
Օրենքից դուրս ապրող կենդանիները. Արամ Ասատրյանի նվիրած արջից մինչև Դաշայի նորածին քոթոթները
Հրազդանի կիրճում գործող «Արջանոց» ռեստորանային համալիրի բնակիչ Դաշան ծննդաբերել է. երեք քոթոթ է լույս աշխարհ բերել: Նրա զուգընկեր Միշան վանդակում առայժմ միայնակ է, սպասում է՝ քոթոթները փոքր-ինչ մեծանան, և զուգընկերուհին նորից իրեն կմիանա: Թե ուր են տարվելու կամ ում են նվիրվելու քոթոթները, «Արջանոցի» աշխատակցուհին չգիտի: Ասում է՝ երևի կենդանաբանական այգուն կհանձնեն կամ կնվիրեն ցանկացողներին: «Արջանոցի» Դաշան և Միշան անձնագիր ունեն: Սեփականատերը տիկին Նազիկը վստահաբար ասում է՝ իրենց արջերի նման «կերած-խմած» արջ չենք գտնի:
![]() |
![]() |
Կարմիր գրքում գրանցված կենդանիներ, հատկապես՝ գորշ արջեր պահելը հայաստանյան ռեստորանային համալիրներում կամ սննդի այլ օբյեկտներում «ընդունված ավանդույթ» է դարձել: Սակայն նրանց նկատմամբ վերահսկողություն ՀՀ պետական որևէ մարմին առայժմ իրավասու չէ իրականացնել: Այս կենդանիներն ուշադրության կենտրոնում են հայտնվում այն ժամանակ, երբ արտակարգ դեպք է գրանցվում: Ասենք՝ առյուծը մարդ է ուտում, արջը՝ վանդակից փախչում և հարձակվում է մարդկանց վրա: Մինչդեռ եթե նրանց տերերը ամեն օր դաժան վերաբերմունք են ցուցաբերում, ոչ բավարար տարածքում պահում և թերսնում, որևէ պատասխանատվության չեն ենթարկվում: Օբյեկտներում պահվող կենդանիների ճակատագիրն ամբողջովին տիրոջ բարեխղճությանն է թողնված: |
Անասնաբուժության մասին ՀՀ օրենք Հոդված 32. Կենդանիների բարեկեցությունը Կենդանիները բուծվում և պահվում են իրենց աճին, ֆիզիոլոգիական կարիքներին և տեսակին բնորոշ առանձնահատկություններին համապատասխան» |
Օրինակ՝ գեներալ Մանվել Գրիգորյանն իր տան դռան մոտ վագր էր պահում, որի ատամները հանել էր: Համալիրի «Սպիտակ» առողջարանային համալիրում հայտնաբերված արջը թերսնված էր: Հետագայում Երևանի կենդանաբանական այգում նրան քնեցրեցին: Ծաղկաձորի «Թփուտներ» ռեստորանային համալիրից փախած արջին պահելու համար որևէ թույլտվություն չեն ունեցել: Դրա մասին հանրությունն ու պատկան մարմիններն իմացան, երբ արջն իր վանդակից փախավ և հայտնվեց հանրային տարածքում, ինչը կարող էր աղետալի ավարտ ունենար, եթե արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հատուկ «օպերացիա» չկազմակերպեին արջին վնասազերծելու համար:
«Բանը բանից անցնելուց» և կենդանուն հայտնաբերելուց հետո պատկան մարմինները փորձում են պատասխանատվության միջոցներ կիրառել: Սովորաբար, կիրառվում է Քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետը՝ ապօրինի որսը:
![]() |
Հատված ՀՀ կենդանիների կարմիր գրքից Գորշ արջ Կարգավիճակը: Ընդգրկված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում՝ «Least consern» կարգավիճակով, գնահատվում է որպես «խոցելի»: Ապրելավայրը: Բնակվում է չորային նոսրանտառներում, սաղարթավոր անտառներում, լեռնային մարգագետնատափաստաններում, ենթալպյան և ալպիական մարգագետիններում: Արեալը զգալի չափով ներառում է այն վայրերը, որտեղ աճում են պտղատու ծառեր, հատատպուղներ և ընկուզենիներ, որոնցով արջը սնվում է: Վտանգման հիմնական գործոնները: Որսագողությունը, բիոտոպերի ոչնչացումը, մարդու կողմից անհանգստության պատճառները: |
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Անանսնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը «Հետքին» տված հարցազրույցում նշել էր, որ իրենք վերահսկողություն իրականացնում են այն դեպքում, երբ կենդանին պահող տնտեսվարող սուբյեկտն իրենց դիմում է: Սակայն «Անասնաբուժության մասին օրենք»-ը այդ ուղղությամբ որոշակի փոփոխությունների ենթարկվեց, և դրան զուգահեռ կառավարության որոշումներ և կարգեր պետք է մշակվեն հասարակական օբյեկտներում կենդանիներ պահելու կարգի և նորմերի վերաբերյալ:
«Այդ հարցը որպես այդպիսին կանոնակարգված չի եղել, միակ բանը, որ կար՝ մարդը, եթե կենդանի է պահում, բնականաբար պետք է ունենա համապատասխան տարածք, համապատասխան անասնաբույժ-մասնագետ: Կենդանին, բացի կերակրվելուց, բուժում և կանխարգելում է ուզում, իսկ դա անելու համար մասնագետ է պետք, որը լիազոր մարմին պարտավոր է հաշվետու լինել իր կողմից սպասարկվող կենդանու մասին: Բայց տնտեսվարող, քաղաքացի, անհատ և անասնաբույժ կապը դեռ չկա»,- ասել էր Հ. Մկրտչյանը և հավաստիացրել, որ նոր օրենքով այդ հարցին էլ լուծում է տրվելու:
Օրենքի փոփոխություններն արվել են, սակայն «Կենդանիների բարեկեցությունը պահպանելու գործում անձանց պարտականությունները և սահմանափակումները» խորագրով 35-րդ հոդվածը ուժի մեջ են մտնելու 2017թ.-ին:
«Շանթ» ռեստորանային համալիրը վայրի և կարմիր գրքում գրանցված կենդանիների մեծ խմբաքանակ ուներ մինչև անցյալ տարի: Անդրկովկասյան գորշ արջից սկսած մինև բեզոարյան այծ, մանդրիլներ և առյուծներ: Սակայն անցյալ տարի համալիրը որոշել է վերջնականապես ազատվել նրանցից՝ կերակրելու միջոցներ չունենալու պատճառով: Թե ինչպես են ձերբազատվել այդ կենդանիներից, աշխատակիցը չցանկացավ պատասխանել: «Ես տեղյակ չեմ»,- պատասխանեց նա:
Ջրվեժի «Վասպուրական» ռեստորանում նույնպես գորշ արջ է պահվում: Վայրի և էկզոտիկ կենդանիներ պահվում են նաև «Աշտարակի ձոր»-ում: Վայրի կենդանատեսակների, դրանցից ստացված արտադրանքի, առանձին մասերի եւ ածանցյալների պահանջի վերլուծություն կատարել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) բնապահպանական ծրագրերի համակարգող Արևիկ Մկրտչյանը: Ըստ նրա հետազոտության՝ Երևան քաղաքում կենդանիներ պահող 9 օբյեկտ են հայտնաբերել, ևս 14-ը՝ մարզերում:
Սրանք պաշտոնական տվյալներ չեն: Իսկ պաշտոնական տվյալներ գոյություն չունեն, որովհետև չկա ընդհանուր գրանցամատյան, որով կարելի կլինի հաշվարկել համ վերահսկել այդ կենդանիների նիստն ու կացը, նրանց գոյությունն ընդհանրապես: Այնինչ, նման պայմաններում որևէ հիվանդության կամ համաճարակի դեպքում հնարավոր վարակը կանխելու միջոցներ ձեռնարկելը նույնպես անհնար է:
ՀՀ բնապահպանության նախարարությանը դեռևս 2014-ին հարցում էինք ուղարկել՝ պարզելու, թե երբևէ ստուգումներ իրականացրել են հասարակական կամ սննդի այն օբյեկտներում, որտեղ վայրի կամ էկզոտիկ կենդանիներ են պահվում: Նախարարությունը պատասխանել էր. «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունում ստուգման ենթակա հաշվառված օբյեկտները 4250-ն են: Ձեր մատնանշած կազմակերպությունները բնապահպանական ռիսկերի առումով ցածր ռիսկայնության են, և այդ կարգի կազմակերպություններում ստուգումներն իրականացվում են 5 տարին մեկ անգամ»: Իսկ այն օբյեկտներում, որտեղ ստուգումներ անցկացվել են, Կարմիր գրքում գրանցված, պահելու և օգտագործելու դեպքեր ԲՆ-ն չի հայտնաբերել:
2015թ. տարվա ավարտին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, «Հետքի» հարցին ի պատասխան, թե, ի վերջո, երբ է կարգավորվելու այս ոլորտը, նշեց, որ հարցը քննարկվում է և առաջիկայում լուծումներ են տրվելու, մշակվում են համապատասխան օրենսդրական փոփոխություններ և վերահսկման մեխանիզմներ:
Երևանում կենդանիներ պահող հայտնի «օբյեկտներից» է Ծիծեռնակաբերդի տարածքում գործող նախկին արջանոցը: Այժմ այն կոչվում է «Էլ-Գարդեն»: 29 տարեկան Մաշան է այնտեղ ապրում: Նրան խնամող Հակոբը անցյալ տարի մեզ պատմել էր, որ Մաշան Ծիծեռնակաբերդի բլրի այս համալիրում է փոքր տարիքից: Երգիչ Արամ Ասատրյանն է նվիրել Մաշա քոթոթին: Կենդանին այդտեղ էլ մեծացել է: «Քյաբաբով ու բլինչիկով է մեծացել: Գալիս էին հաճախորդները, ասում էին՝ մի հատ Մաշային իմ կողմից քյաբաբ տարեք»,- պատմում էր Հակոբը։ Կերակրում են ամեն ինչով՝ ճաշերից սկսած մինչև տորթեր և հացեղեն: Վայրի կենդանուն բնորոշ հում մսեղեն Մաշան չի ուտում:
Մեր կիրակնօրյա շրջայցից պարզեցինք, որ հասարակական կամ սննդի օբյեկտներում պահվող կենդանիների կյանքում դեռևս ոչինչ չի փոխվել: Օրենքներն ու բարեփոխումները միայն թղթի վրա են: Միակ փոփոխությունը՝ Մաշայի տարածքի կրկնակի ցանկապատումն էր:
Ոլորտի բարձիթողի վիճակի պատճառով է, որ պարբերաբար ահազանգեր են հնչում այս կամ այն մասնավոր կենդանաբանական այգու, օրինակ՝ Հրազդանի, Արմավիրի կամ Գյումրու կենդանիների ծայրահեղ ծանր վիճակի մասին: Եվ Գյումրու կենդանաբանական այգու տխուր ավարտը դրա վառ ապացույցն էր: Դեռ հայտնի չէ, թե ինչպես են պահում իրենց կենդանիներին պատգամավորներ Ռուբեն Գևորգյանը, Գագիկ Ծառուկյանը և մյուսները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել