղազարյանը, սակայն, նշում էր, որ Ն.Գալստյանից այդ տպավորությունը չի ստացել: «Ասում են, որ նա բանդայի կամ մաֆիայի հետ է կապված, բայց ես անկեղծ ասած, լինելով այնտեղ, չեմ տեսել բանդայի առնչվող ինչ-որ բան»,- ասել էր Աղազարյանը:
Ավելի վաղ փաստաբանների գրասենյակի և դատախազության ներկայացուցիչները հայտարարել էին, որ Գալստյանին սպառնում է մահապատիժ` առաջադրված մեղադրանքները հաստատվելու դեպքում:
Առաջին լուսանկարում` Ներսես Գալստյանը, աղբյուրը` www.lapdonline.org
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել