
Հակոբ Թոփչյան. «Շատ մարդիկ կան ներկրող, բայց 100-ից մեկը որոշել է, որ ինքը շատ մեծ մասնագետ է»
Հովհաննես Մարտիրոսյանի՝ «Վիտաֆարմ» ընկերության մոտ 10 դեղի ներկրում «Դեղերի փորձագիտական կենտրոն»-ի կողմից տարբեր հիմքերով մերժվել էր, և նա դիմել է դատարան:
Այսօր Վարչական դատարանը հետաձգեց հերթական նիստը մինչև փետրվարի 1-ը:
«Հետք»-ը նյութ էր հրապարակել այն մասին, որ «Դեղերի փորձագիտական կենտրոնը» , պաշտպանելով այս կամ այն արտադրողի շահերը, նպաստում է դաշտում արհեստական մենաշնորհի ստեղծմանը: Դա դժվարացնում է նոր դեղ ներկրողների մուտքը հայաստանյան շուկա , ինչը նպաստում է դեղերի գնի կամայականությանն ու աճին:
Փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը համաձայն չէր նրա բողոքների հետ և պարզաբանումներ տալու ցանկություն հայտնեց, ինչը սպասված հարցազրույցից վերածվեց քննարկման և դեղագիտական ոլորտում լրագրողի գիտելիքների ստուգման, որի նպատակն էր ՝ ապացուցել, որ լրագրողը «բժիշկ և դեղագետ չէ», որպեսզի «քննադատի» տվյալ ոլորտը:
Ապացուցել, որ լրագրողը «բժիշկ չէ և դեղագետ չէ»
Նախքան հարցազրույց-քննարկմանն անցնելը, գրանցվող դեղերի բաժնի ավագ փորձագետ Լուսինե Գասպարյանը, խնդրեց պարզաբանել հոդվածում գրված հետևյալ նախադասությունը «« «Դեղերի փորձագիտականկենտրոնը» այս կամ այն պատճառով (հիմնականում՝մարքեթինգային նկատառումներով) մերժում է դեղերի ներկրումը»:
Այնուհետեև հղում կատարեց կառավարության այն որոշմանը, որտեղ սահմանված է դեղերի ներկրման կարգը՝ ասելով, որ մարքեթինգային նկատառում նշված չէ:
Պարզաբանեցինք, որ այդ ձևակերպումը հեղինակային չէ, այլ վերցված է առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրություններից:
Լուսինե Գասպարյան
«Չկա որևէ օրենք կամ ենթաօրենսդրական ակտ, որը հիմնավորի դեղի մերժումը մարքեթինագային նպատակով, դա բացառվում է»,-ասաց Լ. Գասպարյանը:
Ստիպված կրկնեցի այն միտքը, որ դա ԱՆ ձևակերպումն է. «Իրենք էլ չեն կարող նման բան ասել»,- դարձյալ շարունակեց դեղգործակալության աշխատակիցը:
Այնինչ օրերս Առողջապահության նախարարությունը մեր ուղարկված հարցմանը պատասխանել էր, թե ինչ ասել է «մարքեթինգային նկատառում», որի պատճառով մի քանի դեղի գրանցումն անվավեր է ճանաչվել:
Այնուհետև աշխատակիցն ասաց, որ գրանցումը կարող է մերժվել մարքեթինգային նկատառումներով, բայց ոչ ներկրումը:
Սակայն՝ ո՞րն է տարբերությունը, եթե ներկրման հիմնական և կարևորագույն պայմաններից է դեղի գրանցված լինելը:
«Ներկրումը ԱՆ մերժում է միայն, եթե դեղը գրանցված չէ, կամ կա մի ցուցանիշ, որ ազդում է դեղի որակի, անվտանգության և արդյունավետության վրա, մնացած բոլոր դեպքերում ԱՆ թույլ է տալիս»,-ասաց Լ. Գասպարյանը:
«Եթե մենք ապացուցենք, որ դեղի արդյունավետությունը ցածր է, անվտանգությունը չի ապահովում, վտանգավոր դեղ է, այդ ժամանակ նախարարությունը, մեր եզրակացության վրա ի վիճակի է դեղի շրջանառությունը կանգնեցնելու մարքեթինգային նկատառումներով,-լրացրեց Հակոբ Թոփչյանը,-Մնացած բոլոր դեպքերում դեղի շրջանառության կանգնեցման իրավատեր հանդիսանում է արտադրողը կամ իրավատերը»:
Հակոբ Թոփչյան
Հաջորդ թիրախը «արհեստական մոնոպոլիա» ստեղծելու բառակապակցությունն էր:
«Ինչի՞ հիման վրա եք դա գրել,- հետաքրքրվեց պարոն Թոփչյանը:-Մենք մոնոպոլիստ չենք ստեղծում շուկայում»:
Քվամատել 20 մգ
Այս դեղը ՀՀ-ում գրանցվել է դեռևս 1995թ.ին: Պիտանելիության ժամկետը ի սկզբանե եղել է 5 տարի: 2010թ. դեղի իրավատեր « Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը դիմել է Առողջապահության նախարարություն՝ասելով, որ կատարել է դեղի կայունության հետազոտության, որի հիման վրա որոշել է պիտանելիության ժամկետը 5 տարուց դարձնել 4:
Այն հարցին, թե այդ դեպքում ինչպես է «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունն իր երկրի համար արտադրում 5 տարի պահպանման ժամկետով, Լուսինե Գասպարյանը չկարողացավ պատասխանել՝ նշելով, որ իրենք միայն պատասխանատու են Հայաստանի համար:
«Մենք նայում ենք Ռուսաստանի գրանցամատյանները, տեսնում ենք՝ 5 տարի է,-ասում է է Հ.Թոփչյանը,- մենք իրավունք չունենք ուղղորդելու արտադրողին, թե ինչի 5 տարի չես տալիս, տալիս ես 4 տարի»:
Հակոբ Թոփչյանը հավելեց, որ զուգահեռ ներմուծման դեպքում պիտանելիության ժամկետը նույնիսկ չի ենթարկվում քննարկման:
-Ստացվում է Հովհաննես Մարիտիրոսյանի հնչեցրած բողոքները «Քվամատել» դեղի վերաբերյալ անհի՞մն են։
Հակոբ Թոփչյան. - Մենք մինչև հիմք չենք ունենում, չենք մերժում : Հովհաննես Մարտրիրոսյանը միայն չի ներկրում, բերող շատ մարդիկ կան, շատ, բայց 100-ից մեկը որոշել է, որ ինքը շատ մեծ մասնագետ է, մնացածն անգրագետ էին։
Նա նաև խորհուրդ տվեց մի քիչ ինքնաքննադատ լինել և չասել, թե ինքն ամեն ինչ գիտի (խոսքը Հ.Մարտիրոսյնի մասին է, հեղ.), իսկ դեղն այնպիսի բան չէ, որ ամեն մարդ կարողանա բերել։
Գալազոլին
-«Գալազոլին» դեղի պարագայում կար փաթեթավորման խնդիր (անվանումը, ազդող նյութը, դեղաչափը, դեղաձևը նույնն են): Բայց չէ՞ որ կառավարության N 581 որոշման 18-րդ կետով, չի արգելվում այնպիսի դեղերի ներկրում, որոնց փաթեթավորման փոփոխությունները չեն ազդում դեղի որակի վրա:
Հ․Թ․- Հարյուր անգամ այս հարցին պատասխանել եմ այդ «խոշոր գիտնականին»: Դեղի փաթեթի վրա գրվող ամեն մի տող ունի հատուկ կարգավիճակ: Տվյալ դեպքում, փաթեթի վրա մի դեպքում գրված է միայն «Գալազոլին» և «Գալազոլին 0,1», դրանք տարբեր բաներ են, թեկուզ կոնցետրացիաները նույնն են :
-Այսինքն՝ դրանք տարբե՞ր դեղեր են։
Հ.Թ.- Դրանք կարող են նույն դեղը լինել , բայց մենք չենք կարող սա սրանով փոխարինել։
-Տարբերությունը կասե՞ք։
Հ.Թ.- Տարբերությունը գրանցամատյանում դեղերի գրանցման անվան անհամապատասխանությունն է։ Արտադրողը որոշել է, որ սա է շուկան, վերջացավ, ես չեմ կարող միջամտել։ Թեկուզ ազդող նյութը և բոլոր մնացած ցուցանիշները նույնը լինեն։
-Դուք, որպես մասնագետ, ի՞նչ կարծիք ունեն այս դեղերի մասին։
Լ.Գ․-Ես համարում եմ, որ այս 2 դեղերը ունեն տարբեր անվանումներ:
-Կարելի ՞ էր կատարել որակի փորձաքննություն, պարզելու համար՝ նույնն են, թե ոչ։
Հ․Թ․- Ոչ՜, չի կարելի։
-Ստացվում է՝ պաշտպանվում են միայն արտադրողի շահերը, ինչը կարող է հանգեցնել գների կամայականությանը։
Հ․Թ․- Մենք պարտավոր ենք պաշտպանել հեղինակային իրավունքները։ Որպես մասնագետ՝ նայում եմ՝ 0,1 % / 0,1% , ասում եմ՝ խմիր, նույնն է, բայց, որպես պետական կառույց, ես պարտավոր եմ պաշտպանել հեղինակային իրավունքը։
-Այդ դեպքում ՝ի՞նչ է նշանակում 581 որոշման 18-րդ կետը։
Հ.Թ -Այդ որոշումն ունի թերություններ։ Սա նույն դեղանյութ է՝ նույն դեղաչափով, նույն կաթիլներով, բայց տարբեր անուններով։
Լ․Գ․- Կան փաթեթավորման շատ փոփոխություններ, ենթադրենք, կարող է լինել գրառումների տեղակայման փոփոխություն, գրառումների շարադաության փոփոխություն, դրանք որակի վրա չեն ազդում։
Վերջինս նաև հավելեց, որ դեղի մերժման պատճառներից մեկն այն էր, որ կար կիրառման անհամապատասխանություն. Հայաստանում այն թույլատրելի է 12 տարեկանից, իսկ ՌԴ-ում՝ 6։
«Եվ մի՛ ասեք, դուք լաբորատորիա ունեք, որոշեք՝ դեղը նույնն է, թե նույնը չի․ ոչ, մենք չենք որոշում, մենք փաստում ենք գրանցված դեղի իսկությունը, որակը և անվտանգությունը»,-եզրափակեց Հ. Թոփչյանը:
Ցեռուկալ
Փորձագիտական եզարակացության մեջ այս դեղը մերժվել է չգրանցված լինելու պատճառով․չի համապատասխանել գրանցման հավաստագրի իրավատիրոջ անունը։
Լ․Գ․- Գրանցման հավաստագրի իրավատերն է AWD-ն, իսկ ներկրվող դեղի գրանցման հավաստագրի իրավատերն էր TEVA կազմակերպությունը։
-Բայց հետագայում փոփոխություն է եղել, և իրավատերը փոխվել է։
Լ․Գ․Հայաստանի հանրապետության Առողջապահության նախարարությունը նման փոփոխության մասին մեզ չի հայտնել։
-Այդ դեպքում, ստացվում է՝ պետական ռեեստրում գրանցված է դեղ մի ընկերության անունով, որն այլևս արտադրանքի իրավատերը չէ։
Հ․Թ․-Շատ բան կարող են փոխանցել, մենք այդ փոխանցումը պետք է ունենանք իրավական հիմքերով։ Մենք չենք ստացել թուղթ՝ իրավական հիմքերով, որտեղ նշված լինի՝ խնդրում եմ այս դեղը ևս ճանաչեք։
Մետրոգիլ
Այս դեղի պարագայում տարբերությունը եղել է այն, որ Հայաստանում գրանցված դեղի տուփի վրա նշված է եղել արտադրողի արտադրատարածքը (կոնկրետ որտեղ է արտադրվել), և Հովհաննես Մարիտիրոսյանից պահանջել էին BATCH certificate (սերիայի հավաստագիր):
Լ․Գ․-Ներմուծվող փաթեթի վրա բացակայել է արտադրատարածքը, սակայն ներդիր թերթիկում միաժամանակ նշված է եղել 2 արտադրատարածք։ Եվ որպեսզի մենք պարզաբանենք և հստակեցնենք, թե տվյալ դեղը կոնկրետ որտեղ է արտադրվել, խնդրել ենք հավելյալ փաստաթղթեր:
Ֆինլեպսին
Այս դեղը նախորդի պես ուներ նույն խնդիրը։ Ըստ Լուսինե Գասպարյանի՝ փաթեթի վրա արտադրատարածքը բացակայել է, սակայն ներդիրում միաժամանակ նշված են եղել մի քանի արտադրողներ։
Այն ևս սպասում է BATCH certificate-ի։
Լ․Գասպարյանը նշեց, որ նույն «Վիտաֆարմ»-ը ներկրում էր այնպիսի դեղեր, ինչպես օրինակ՝ «Օքսիտոցինը», որի պահման համար հատուկ պայմաններ չուներ։
«Դրա մասին չի՞ ասել այդ գիտնականը,- հետաքրքրվեց Հ․ Թոփչյանը։- 72 դեղ է բերել ինքը (նկատի ունի Հ․ Մարտիրոսյանին, հեղ.), 18 կանգնել են, 18-ից 9 ցմահ են կանգնել, իսկ 9 մեջ էլ կան դեղեր, որոնք աստիճանաբար բաց են թողնվում»։
Իսկ ինչ վերաբերում էր «Գեդեոն Ռիխտեր»-ի բաժնետերերը պատվավոր հյուպատոսներ են, Հակոբ Թոփչյանն ասաց, որ դա իրենց չի վերաբերում։
Հ․Թ․- Նրանք ձեզ պարզաբանում կարծեմ տվել են, այդ հյուպատոսները, չէ՞։
-Ո՛չ, իսկ դուք ինչի՞ց ենթադրեցիք։
Հ.Թ. –Դե, նրանց չի արգելվում նման բիզնեսով զբաղվել։ Հիմա հյուպատոս է, թե ինչ է, ի՞նչ նշանակություն ունի։
Շարունակելի
Մեկնաբանել