
Ազգային ժողովի արվեստասերը. 10 նկար՝ 90 մլն դրամ
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը խորհրդարանում այս կամ այն հարցի քննարկման ժամանակ հաճախ է խոսում «հարուստների անունից»: Իհարկե, դրա հիմքերն ունի, քանի որ նա էլ մեծահարուստներից մեկն է:
Դժվար է հավատալ, որ Հայաստանում բոլոր պաշտոնյաները, այդ թվում՝ պատգամավորները, հայտարարագրում են իրենց ամբողջ ունեցվածքը, սակայն եղածն էլ բավական է ասելու, որ Գուրգեն Արսենյանը խորհրդարանի մեծահարուստ պատգամավորներից է:
Պատգամավորի վրա չի ազդում ոչ մի ճգնաժամ, իսկ եկամուտներն էական ցնցումների չեն ենթարկվում: Պատգամավորի եկամուտներն այնքան կայուն են, որ 2015թ. միայն 90 մլն դրամի 10 հատ նկար է գնել: Ընդ որում, նա խորհրդարանի միակ պատգամավորն է, ով նշված տարում թանկարժեք նկարներ է գնել:
2015թ-ին Գուրգեն Արսենյանի եկամուտները կազմել են 1 միլիարդ 831 մլն 448 հազար դրամ, որից միայն մոտ 6 մլն դրամն է նրա պատգամավորական աշխատավարձը: Մնացածը Գ. Արսենյանը ստացել է տարբեր շահաբաժիններից, վարձակալության դիմաց ստացված վճարներից ու տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից: Համեմատության համար նշենք, որ 2014թ. պատգամավորի եկամուտը կազմել է 2 միլիարդ 335 մլն 464 հազար դրամ:
Ինչ վերանբերում է դրամական միջոցներին, ապա այստեղ էլ Գուրգեն Արսենյանը «ստվերում» չի մնացել: Օրինակ՝ 2015թ-ին նրա հաշվին եղել է 24 մլն 525 հազար դրամ, 1 մլն 351 հազար 751 դոլար և 23 հազար 276 եվրո:
Նշենք, որ Գուրգեն Արսենյանը մի շարք առևտրային ընկերություններում բաժնետեր է, այդտեղից էլ գոյանում է նրա որոշ շահաբաժինները:
Մեկնաբանել