
Վրաստանի սահմանամերձ Չանախչի գյուղը հայաթափվում է
«Չանախչին առաջ 130 տնտեսություն ուներ, հիմա հազիվ 70 տնտեսություն է ապրում գյուղում, 60 ընտանիք հեռացել է գյուղից, էլ չկան: Շաբաթներով գյուղը լուսավորություն չի ունենում: Մեզ վրացիները ոչ մի բանով չեն օգնում: Հայկական գյուղ է, Վրաստանի իշխանությունը չի հետևում գյուղին»,-ահազանգում է Չանախչիի երիտասարդ բնակիչ Մուժեղ Խաչիկյանը:
Չանախչիի փրկության միակ լուծումը հայ-վրացական սահմանի Ջիլիզայի անցակետի բացումն է: ՀՀ կառավարությունը, սակայն, մոռացել է ինչպես հայ –վրացական սահամանագծի, այնպես էլ Ջիլիզայի անցակետի բացման խնդրի կարևորության մասին: Իսկ Վրաստանում սահմանամերձ հայկական գյուղերի, այդ թվում նաև Չանախչիի սոցիալ-կենցաղային կենսական խնդիրները տարիներով չեն լուծվում ՝ հենց գյուղերը հայաթափելու համար:
Ամխիթար վիճակում է Սադախլոյից դեպի Չանախչի ձգվող 28 կմ երկարությամբ ճանապարհը, որը մարտի 4-ին մենք հատեցինք 1,5 ժամում: Ճանապարհաեզրին իր ոչխարներն արածացնող Լյովա Գաբոյանի ասելով՝ ավելի վատթար վիճակում է դեպի հայաբնակ Ախքյորփի գնացող ճանապարհը: Չանախչիի խոտհարքների միջով հայ գյուղացիները ժամանակավոր ճանապարհ են բացել: Ճանապարհից օգտվում են Չանախչի, Ախքյորփի, Խոժոռնի, Գյուլուբաղ, Բրդաձոր և մյուս հայաբնակ գյուղերը:
«Այստեղ ամեն ինչ դժվար է: Երեկ ուզում էինք մեր հողամասը վարել, չէին թողնում: Վրացի սահամանապահն ասում է գետը սահման է, պետք է սահմանից 500 մետր հեռավորությամբ վարեք հողը: Հինգ հարյուր մետրն էլ, որ հաշվում ես, հողը գնում է ճանապարհին հասնում: Ուրեմն իմ հողամասը պետք է անմշակ մնա»,- դժգոհեց Լյովա Գաբոյանը:
Գյուղի սկզբնամասում բնակվող Զոյա Իսրայելյանի ասելով, Չանախչիում մի բուժհաստատություն չկա, որ հիվանդ ժամանակ գնան բժշկի: Չանախչիի երիտասարդ ընտանիքները հեռացել են գյուղից՝տանը թողնելով օգնության կարիք ունեցող իրենց տարեցներին:
Սենիկ Կոնյանի 3 զավակները տեղափոխվել են Ռուսաստան: «Գնացել են աշխատեն, ապրեն, մենակ եմ էստեղ»,-պատմեց 80-ամյա Սենիկը:
«Գյուղում մի բուժքույր ունենք, դպրոցում դասատու ա, որ վատանում եմ, նա է օգնում: Էն մի շաբաթ էլ եկավ, ապրի նա: Ճնշումս բարձր էր, 210 –ն էր: Եկավ սրսկեց, էսօր մի քիչ լավն եմ: Տարեց հայուհին պատմեց նաև հայկական գյուղերին սպասարկող ադրբեջանցի բժշկի մասին: Մի օր տեղը նեղ Սենիկ մայրիկը զանգել է նրան: «Եկավ տուն: Ճնշումս չափեց, տեսավ 220 ա: Ասավ, էս ոնց ես ապրում, դեղ խմի: Ասեցի՝ դե դեղ տու, որ խմեմ: Ոչ դեղ տվիր, ոչ սրսկում արիր, ինչ անեմ,- ասի ես: Թուրքը հային մտիկ կանի՞: Մեկ-մեկ էլ, որ գնում ենք իրա մոտ, ասում ա, հայ եք, գնացեք Հայաստան: Թուրքերը մեզ նեղում չեն, բայց հասնում էլ չեն»:
Չանախչեցի Ժիրո Խաչիկյանը իր աշխատանքով չի կարողանում պահել ընտանիքը: Ժիրոյի ավագ որդին, երրորդ դասարանցի Յուրան մեզ ուղեկցեց իրենց տուն: Ժիրոյի կինը՝ Սուսանը դպրոցում հավաքարար է աշխատում: Իմ այցելության պահին Ժիրոն տանը չէր: Ինձ դիմավորեցին Յուրայի 2 տատիկներն ու հիվանդ հորեղբայրը՝ Մերուժանը: Վերջինս ասաց, որ ողնաշարի քաղցկեղ ունի, սակայն փող չունի և չի կարողանում բուժման գնալ:
Տանը կատարյալ աղքատություն էր տիրում: «Որ աշխատանք է լինում Ժիրոն աշխատում է, որ աշխատանք չի լինում, որտեղ աշխատի, չաստնի չոբանի գործ է անում»,-բացատրեց Մերուժանը:
Ժիրո Խաչիկյանի երեք երեխաներից 2-ը՝ 7 տարեկան Արմենն ու 6 տարեկան Անահիտը չեն կարողանում խոսել. «Հիմա Անահիտի ու Արմենի համար փաստաթուղթ ենք հանելու, որ երեխաները օտարերկրացի են և իրավունք ունեն Չանախչիում դասի գնալ: Երեխաների առողջության համար բժշկի չենք դիմել, քանի որ ֆինանս չի եղել: Անահիտն ու Արմենը անձնագիր չունեն, որ ասենք մի արանքով անցկացնենք Հայաստան` էնտեղ տանենք բժշկի»,-բացատրեց Մերուժանը:
«Քանի տարեկան ես»,- հարցրի Անահիտին: «Ոնց եմ սովորեցրել»,-քրոջը հիշեցրեց Յուրան: Անահիտը ցույց տվեց 6 մատը: «Այ, ապրես»,- նրան գովեց Յուրան: Արմենը մեր հարցերից պաշտպանվում էր Յուրայի թիկունքում:
Գյուղից դուրս՝ Չանախչիի դաշտերում արածող գյուղի ոչխարի հոտի մոտ հանդիպեցի Ժիրոյին: Սմքած ու տխուր դեմքով, 40-ի մոտ հյուծված տղամարդ էր Ժիրոն: «Ինչ անեմ, հենայ, ախպերս էլ է հիվանդ: Հա, լավ երեխեք ունեմ, բայց կարում չեմ պահեմ: Գիշեր, ցերեկ չոբան եմ գնում: Օրը 10 - 15 լարի են տալիս: Հնար չի լինում, չեմ կարողանում ընտանիքս պահել: Երեխեք են, ուտել են ուզում, ինչ անեմ»,- ձեռքերն անօգնական տարածեց նա:
Չանախչիի հայկական դպրոցում 20 աշակերտներ են սովորում: Դպրոցը տեղավորված է կապույտ ներկված մի քանի տնակներում: Դպրոցի տնօրեն տիկին Մանանն ասաց, որ առանց վերադասի թույլտվության Հայաստանից եկած լրագրողների հարցերին չեն պատասխանում. «Ես հիմա պետք է վերադասին տեղյակ պահեմ»-բացատրեց նա։ «Ռուսլան մալըմ, մեզ մոտ Հայաստանից եկած ժուռնալիստ կա, ուզում է մեր դպրոցի մասին տեղեկություն ստանալ: Դուք մեզ զգուշացրել եք, դրա համար եմ Ձեզ տեղեկացնում»,-հեռախոսով ադրբեջանցի իր վերադասին հայտնեց տնօրենը: Ռուսլան մալըմը, բնականաբար, չթույլատրեց ինձ ծանոթանալ Չանախչիի դպրոցի հոգսերին:
Չանախչիի վատ լուսավորության ու աղքատության մասին հարցրի Մառնեուլի շրջանային օրենսդիր մարմնի պատգամավոր Արսեն Հախվերդյանին։ «Ճիշտ են ասում, ես կուրսի եմ, ուղղակի իրենց պատգամավորը Աիդա Խաչիկյանն է: Միակ գյուղն է Չանախչին, որ էլեկտրասյուները դեռ չի վերանորոգվել, այս տարի կվերանորոգվի»,-հուսադրեց նա: «Սոցիալապես անապահով հայերը ինչ ուշադրության են արժանանում Վրաստանում»,- հարցրի: «Ոչ թե սոցիալապես անապահով հայերը, այլ սոցիալապես անապահով ընտանիքները, որովհետև տարածաշրջանում ոչ միայն հայերն են ապրում, այլ ազգեր էլ են ապրում: Սոցիալապես անապահով ընտանիքները սոցօգնություն են ստանում, ով դիմում է համապատասխան միավորների մեջ է ընկնում, ստանում է սոցօգնություն»,- բացատրեց պատգամավոր Ա.Հախվերդյանը: Չանախչիի բնակիչները հայ պատգամավորի բացատրած սոցօգնությունից անտեղյակ էին:
Չանախչին հայաթափվում է:
Մեկնաբանել