
«Թեղուտ» ՓԲԸ-ն թաքցնում է արտադրական պատահարի հետևանքով մահացած իր աշխատակցի մահվան պատճառները
Երեկ ՝ փետրվարի 21-ին, ժամը 13:10-ի սահմաններում «Թեղուտ» ՓԲԸ-ի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի ջարդված հանքաքարի պահեստում պլանային չափման աշխատանքեր կատարելու ժամանակ շուրջ 10 մ խորությամբ հանքահորն է ընկել և մահացել ընկերության լեռնահանքային վարչության ինժեներական ծառայության մարկշեյդերական բաժնի առաջատար մարկշեյդեր` 57-ամյա Հայկ Սարգսյանը: Վերջինիս վրա՝ հանքահորն ընկնելուց հետո, հոսել է մանրացված հանքաքարի մեծ զանգված: Արտակարգ իրավիճակների նախարարության Ալավերդու փրկարար ջոկատը դեպքի առթիվ ահազանգ է ստացել փետրվարի 21-ին, ժամը 14:17-ին: Ալավերդու փրկարարները 5 ժամ որոնողական աշխատանքերից հետո գտել են Հայկ Սարգսյանի դիակը: Հանգուցյալին այսօր հանձնել էին հարազատներին:
Մեզ հետ զրույցում, հանգուցյալի ավագ փեսան՝ Արթուր Հակոբյանը հայտնեց, որ Հայկ Սարգսյանի ընտանիքի անդամները, այդ թվում նաև դուստրերը, տրամադրված չեն, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի որևէ պատասխանատու տուժի իրենց հոր մահվան պատճառով: Հայկ Սարգսյանը երկու դուստր և մեկ որդի ունի: Նրա երկու դստրերը և երկու փեսաները աշխատում են «Թեղուտ» ՓԲԸ-ում:
«Հետքը» այսօր Թեղուտ ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանից գրավոր տեղեկություն խնդրեց դեպքի օրը Հայկ Սարգսյանի աշխատատեղում՝ ջարդված հանքաքարի պահեստում տիրող աշխատանքային անվտանգության վիճակի և վերջինիս հետ կապված ընկերության տնօրինության կողմից արձանագրած խախտումների մասին: Մամուլի խոսնակին խնդրել էինք նաև լրագրողական տեղազննություն կատարելու նպատակով աջակցել դեպքի վայրի տարածք մուտք գործելու, ինչպես նաև «Թեղուտ» ՓԲԸ-ի ջարդված հանքաքարի պահեստի աշխատանքի անվտանգության պատասխանատու պաշտոնյայի հետ հարցազրույց անցկացնելու համար։
Վահրամ Ավագյանը պատասխան գրության մեջ, ընադամենը արձանագրել է ջարդված հանքաքարի պահեստում տեղի ունեցած արտադրական դժբախտ դեպքի հետևանքով Հայկ Սարգսյանի մահվան փաստը: Ջարդված հանքաքարի պահեստում լրագրողական տեղազննություն կատարելու և տեղամասում աշխատանքի անվտանգության պատասխանատուին հարցեր ուղղելու մեր խնդրանքին, Վահրամ Ավագյանը պատասխանել է . «Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: Մնացած հարցերին կարող ենք պատասխանել քննության ավարտից հետո»:
Պատասխան գրությամբ Վահրամ Ավագյանը նաև հայտնել է, որ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը չի թույլատրում մեզ լրագրողական տեղազննության նպատակով մուտք գործել ընկերության տարածք:
Այսուհանդերձ, մեզ հայտնի դարձավ, որ «Թեղուտ» ՓԲ ընկերության ինչպես արտադրական ամբողջ տարածքը, այնպես էլ ջարդված հանքաքարի պահեստի ողջ տարածքը տեսանկարահանող սարքերի կողմից տեսանկարահանվում են: Տեսանկարահանվել է նաև փետրվարի 21-ին ընկերության լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի պահեստում տեղի ունեցած դժբախտ պատահարը և Հայկ Սարգսյանի մահվան մանրամասները: Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի Ալավերդու քննչական բաժանմունքում այսօր մեզ հայտնեցին, որ փետրվարի 21-ին «Թեղուտ» ՓԲ ընկության ջարդված հանքաքարի պահեստում տեղի ունեցած Հայկ Սարգսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը՝ դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ:
Մենք հեռախոսով Վահրամ Ավագյանին խնդրեցինք մեզ հայտնել լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի ջարդված հանքաքարի պահեստում աշխատանքի անվտանգության պատասխանատուի ազգանունը: Վահրամ Ավագյանը հրաժարվեց մեզ հայտնել նաև նրա ազգանունը:
Մեկնաբանել