
Զորակոչիկների շրջանում վարակներն ավելի քիչ են. հանձնաժողովի անդամ
Զորակոչային կենտրոնական բժշկական հանձնաժողովի նախագահ Գայանե Ղուկասյանը «Հետք»-ի հետ զրույցում ասում է, որ զորակոչիկների շրջանում գրիպի և սուր շնչառական վարակների պատկերը շատ ավելի մեղմ է, քան քաղաքացիական բնակչության շրջանում:
Զորակոչից առաջ զինծառայության մեկնողները բժշկական հետազոտություն են անցնում քաղաքացիական պոլիկլինիկաներում: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ կենտրոնական հավաքակայանում ուշադրություն են դարձնում հատկապես կտրուկ զարգացող ինֆեկցիոն հիվանդություններին, որոնք կարող էին առաջանալ հետազոտությունից հետո, բայց հավաքակայան հասնելուց առաջ: Գ.Ղուկասյանն ասում է, որ իրենք երկու անգամ չափում են երիտասարդների ջերմությունը՝ պարզելու, թե արդյոք հավաքակայանում գտնվելու մի քանի ժամերի ընթացքում այն փոփոխվել է:
«Մենք լրիվ բացառել չենք կարող, բայց փորձում ենք նվազագույնի հասցնել վարակի բացթողումը»,- ասում է բուժծառայության գնդապետը:
Վարակաբան Վադիմ Էլիզբարյանն ասում է, որ վարակի կանխումը պետք է խիստ հսկողության տակ պահել, քանի որ բանակում այն ավելի արագ կարող է տարածվել: «Բանակը իր սպեցիֆիկան ունի՝ փակ կոլեկտիվ, մի ճաշարանից սնվում են, մի զորանոցում մնում են, մի տեղ լողանում են, այսինքն կոլեկտիվում ինֆեկցիոն հիվանդությունների տարածվելու հավանականությունը շատ մեծ է»,- ասում է Վ.Էլիզբարյանը:
Վարակաբանը ներկայացնում է, որ ամեն սեզոն իրեն հատուկ հիվանդությունների շարքն ունի: Ցուրտ շրջանում տարածված են սուր շնչառական, իսկ ամռանը՝ աղիքային հիվանդությունները: Ըստ այդմ՝ փոխվում է նաև տարբեր զորակոչերի ժամանակ իրականացվող բժշկական միջոցառումների բնույթը:
Այս զորակոչի ընթացքում, բժշկական հանձնաժողովի անդամների խոսքով, ջրծաղկի երկու դեպք է գրանցվել: Հիվանդություն ունենալու դեպքում զինվորներին ուղարկում են հոսպիտալ, որտեղից, առողջանալուց հետո, նրանք ուղևորվում են ծառայության վայր: Զորամասում, վարակաբանի խոսքով, զինվորները հսկողության տակ են լինում հատկապես առաջին մեկ ամսվա ընթացքում, երբ պետք է աստիճանաբար պատրաստվեն ծառայությանը:
լուսանկարները՝ Էրիկ Գրիգորյանի
Մեկնաբանել