
Մարզպետին` ինչպես Աստծուն
Այն մասին, որ ես դեռեւս չեմ վաստակել Գեղարքունիքի մարզպետին գրությամբ դիմելու իրավունքը, ինձ հայտնի դարձավ օրերս: Ավելի քան երկու շաբաթ գրությանս պատասխանին սպասելուց հետո հեռախոսով դիմեցի Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանին՝ լռության պատճառը պարզելու համար: Միաժամանակ ցանկանում էի ասել, որ եթե մարզպետարանում պատշաճ թարմացնեն պաշտոնական կայքը եւ տեղադրեն պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվությունը՝ գրություններ ուղարկելու, իմ եւ իրենց համար լրացուցիչ աշխատանք ստեղծելու անհրաժեշտություն չի լինի:
Սեւակ Խլղաթյանն առաջինն ինձ դիտողություն արեց· «Ձեզ մոտ տնօրեն չկա՞, որ Դուք եք նամակ գրում մարզպետին, Դուք ՏԻՄ ծրագրերի ղեկավարն եք, չէ՞: Եթե Դուք եք գրում, ուրեմն մարզպետի անունով մի գրեք»:
Չգիտեի, որ մեծ հանդգնություն է Գեղարքունիքի մարզպետին գրավոր հարցում ուղարկելը: Հարկադրված դիմեցի, որովհետեւ մարզպետարանի պաշտոնական կայքում չգտա անհրաժեշտ տեղեկատվությունը, հասարակայնության հետ կապերի բաժինը զանգերիս չպատասխանեց, մնում էր գրությամբ ակնկալել հարցերիս պատասխանը:
Այնպես որ, մեղավորը դարձյալ աշխատակազմի ղեկավարն է: Նրա անհետեւողական աշխատանքի պատճառով մարզխորհրդի նիստերի արձանագրությունները չեն հրապարակվում կայքի համապատասխան բաժնում (այս բաժնում կրկնում են նիստի օրակարգը): Չի թարմացվել նաեւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկատվություն տրամադրելու փոփոխված կարգը, տեղեկատվություն ապահովելու համար պատասխանատու անձի կոնտակտային տվյալները, տեղեկատվություն հայցելու ձեւը եւ այլն: Հատկապես, Գեղարքունիքի մարզպետարանը պետք է շատ ուշադիր լիներ այս հարցում, որովհետեւ մարզպետարանի չինովնիկների պատկերացումով՝ մարզպետն անհասանելի պետք է լինի մահկանացուներիս համար:
Մարզխորհրդի 2015 թ· դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգային հարցերից մեկը եղել է գյուղատնտեսական ցուցանիշների ամփոփումը: Մարզի բնակչությունը ցորենի սերմացուի դիմաց պարտքեր ունի գյուղնախարարությանը՝ միայն 2014 թ.-ին մարզի պարտքը կազմում է 10,2 մլն դրամ: «Ի՞նչ է արվում գումարները հավաքագրելու ուղղությամբ»,- հարցս պատասխան չունեցավ, որովհետեւ մարզպետարանի պատասխանն ստացա փետրվարի 1-ին, դիմելուցս երեք շաբաթ հետո, երբ հոդվածն արդեն հրապարակել էի:
Նույն հարցումը, նույն օրն ուղարկել էի նաեւ Լոռու մարզպետին՝ նրա էլեկտրոնային փոստին: Հարցումս ուղարկել էի դեռեւս հունվարի 13-ին եւ ակնկալում էի, որ գոնե 5 օր հետո կստանամ պատասխանը: Սակայն, ինչպես Գեղարքունիքի մարզպետարանի դեպքում էր, 5 օրը լրանալուց հետո մարզպետարանից կապվել էին խմբագրության հետ եւ հայտնել, որ գրությունն ստորագրված չէ, իրենք չեն պատասխանում անստորագիր հարցումներին: Հարցումս կրկնեցի հունվարի 19-ին՝ այս անգամ ստորագրված տարբերակով: Ավելի քան 10-ն օր սպասելուց հետո, հունվարի 29-ին, հարկադրված եղա զանգահարել նաեւ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին:
Մարզպետարանի քարտուղարը հայտնեց, որ նախորդ գրությունները չեն ստացել, որովհետեւ մարզպետի էլեկտրոնային փոստի հասցեն փոխված է: Այդ դեպքում, ինչպե՞ս են մարզպետարանում կարդացել առաջին գրությունս եւ առաջարկել ստորագրված ուղարկել այն: Ինչո՞ւ մարզպետարանի կայքում չեն թարմացվել էլեկտրոնային հասցեները: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը վերջին մեկ տարում մի քանի փոփոխություներ է կրել, ինչո՞ւ մարզպետարաններն իրենց կայքէջում չեն թարմացրել տեղեկատվություն տրամադրելու նոր պահանջները: Ինչո՞ւ չեն լրացնում կայքէջի պարտադիր հրապարակման բաժինները:
Լոռու մարզխորհրդի 2015 թ· նոյեմբերի 27-ի նիստի օրակարգում ներառվել է նաեւ 2015 թ.-ին ցորենի սերմացուի բաշխման մասին հարցը, որով ես հետաքրքրված եմ: Հարցի վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է միայն. «Առաջարկվեց. «Անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պարարտանյութի եւ սերմացուի տրամադրման նպատակով հավաքագրվող գումարների գանձման եւ մուծման ուղղությամբ»:
Մարզպետարանը փետրվարի 3-ին տրամադրած տեղեկատվության մեջ նշում է, որ 2014 թ. աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի պարտքը մատակարար կազմակերպությանը կազմում է 5 մլն 792,000 դրամ, որը գանձելու գործերը գտնվում է դատական վարույթի փուլում:
Մարզխորհրդի նիստերի արձանագրությունները բոլոր մարզպետարանները չէ, որ հրապարակում են: Սակայն, այն թարմացվելու դեպքում, հնարավոր է, տեղեկատվություն ստանալու համար հարցումներ ուղարկելու անհրաժեշտություն չլինի կամ կրճատվի դրանց քանակը: Հնարավոր է, որ մարզպետարաններում չեն տարբերակում օրակարգն արձանագրությունից, այդ դեպքում կարող են ուսումնասիրել Ազգային ժողովի կայքէջի համապատասխան բաժինը:
Ստացվում է, որքան շատ ենք միջոցներ ձեռնարկում տեղեկատվությունը մատչելի եւ հասանելի դարձնելու համար, այնքան դժվարանում է տեղեկատվություն ստանալը:
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել