
Ձերբակալվելուց հետո հարցին՝ «Դու՞ ես սպանել», Պերմյակովը պատասխանել է. «Ոչ, ես ոչինչ չեմ արել»
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը շարունակվեց վկաների հարցաքննությամբ: Դատակոչված 16 վկաներից 14-ը ռուսական սահմանապահ ջոկատի զինծառայողներ էին, երկուսը՝ սահմանամերձ Երազգավորս գյուղի բնակիչներ: Դատարանն առաջինը լսեց սահմանապահ ջոկատի սպա Միխայիլ Խաչատրյանին, ով 2015թ-ի հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը որոնողական աշխատանքներ էր իրականացրել Գյումրիում եւ հետագայում, արդեն Բայանդուրի ուղեկալի հատվածում ձերբակալել ամբաստանյալին:
Ըստ Միխայիլ Խաչատրյանի, հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը, ժամը 04-ի սահմաններում զորամասի հրամանատարից հրաման է ստացել ծառայողական շան հետ մեկնել 102-րդ ռազմաբազա, քանի որ փախուստի մեջ գտնվող զինծառայող կա: Վկան Գյումրի մեկնել է ավագ-սերժանտ Սուսովի եւ շան հետ: Ռազմաբազայում նրանց նկարագրել են փնտրվող անձի արտաքինը, այնուհետեւ տարել այնտեղ, որտեղից սկսվում են Պերմյակովի հետքերը:
Շունը վերցրել է հետքը եւ խումբը մոտ 2 կմ է անցել՝ հասնելով Բուլվարային թաղամաս, որտեղ իրենց միացած քաղաքացիական հագուստով երկու հայ իրավապաների հետ զննություն են անցկացրել սեփական սեկտորի տներից մեկում: Զննել են նաեւ դիմացի տունը, սակայն ոչինչ չեն հայտնաբերել: Նշված տներից 200 մետր հեռավորության վրա շունը կորցրել է Պերմյակովի հետքը եւ հետախուզական խումբը հրաման է ստացել վերադառնալ ուղեկալ: Վկան ասաց, որ Պերմյակովի կատարած հանցանքի մանրամասներին տեղեկացել է լրատվամիջոցների հաղորդումներից:
Սահմանապահ ուղեկալում հայտարարվել է հսկողության ուժեղացված ռեժիմ: Միխայիլ Խաչատրյանը նշեց, որ ցանկացած փախուստի դեպքում՝ անկախ անձի մտադրությունից, սահմանում հսկողությունը խստացվում է: Նույն կերպ են վարվել նաեւ կապված Պերմյակովի փախուստի հետ: Հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը ժամը 00:15-ի սահմաններում, Բայանդուրի 12-րդ ուղեկալի 1-ին տեղամասի հատվածում Միխայիլ Խաչատրյանին ու սերժանտ Ստյոպա Սումբուլյանին հաջողվել է ձերբակալել քաղաքացիական հագուստով անձի, ով ներկայացել է որպես Վալերի Պերմյակով:
Վկան պատմեց, որ ամբաստանյալին հայտնաբերել են ջրի պոմպակայանի մերձակա տարածքում: Նկատել են լապտերի լույս, որը գնալով ուժեղացել է, թաքնվել են ու սպասել, մինչեւ ենթադրյալ սահմանախախտը կմոտենա: Հրահանգին «Կանգնի՛ր, ո՞վ է գալիս», անծանոթը պատասխանել է՝ «Ես ձերոնցից եմ, գնում եմ մերոնց մոտ»: Քանի որ անծանոթը շարունակել է առաջանալ, Միխայիլ Խաչատրյանը մեկ անգամ նախազգուշական օդ է կրակել եւ հրահանգել անծանոթին պառկել գետնին, որից հետո հնարավոր է եղել բռնել նրան: Վալերի Պերմյակովի հագին եղել է քաղաքացիական հագուստ՝ սեւ բաճկոն, որի տակից երեւացել է զինվորական կանաչ բլուզը, սեւ կիսաճտքավոր կոշիկներ, կապույտ սպորտային տաբատ եւ սեւ գլխարկ: Խուզարկելիս Խաչատրյանը Պերմյակովի մոտ հայտնաբերել է 3 բջջային հեռախոս եւ որոշակի գումար: Ձերբակալելուց հետո Խաչատրյանը Պերյակովին հարցրել է. «Դու՞ ես սպանել» եւ ստացել ժխտողական պատասխան: «Ոչ, ես ոչինչ չեմ արել»,- ասել է Պերմյակովը:
Տուժողի շահերի ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր ուղղեցին վկային: Փաստաբան Լուսինե Սահակյանին հետաքրքրում էր, թե ինչու է վկան նախաքննության ընթացում հայկական կողմից թաքցրել, որ մասնակցել է որոնողական աշխատանքներին եւ նշել, որ դեպքի մասին տեղեկացել է առավոտյան ժամը 8:15-ին: Վկան պատասխանեց, որ հայ քննիչների վարած նախաքննության ժամանակ ինքը պատասխանել է կոնկրետ տրված հարցերի, մանրամասներ չի փոխանցել՝ մտածելով, որ քննչական խումբը համագործակցում է ռուսական կողմի հետ,՝ ինքն ամենայն մանրամասնությամբ ռուս քննիչների կողմից արդեն իսկ հարցաքննվել էր:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներին հետաքրքրում էր, թե ինչ վիճակում է հայտնաբերվել Պերմյակովը: Վկան նշեց, որ ոչ մի արտառոց բան չի նկատել: Հարցին, եթե հայկական կողմն ավելի շուտ ժամաներ ուղեկալ, իրավասու՞ էր արդյոք ուղեկալի պետը սահմանախախտին նրան հանձնելու: «Պարտավոր չէի»,-պատասխանեց վկան:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել