
«Գնում եմ ընտրությունների, զանգել են ասել շուտ արի, 15 հազար դրամ փող տեն տալ»
Երեկ՝ հունվարի 24-ին, վաղ առավոտյան, ժամը 9-ի սահմաններում գյուղապետի ընտրությունների համար Մղարթ մեկնելիս՝ ճանապարհի Մղարթի խաչմերուկում առատ ձյան տակ կանգնած էր մի տղամարդ: Տաքսու վարորդին խնդրեցի վերցնել ճամփորդին՝մեզ հետ Մղարթ տանելու համար: Ողևորը մղարթցի Արթուր Բաբաջանյանն էր, գյուղ էր շտապում գյուղապետ ընտրելու համար: Նկատեցի, որ Արթուրն չափից դուրս միամիտ լոռեցիներից է։
«Հա, գնում եմ ընտրությունների, զանգել են ասել շուտ արի, 15 հազար դրամ փող տեն տալ: Դպրոցի կշտին, փոստի վարիչն էդտեղ ա: Էսօր ընտրելու վախտն ա: Հենայ, սաղ թոփելած են դպրոցի կշտին: Ինձ ասել են կգնաս փոստի վարիչ Վարդուհին փողը կտա»,-մատով դեպի հեռվում երևացող Մղարթի դպրոցի շենքը ցույց տալով՝ ասաց Արթուրը: Ինձ հետաքրքրեց փողը վերցնելուց հետո Արթուրը գիտի՞ իր անելիքը։ «Պասպորտս տալ տեմ, պեչատիլ տեն, հետս մարդ տի մտնիլ, տենալտեն, որ ես ընտրեցի ու դուրս եկա»,- ասաց զվարճալի զրուցակիցս:
Մղարթի 32/62 ընտրատեղամասը տեղավորված էր գյուղի հանրակրթական դպրոցի շենքում: Երբ տաքսին կանգնեց դպրոցի մոտ, Արթուրը հրաժեշտ տվեց մեզ. «Այ, դուք ապրեք, ես Ձեզանի շատ շնորհակալ եմ»,- ասաց նա: «Հիմա գնում ես 15 հազար դրամը վերցնես, էլի»,- հարցրի ավտոմեքենայից իջնող Արթուրին: «Բա, թողամ ուրիշը վեր ունի՞։ Որ ուրիշը փողը վեր ունի, ինձ որդիան կհասնի: Ամեն մարդ իրեն ընտրությունն ունի, ես Երվանդի մորը՝ Արմինեին եմ ընտրելու»,- պատասխանեց Արթուրը և շտապեց տուն՝ անձնագիրը վերցնելու: Մղարթի փոստի դուռը փակ էր: Փոստը տեղավորված էր երկհարկանի բնակելի շենքի 1-ին հարկում: Թե դպրոցի շրջակայքի որ բնակարանից էր Արթուր Բաբաջանյանը վերցնելու իրեն խոստացած 15 հազար դրամը, տեղացող առատ ձյան պատճառով մեզ չհաջողվեց պարզել: Սպասում էի Արթուրի ընտրատեղամաս գալուն: Սակայն նրան ընտրության էին բերել մի քանի րոպեով տեղամասից իմ բացակայելու ընթացքում: Տեղամասային հանձնաժողովի նախագահ Գեղեցիկ Մամաջանյանն ասաց, որ Արթուրին տեղամաս է ուղեկցել և հանձնաժողովի թույլտվությամբ քվեախցիկում նրա փոխարեն ընտրել է մղարթցի Գարիկը: Քվեախցիկում մոր օգնությամբ ընտրեց նաև Արթուրի քույրը՝ Լուսո Բաբաջանյանը: Հանձնաժողովի նախագահն ասաց, որ Լուսոն տառերը չգիտի: Լուսոն էլ մեզ բացատրեց, որ 8 տարի դասի է գնացել. «Տառերը գիտեմ, բայց ես չեմ կարողանում ընտրեմ: Էդ ընտրությունի ձևը չեմ կարում: Եթե թեկնածուի ազգանունն էլ ասում են, ես չեմ կարողանում ընտրել»,-բացատրեց Լուսոն:
Ընդհանրապես ընտրություններին գյուղի տարեցները ընտրատեղամաս էին մտնում նույն երիտասարդների ուղեկցությամբ, ովքեր էլ քվեախցիկում ընտրում էին նրանց փոխարեն: Որոշ տարեցներ պատճառաբանում էին, թե իրենց ակնոցները մոռացել են, սակայն ակնոց առաջարկելիս հրաժարվում էին օգտվել դրանցից:
Երեկ Մղարթում գյուղապետի ընտրությունը կայացավ թեկնածու, նախկին գյուղապետի այրի Արմինե Մամաջանյանի դիրքային մեծ առավելությամբ: Նրա մրցակից Հրաչյա Սուքիասյանը օրվա ընտրական խաղում չկար: ՀՀ ընտրական օրենսգրքի 143 հոդվածի 6-րդ կետով համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած, եթե ընտրական օրենսգրքով թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում և կարգով թեկնածու չի գրանցվել, կամ նույն ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է 2-ից: Ընտրական օրենսգրքի 143 հոդվածը պատճառ էր հանդիսացել Հրաչյա Սուքիասյանի գյուղապետի ձևական թեկնածու առաջադրվելու համար: Այդ մասին խոսում էին նաև ընտրատեղամաս եկած ընտրողների մեծ մասը: Մարզպետի հովանավորությունը վայելող գյուղապետի թեկնածու Արմինե Մամաջանյանն էլ ընտրության օրվա իր գործողություններում հեռուն էր գնացել: Նա ընտրատեղամասում Հրաչյա Սուքիասյանի վստահված անձ էր նշանակել եղբորը՝ Սոսո Մամաջանյանին և Բաբկեն Մոսինյանին:
![]() |
![]() |
Հրաչյա Սարգսյան | Սոսո Մամաջանյան |
Ընտրատեղամասի տարածքում Սոսո Մամաջանյանն ուղղորդում էր ընտրողներին, քրոջը՝ Արմինե Մամաջանյանին ընտրելու համար: Օրվա կեսին ընտրելու նպատակով ընտրատեղամաս եկած Հրաչյա Սուքիասյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ովքեր են տեղամասային հանձնաժողով ներկայացել որպես իր վստահված անձ. «Չգիտեմ: Ես անձամբ հանձնաժողով վստահված անձ չեմ ուղարկել»,- ասաց նա: «Ինչու քվեաթերթիկում չկա բոլորին դեմ եմ տողը: Ես ինչ որ պետք է արել եմ, բայց նաև ման եմ եկել այդ տողին»,- հարցրեց ընտրող Էլիչկա Մոսինյանը: Վերջինս նույնպես պնդեց, որ Հ. Սուքիասյանը գյուղապետի ձևական թեկնածու է: Օրվա վերջում իր ընտանիքով ընտրատեղամաս եկավ նաև գյուղապետի թեկնածու Արմինե Մամաջանյանը: Ընտրելու պահին, երբ փորձում էինք լուսանկարել թեկնածուին, նրա սկեսուրը գոռաց. «Դենը տար ապառատդ»: Արմինե Մամաջանյանն էլ մեջքով շրջվեց դեպի ինձ և այդ դիրքով էլ հեռացավ ընտրատեղամասից: Ընտրելու համար ընտրատեղամաս եկած փոստի վարիչ Վարդուհին էլ ասաց, որ փող բաժանելու մասին հաղորդած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Վարսիկ Պապյանը գյուղամիջում մեզ հետ զրուցելիս լավատես չէր Մղարթի ապագայի նկատմամբ։ «Մինչև հիմա ինչ եղել է, նույնը կլինի, կարող է ավելի վատ էլ լինի: Եղունգ ունենք գլուխներուս քորենք: Գյուղապետարանում ով ուզում է նստած լինի, ինձ համար տարբերություն չկա: Գյուղում թեկնածուներ շատ կան, բայց դե ով կարա ասի, իրենց ձեռքին ա, ով ոնց ցանկանում է , անում է»,- ասաց Վարսիկը: «Մեր գյուղը հոգսառատ է, ջուր չկա, հատկապես: Ամբողջ տարին ձեռքով ջուր ենք կրում, կուզենանք, որ ամենաառաջինը մեր գյուղը ջրով ապահովված լինի, որ կանայք ընդհանրապես ջուր չկրեն, իրենց տանը ջուրը լինի: Վատ բան չեմ ասում: Եկել եմ Արմինե Մամաջանյանին ընտրել և հույսով եմ, որ քաղաքի պես ջուր կունենանք»,-ասաց մի երիտասարդ կին։ Նա սակայն, հրաժարվեց հայտնել իր անունը: Ժամը 20:00-ին փակվեց ընտրատեղամասը: Հանձնաժողովը արձանագրեց, որ Մղարթի 358 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 217 ընտրողներ: Հրաչյա Սուքիասյանի օգտին քվեարկել են 8 ընտրողներ: Արմինե Մամաջանյանին կողմ էին քվեարկել 174 ընտրողներ: Ընտրության 35 քվեաթերթիկներ հանձնաժողովի կողմից ճանաչվեց անվավեր: Դրանցից 34 քվեաթերթիկներում ընտրողներ խաչ էին քաշել երկու թեկնածուների վրա: Ընտրության արդյունքերով Մղարթի գյուղապետ ընտրվեց Արմինե Մամաջանյանը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել