
«President 0,2 %» կաթնաշոռը «սև ցուցակում» է. խմորասնկերի և բորբոսի թիվը 10-200 անգամ գերազանցում է նորման
Սննդամթերքն անմիջապես առնչվում է մեր կյանքին ու առողջությանը, այդ պատճառով դրա որակի հսկումը մշտապես պետք է լինի ուշադրության կենտրոնում:
Այսուհետ «Հետք»-ն ուսումնասիրելու է սննդի ոլորտը և սպառողին պարբերաբար ներկայացնելու է արձանագրված խախտումներն ու պատշաճ / ոչ պատշաճ որակի ապրանքները:
Կաթնաշոռ. ո՞ր «President»-ին ընտրել
Հայկական շուկայում վաճառվում է ռուսական արտադրության «President» («Պրեզիդենտ») կաթնաշոռ:
Այսօր կներկայացնենք «President 0.2%» և «President 9 %» կաթնաշոռերը:
Այս ապրանքները վաճառվում է «SAS» և «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում, 200գ ՝660-720 դրամ և 730-790 դրամ: Համեմատության համար նշենք, որ նույն ծավալի տեղական արտադրության կաթնաշոռերի միջին գինը 420-450 դրամ է:
Այս 2 կաթնաշոռերի նմուշները ռուսական անկախ ոչ կոմերցիոն «Ռոսկոնտրոլ» ընկերության կողմից ենթարկվել են լաբորատոր փորձաքննության, և դրանցից մեկը՝ «President 0.2%» հայտնվել է «սև ցուցակում»:
Փորձաքննությունը ցույց է տվել, որ այդ կաթնաշոռը պարունակում է ոչ բավարար քանակությամբ կաթնաթթվային միկրոօրգանիզմներ, իսկ խմորասնկերի և բորբոսի ցուցանիշը 10-200 անգամ գերազանցում է սահմանված նորման:
«Կաթին, կաթնամթերքին եվ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջներին» վերաբերող 2006թ. դեկտեմբերի 21-ի 1925 Ն որոշման մեջ 72 ժամ և ավելի պահպանվող կաթնաշոռում և կաթնաշոռային մթերքում խմորիչի թույլատրելի սահմանը պետք է լինի 100 ԳԱՄ/գ-ից, իսկ բորբոսինը՝ 50 ԳԱՄ/գ ոչ ավելի է: Ընդ որում՝ 50 ԳԱՄ/գ վերաբերում է 72 ժամից (3 օր) ավելի պահպանվող կաթնաշոռին և կաթնաշոռային մթերքներին:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «President 0.2%» կաթնաշոռի մեջ խմորիչը եղել է 1000 ԳԱՄ/գ, բորբոսային սնկերը՝ 10 000 ԳԱՄ/գ:
Բացի այդ, այն փաստացի պարունակում է ավելի քիչ քանակությամբ յուղ, քան ներկայացված է պիտակում. 0.1գ ՝ 0.2գ-ի փոխարեն:
Այս կաթնաշոռի վտանգավորության աստիճանը «Ռոսկոնտրոլը» գնահատել է մաքսիմալ, և խորհուրդ չի տալիս օգտագործել հատկապես թույլ իմունիտետ ունեցողներին. այն կարող է ստամոքսի խանգարում առաջացնել կամ թունավորման պատճառ դառնալ:
Փոխարենը «Ռոսկոնտրոլը» միանգամայն անվտանգ է ճանաչել «President 9%» կաթնաշոռը:
Անհամապատասխանությունը միայն այն էր, որ սպիտակուցների քանակը ներկայացվածից 11.4 % ավելի էր, սակայն շեղումը թույլատրելի սահմաններում էր:
Կաթնաշոռի թթվայնությունը մինիմալ է (143,2°Т), և այդ ցուցանիշով այն համապատասխանում է 2006թ. դեկտեմբերի 21-ի 1925-Ն որոշման պահանջներին, որտեղ վաղ տարիքի երեխաների սնման համար կաթնաշոռի թթվայնության թույլատրելի ցուցանիշը կազմում է 150°Т, և ենթակա է պարտադիր մակնշման:
Մանկական սննդի դեպքում՝ կաթնաշոռում և կաթնաշոռային մթերքում խմորասնկերի և բորբոսի քանակը չպետք է անցնի 10 ԳԱՄ/գ:
Պահպանման ժամկետ. 72 ժամ, թե 39 օր
Վերոնշված 2 կաթնաշոռի դեպքում էլ պահպանման ժամկետը կազմում է 39 օր:
Տեղական արտադրողների կաթնաշոռն ունի միջինը պահպանման 5-6 օր (120-144 ժամ ):
Կաթնամթերքը շուտ փչացող սննդամթերք է, և որքան ավելի շատ է պահպանման ժամկետը, այնքան ավելի մեծ է հավանակությունը, որ այդ սննդամթերքի որակի պահպանման համար կատարվել են լրացուցիչ գործողություններ, ասենք օրինակ՝ մեմբրանային զտում (հիմնական սննդային արժեքը պահպանվում է, իսկ օտար միկրոֆլորան՝ ճնշվում ):
Դա նշանակում է, որ կաթնաշոռի մեջ եղած օգտակար նյութերի մի մասը, հիմնականում վիտամինները և միկրոէլեմենտները , կորչում են:
Հաջորդ հոդվածում կանդրադառնանք Հայաստանում վաճառվող շոկոլադների որակին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել