
Բջջային ոլորտից ստացվող հարկերը ավելի քան 24%-ով կրճատվել են
Հայաստանում գործող բջջային կապի երեք օպերատորներն էլ 2015 թվականին ավելի քիչ հարկ են վճարել պետբյուջե, քան 2014-ին։ Այս եզրահանգմանն ենք գալիս՝ ուսումնասիրելով հանրապետության 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի վերաբերյալ ցուցակները, որոնք տրամադրում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Ընդհանուր հաշվարկով՝ «Արմենտել» (ապրանքանիշը՝ Beeline), «Ղ-Տելեկոմ» (ապրանքանիշը՝ Vivacell) և «Օրանժ Արմենիա» (ապրանքանիշը՝ Orange) ընկերությունները նախորդ տարի միասին վճարել են ավելի քան 37,5 մլրդ դրամ՝մոտ 12 մլրդ դրամով պակաս 2014-ի ցուցանիշից։ Այդպիսով, բջջային ոլորտից ստացվող հարկերը ավելի քան 24,2%-ով պակասել են։
Այս դաշտի մրցակիցներից ամենախոշոր հարկատուն «Ղ-Տելեկոմ»-ն է։ Բաժանորդների թվով, եկամուտներով, գործառնական ծախսերով և այլ ցուցանիշներով այն ևս առաջատարն է։ Բայց այդ մասին մանրամասն կխոսենք, երբ ընկերությունները հրապարակեն տարեկան հաշվետվությունները։ 2015 թվականին այս ընկերությունը պետությանը վճարել է 18,6 մլրդ դրամի հարկ և խոշոր հարկատուների շարքում զբաղեցրել 3-րդ տեղը։ Մեկ տարում հարկերի չափը նվազեցրել է մոտ 10,3 մլրդ դրամով կամ 35,5%-ով՝ դիրքը զիջելով 1 հորիզոնականով։
«Արմենիա տելեֆոն կոմպանի»-ն («Արմենտել») ևս երկրի խոշոր հարկատուների առաջին տասնյակում է։ Նախորդ տարի գրավել է 7-րդ տեղը՝ վճարելով մոտ 15,5 մլրդ դրամ։ Հարկերի չափը նվազեցրել է 10,2 մլրդ դրամով կամ 6,2%-ով։ Նահանջել է 2 հորիզոնականով։
Իսկ ամենափոքր ծավալի հարկերը վճարում է «Օրանժ Արմենիա»-ն։ Դրանց չափը շատ ավելի համեստ է, քան երկու մրցակիցների վճարած հարկերինը։ 2015 թվականին այն կազմել է ավելի քան 3,4 մլրդ դրամ։ Մեկ տարում հարկերի չափը նվազեցրել է 687 մլն դրամով կամ 16,6%-ով և հայտնվել 35-րդ տեղում։ «Օրանժ Արմենիա»-ն, որը Հայաստանում ներկայացնում էր ֆրանսիական «Ֆրանս Տելեկոմ» ընկերությունը, 2015 թվականին վաճառվեց «Յուքոմ» ընկերությանը: Ինչպես երևում է, այս գործարքը ազդեցություն չի ունեցել «Օրանժ Արմենիա»-ի՝ 2015-ին վճարած հարկերի ծավալի վրա։
Ընդհանուր առմամբ, վերջին հինգ տարում ՀՀ բջջային դաշտի մրցակիցների վճարած հարկերի դինամիկան տարբեր է եղել։ Նշված ժամանակահատվածում «Ղ-Տելեկոմ»-ը ամենամեծ ծավալի հարկերը վճարել է 2013-ին, «Արմենտել»-ը և «Օրանժ Արմենիա»-ն՝ 2014-ին։ «Ղ-Տելեկոմ»-ի դեպքում տատանումներն ավելի մեծ ու ակնհայտ են, քան ս երկու մրցակիցներինը։
Այս ընթացքում «Ղ-Տելեկոմ»-ն ու «ԱրմենՏել»-ը մշտապես եղել են առաջին հնգյակում։ Դա ցույց է տալիս, որ հարկային դաշտի համար բջջային օպերատորների դերը եթե չասենք մեծ, ապա՝ կարևոր է։ Հետևաբար, այս ոլորտից պետբյուջե հավաքագրվող եկամուտների ծավալը ազդեցություն է ունենում հարկերի ընդհանուր ցուցանիշի վրա։ Հիշեցնենք, որ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2015-ին պետբյուջե են վճարել ավելի քան 696,5 մլրդ դրամ (0,6%-ով պակաս 2014-ի ցուցանիշից)։ Դրա մոտ 5,4%-ն ապահովել են այս երեք բջջային օպերատորները։
Եթե փորձենք ամփոփել, փաստորեն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի բջջային կապի ոլորտում թեժ մրցակցություն է, բայց դա չի նպաստել 2015-ին շուկայի ծավալների և այդ շուկայից ստացվող հարկերի աճին։ Երեք օպերատորները, կարծեք, ջանք ու եռանդ չեն խնայում ցույց տալու համար, որ իրենց մատուցած ծառայություններն ամենաորակյալն են, մատչելին ու հասանելին։ Իսկ շուկան, ըստ գնահատականների, ստվերից դուրս է գործում։ Ստացվում է, որ այդ ջանքերի արդյունքում գուցե բաժանորդների թիվն է աճել, բայց՝ ոչ հասույթի և հետևաբար վճարած հարկերի։ Դա ավելի պարզ կդառնա, երբ ունենանք ընկերությունների տարեկան հաշվետվությունները։ Ամեն դեպքում, մի բան ակնհայտ է՝ բջջային ոլորտի թեժ մրցակցությունից ՀՀ պետյուջեն նախորդ տարի չի շահել, քանի որ ավելի քիչ օգուտ է քաղել, քան 2014-ին։
Հիշեցնենք, որ խոշոր հարկատուների ցանկից անդրադարձել ենք նաև բանկերին, հանքարդյունաբերության ոլորտին, ծխախոտի արտադրությանը և Որոտանի ՀԷԿ-ի թռիչքային աճին։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել