
6 ամսվա կալանք՝ 35 800 դրամի վնասի համար
Մարտունի քաղաքի 20-ամյա բնակիչ Տարոն Առաքելյանը անցյալ տարվա նոյեմբերից պատիժ է կրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Նա մեղադրվել է համաքաղաքացու՝ Արտաշես Խաչատրյանի տան հարակից հացատան ապակին կոտրելու համար ու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր Յուրիկ Իսկոյան) դատապարտվել 6 ամսվա կալանքի: Սակայն դատախազն ու տուժողի ներկայացուցիչը գտնում են, որ մեղմ պատիժ է նշանակել դատարանը ու դիմել են Վերաքննիչ դատարան:
Օրեր առաջ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց 6 ամսվա կալանքի դատավճիռը՝ մերժելով տուժած Արտաշես Խաչատրյանի ներկայացուցիչ Սամվել Դիլբանդյանի և գործով դատախազի բողոքները խիստ պատիժ նշանակելու մասին: Վերաքննիչ դատարանում տուժողի ներկայացուցիչը նշեց, որ Տարոն Առաքելյանը չի զղջացել կատարածի համար, չի փորձել փոխհատուցել տուժողին, իսկ հիմա լեգենդներ է հորինում, թե անմեղ է:
![]() |
Տուժող Արտաշես Խաչատրյանն ու նրա ներկայացուցիչ Սամվել Դիլբանդյանը |
Վերաքննիչ դատարանը մերժեց նաև Տարոն Առաքելյանի պաշտպան Կարեն Քալանթարյանի բողոքը, որով նա խնդրել էր արդարացնել իր պաշտպանյալին՝ ճանաչելով անմեղ:
Քրեական գործը հարուցվել է 2015 թվականի հունիսի 6-ին Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում:
Ըստ գործի, Մարտունի քաղաքի բնակիչ Արտաշես Խաչատրյանը, 2008-2009 թվականներին, Տարոն Առաքելյանի ծնողներին` ամուսիններ` Սոնա և Արտակ Առաքելյաններին պարտքով գումար է տվել, սակայն վերջիններս տևական ժամանակով գումարը չեն վերադարձրել: Արտաշես Խաչատրյանը 2015 թվականի մայիսի 22-ին դիմում է ներկայացրել ոստիկանության: Ըստ գործի, դրանից մի քանի օր անց Տարոն Առաքելյանը մայիսի 26-ին ժամը 23:30-ի սահմաններում գնացել է Արտաշես Խաչատրյանի առանձնատան բակ, որտեղ սեղանի ծածկոցը դրել է կից հացատան փայտե դռան տակ ու կրակ վառել: Սակայն երբ նկատել է, որ դուռը այրվում է, հանգցրել է կրակը: Ապա քարով հարվածել և կոտրել է հացատան պատուհանի ապակին` պատճառելով 35 800 դրամի գույքային վնաս:
Տարոն Առաքելյանը նախաքննության ժամանակ տվել է ինքնախոստովանական ցուցմունք, իսկ առաջին ատյանի դատարանում, նաև Վերաքննիչում հայտարարեց, որ մեղավոր չէ, նշեց, որ ինքնախոստովանական ցուցմուքը տվել է ոստիկանության աշխատակիցների ճնշման տակ:
«Հետքին» ահազանգած Տարոն Առաքելյանի մայրը՝ Սոնա Առաքելյանը պատմեց որդու հանդեպ տեղի ունեցած բռնությունների մասին, որի առթիվ քրեական գործ է հարուցվել Հատուկ քննչական ծառայությունում. «Իրականում ոստիկանության աշխատակիցները տղայիս ծեծի էին ենթարկել: Իսկ հետո Արայիկ անունով ոստիկանն ասել էր, եթե ասես, որ քեզ ծեծել են, ավելի վատ կլինի: Վախից երեխան ոչինչ չի ասել: Բոլորը մեզ ասում էին, թե դատական բժշկի մի տարեք, ամեն ինչ լավ կլինի: Բայց երբ դատախազը 2 տարի պատիժ պահանջեց, ես սկսեցի իմ սեփական հետաքննությունը»:
![]() |
Տարոն Առաքելյանի ծնողները |
Տիկին Սոնան պատմեց, որ ձայնագրել է հետաքննիչ Հուսիկ Բաղդասարյանին, որը խոստովանել է, որ բռնություն ու ծեծ է եղել Տարոնի նկատմամբ: Սոնա Առաքելյանի խոսքով, հետաքննիչը, սակայն, հորդորել է իրեն, համոզել, որ չբողոքեն:
«Բայց ես չլսեցի հետաքննիչ Հուսիկ Բաղդասարյանին: Ձայնագրությունները ներկայացրեցի ոստիկանության ներքին անվտանգության բաժին և գործն ուղարկվեց ՀՔԾ: Հիմա հարուցված է քրեական գործ, նախաքննություն է ընթանում… հետաքննիչ Հուսիկ Բաղդասարյանն ասում էր՝ զակազ տված գործ ա, անում ենք: Տղայիս ծեծել է Սահակյան Սամվելը, որին ասում են Լենդրուշի Սամո և Արայիկ անունով ոստիկան, որի ազգանունը չգիտեմ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Սոնա Առաքելյանը:
Տարոնի հայրը՝ Արտակ Առաքելյանն էլ պատմեց, որ որդուն պատահածի մասին իմանալով՝ արտագնա աշխատանքից վերադարձել է. «Ես 2-րդ օրը եկել եմ, տեսել եմ կապտուկներ դոշին, մեջքին, թևին, իմացել եմ, որ 2 օր էրեխեն հաց չի կերել: Ծեծել են, վիզ ա վերցրել, թելադրել են, որ պիտի գրես ու բաց են թողել»,- պատմեց Տարոն Առաքելյանի հայրը:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանը, սակայն, դատավճռում նշել է. «Տարոն Առաքելյանի ճառում և վերջին խոսքում արտահայտված հայտարարությունն այն մասին, որ նախաքննության փուլում, մինչ ցուցմունք տալը, ոստիկանության աշխատակիցներն իրեն ուղորդել են խոստովանական ցուցմունք տալու, դատարանը գտնում է, որ ամբաստանյալի կողմից ներկայացված պատճառաբանությունը չի բխում գործի տվյալներից»:
![]() |
Փաստաբան Կարեն Քալանթարյանը |
Պաշտպան Կարեն Քալանթարյանը նշեց, որ այս գործում բազմաթիվ խախտումներ կան, իսկ դատավճիռը համեմատեց նախորդ դարի 80-ականների դատավճիռների հետ: Նա ասաց, որ այդ խախտումների մասին նշել է իր բողոքում: Ըստ նրա, առավել, քան կասկածելի է այն, որ Տարոն Առաքելյանի ցուցմունքները տողերով, արտահայտություններով կրկնում են մեկը մյուսին: Սակայն այս հանգամանքը տուժող կողմի մոտ որևէ կասկած չի հարուցում: «Ընդհակառակը, եթե տարբեր բովանդակությամբ լինեին ցուցմունքները, այդ ժամանակ կարելի էր կասկածել»,-ասաց տուժող Արտաշես Խաչատրյանի ներկայացուցիչ Սամվել Դիլբանդյանը:
Տարոն Առաքելյանը մանկուց հաշմանդամ է, տառապում է փսորիազով, զինվորական ծառայության չի գնացել. տարեկետման մեջ է հիվանդության պատճառով: Այդ մասին համապատասխան բժշկական փաստաթղթեր կան քրեական գործի նյութերում:
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել