
Սահմանադրական դատարանի որոշմանը սպասելիս. ակնկալիքները տարբեր են
Վաղը Սահմանադրական դատարանը քննելու է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայցը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի («Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները») դրույթների հակասահմանադրականության վերաբերյալ: Այս հոդվածը, ըստ մամուլի ներկայացուցիչների եւ իրավապաշտպանների, ներկայումս առավելապես կիրառվում է՝ մամուլի քննադատություններն ու ազատ ձայնը լռեցնելու համար, ինչի ապացույցը հատկապես վերջին շրջանում լայն թափ ստացած դատական հայցերն են ընդդեմ ԶԼՄ-ի: ՄԻՊ-ի հայցից հետո մի շարք գործեր հետաձգվել են՝ ՍԴ-ի որոշման սպասումով: «Հետքի» «Status» խորագրի ներքո ԶԼՄ ներկայացուցիչներն ու փորձագետները կիսվում են իրենց տեսակետներով:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք Սահմանադրական դատարանից:
Լուսինե Հակոբյան (փաստաբան)-«Կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը պետք է հակասահմանադրական ճանաչի այդ հոդվածը: Մեր դատարանների պրակտիկան բավական հակասական է, եւ ՀՀ քաղացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը: Մասնավորապես՝ վիրավորանքի մասին դրույթը, որի համաձայն՝ վիրավորանք կարող է համարվել միայն հրապարակային արտահայտությունը: Սա հակասում է Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, որը սահմանում է խտրականության արգելքը: Բացի այդ՝ անհամաչափ են փոխհատուցման չափերը: Եթե հոդվածը հակասահմանադրական ճանաչվի, հաջորդ քայլով օրենսդիրը պետք է փոփոխություններ օրենսգրքում: Իմ կարծիքով՝ քանի որ խոսքի ազատության սահմանափակման վտանգը մեծ է, եւ մեծ ռիսկ կա, տրամաբանական ելքը հոդվածը հակասահմանադրական ճանաչելն է»:
Բորիս Նավասարդյան (Երեւանի մամուլի ակումբի նախագահ)- Քիչ հավանական է, որ հոդվածը ճանաչվի հակասահմանադրական, համենայն դեպս, գտնում եմ, որ ՍԴ-ում քննարկումը այդ հարցի շուրջ առավելապես կնպաստի, որ հարցին լրջորեն վերաբերվեն բոլոր կառույցները՝ եւ խորհրդարանը, որից մենք ակնկալում ենք օրենքում շուտափույթ փոփոխություններ կատարելը, եւ դատական համակարգը, եւ ամբողջ պրակտիկան՝ զրպարտության եւ վիրավորանքի հետ կապված, միգուցե ավելի քաղաքակիրթ հուն կտեղափոխվի: Հավանականությունը քիչ է, քանի որ ընդամենը մեկ փաստարկ կա, որը քիչ թե շատ հիմնավորված է: Դա փոխհատուցման չափերի հետ կապված անորոշությունն է: Դա արտահայտվում է նաեւ դատական վճիռներում, բայց համոզված չեմ, որ նշվածը բավարար կլինի, որպեսզի օրենքը հակասահմանադրական ճանաչվի:
Արմինե Օհանյան («Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր)- Ուզում եմ լավ սպասելիքներ ունենամ, որ դրանց մի մասը գոնե արդարանա: Հույս ունեմ, որ ՍԴ-ն պիտի բավարարի: Այսքան աղմուկից հետո, այսքան պրոբլեմներից հետո, ինձ թվում է, բոլորը հասկացել են, որ այդ օրենքը չի կարող համենայն դեպս այդ տեսքով գործել: Այսինքն՝ պետք է անպայման փոխվի, լրամշակվի, հստակեցվի: Հոդվածը պետք է հստակ լինի, որ իմանանք, թե ով ինչի համար կարող է դիմել դատարան, եւ ընդհանրապես մենք ինչպես պիտի աշխատենք, որ չհայտնվենք դատարանում: Օրենքն այս տեսքով այդ հնարավորությունը չի տալիս: Անպայման պետք է կասեցվի այս օրենքի գործողությունը, նոր օրենքի մշակում պիտի գնա, մտնի ԱԺ, այդ ընթացքում մենք էլ պիտի մեր գործն անենք, ակտիվ լինենք, որպեսզի թույլ չտանք էլի նման օրենք մտցնեն: Ներկա դատական գործերը, կարծում եմ, պիտի կասեցվեն, բոլոր հայցադիմումները համապատասխանեցվեն նոր օրենքին, եթե լինի այդպիսին: Չեմ ուզում շատ առաջ ընկնել: Նախ տեսնենք, թե ինչ է լինում ՍԴ-ում, հետո նոր հետագա քայլերի մասին կխոսենք էլ, կքննարկենք էլ, մի քիչ վաղ է այդ ամենի մասին խոսելը: Բայց ամեն դեպքում լավատես եմ:
Նաիրա Կարմիրշալյան (ՄԻՊ գրասենյակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ)- Ես պաշտպանի անունից չեմ կարող խոսել, բայց, իհարկե, ակնկալիքներ ունենք: Բնականաբար, եթե դիմել ենք, սպասում ենք ինչ-որ դրական որոշման, որ ինչ-որ փոփոխություն կլինի: Պաշտպանը հիմա այստեղ չէ, դեռ չի ժամանել Երեւան, բայց վաղը անպայման դատարանում կլինի:
Արթուր Խեմչյան (News.am կայքի հայկական էջի խմբագիր)- Մենք հիմա ներգրավված ենք երեք գործերում, որոնցից երկուսը մեր դեմ են, իսկ մեկում էլ երրորդ կողմ ենք: Հաշվի առնելով այն, որ ՍԴ արդեն որոշել է, որ հայցը դիմումը պետք է քննի բանավոր ընթացակարգով՝ դա որոշակի հույս ներշնչում է, բայց ընդհանուր առմամբ հակված չեմ ակնկալիք ունենալ, որ հակասահմանադրական կճանաչվի հոդվածը: Շատ ավելի հավանական եմ համարում, որ ՍԴ-ն լղոզված որոշում կկայացնի: Ասենք՝ ներածական մասում կնշի, թե ինչպես պիտի կիրառվի այդ հոդվածը: Նման որոշում եղավ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Սակայն այս պարագայում էլ մենք կունենանք մի իրավիճակ, երբ դատարանները հաշվի կառնեն ՍԴ-ի որոշումը. դա դիրեկտիվ չի լինի բնականաբար, բայց դա հիմք կդառնա, որ դատական գործերում գտնվողները եւ արդեն վճիռ ունեցողները ՍԴ-ի որոշման պարագայում բողոքարկեն կայացված վճիռը:
Ես կարծում եմ, որ ՍԴ-ի նման որոշումը որոշակի կսահմանափակի այն մարդկանց ախորժակը, ովքեր, դատի տալով լրատվամիջոցներին, ոչ քաղաքական խնդիրներ են լուծում: Իսկ քաղաքական նպատակներով դատի տվողների համար այդ որոշումը, կարծում եմ, որեւէ ազդեցություն չի ունենա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել