HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նա չտեսավ ազատագրված Շուշին

Մեզ համար Գագիկը ոչ միայն ավագ կամ հրամանատար էր, այլեւ մտերիմ խորհրդատու, ազնիվ ընկեր:

Նա միշտ շարժման մեջ էր, հոգնել չուներ ու կարողանում էր իր ոգեւորությունը փոխանցել խմբի տղաներին: Բոլորս վստահում էինք նրան ` ներքուստ զգալով, որ Գագոն իրեն պատասխանատու է համարում մեր ճակատագրի, կյանքի համար: Նույնիսկ հրամանատարը` Ռուսլանը, հաճախ էր խորհուրդներ հարցնում Գագիկից:

Գագիկ Օսիպովը ծնվել է 1964թ. օգոստոսի 18-ին Ստեփանակերտում: Ավարտել է թիվ 3 դպրոցը, 1982-ին ընդունվել Բաքվի շինարարական ինստիտուտ: 1989 թվականին նա վերադարձել է Ստեփանակերտ եւ ծառայության անցել Արցախի ինքնապաշտպանական ուժերում: Գագիկը սկզբում հետախուզական վաշտում էր, այնուհետեւ, երբ ստեղծվեց հատուկ հետախուզական խումբ, դարձավ հրամանատարի օգնական:

Մեր խումբը միշտ հատուկ առաջադրանքներ էր կատարում: Գագիկի գլխավորությամբ բազմիցս կարեւոր տեղեկություններ ենք բերել թշնամու ճամբարներից` Զառիսլուից, Խոջալուից, Շուշիից... Նա հետաքրքրվում էր տուրիզմով, եւ նրա գիտելիքները շատ էին պետք գալիս մեզ: Հաճախ Գագիկի գլխավորությամբ բլուրներ, ժայռեր մագլցելու փորձեր էինք անում, որ կռվելիս հեշտ լիներ մեզ համար:

Գագիկը մասնակցել է Այգեստանի պաշտպանությանը, Կրկժանի, Ղայբալուի, Մալիբեյլուի, Խոջալուի ազատագրմանը: Կռվելիս նա միշտ առջեւում էր, մեզ չէր թողնում իրենից առաջ անցնել: Երբ որեւէ բարձունք էինք գրավում, Գագիկն առաջինն էր բարձրանում, մերթընդմերթ հայտնվում տեսանելի տեղերում, որպեսզի հակառակորդը կրակ բացի իր վրա, եւ մենք այդպիսով հայտնաբերենք նրանց կրակակետերն ու ոչնչացնենք:

Վերջապես եկավ Շուշիի գրոհի օրը: Բոլորս զգում էինք, որ ծանր մարտ է լինելու: Իսկ Գագիկի տրամադրությունն, ինչպես միշտ, բարձր էր: Նա անսահման լավատես էր, մեզ էլ վարակում էր իր լավատեսությամբ: Նրա խոսքերը երբեք չենք մոռանա.«Տղերք, կարծում եք, թե ամեն մի մարտիկի թու՞յլ են տալիս մասնակցել Շուշիի ազատագրությանը: Սա մեր ամենամեծ կռիվներից մեկն է, եւ մեզանից յուրաքանչյուրը պետք է հպարտանա, որ իրավունք է ստացել մասնակցելու հայոց այս քաղաքի ազատագրությանը...»:

Մենք Շուշի մտանք Շոշից: Գրավեցինք առաջին ֆերման եւ մոտեցանք երկրորդին: Երկրորդ ֆերմայից 25-30 մետր հեռու ադրբեջանցիները կատաղի կրակ բացեցին մեզ վրա: Մենք հինգ հոգով էինք: Տղաներից մեկը` Սլավիկը, վիրավորվեց: Գագիկը նահանջելու հրաման տվեց, իսկ ինքը մնաց, որպեսզի բաց տեղանքից դուրս բերի վիրավոր մեր ընկերոջն ու միաժամանակ հնարավորություն տա մեզ անվտանգ նահանջելու եւ ավելի ապահով տեղ դիրքավորվելու:

Այդ մարտից շատ առաջ Գագիկն ասել էր. «Տղերք, եթե, Աստված չանի, կռվելու ժամանակ մեզնից որեւէ մեկը մահացու վիրավորվի, վերջին պահին իր ավտոմատի ողջ փամփշտատուփը թող դատարկի օդում»:

Երբ մենք նահանջեցինք եւ հարմար դիրքեր գրավեցինք, Գագիկը, որ Սլավիկի մոտ էր, մահացու խոցվեց: Հանկարծ լսվեց նրա ավտոմատի ճարճատյունը` մինչեւ վերջին փամփուշտը: Հասկացանք, որ մեր սիրելի ընկերը, մեր Գագոն այլեւս չկա։

Մի կերպ դուրս բերեցինք տղաներին: Սլավիկը արնաքամ էր եղել եւ գրեթե անզգայացել, Գագիկը... Չէինք կարողանում հավատալ, որ Շուշիի վրա հաղթանակից հաշված ժամեր առաջ կորցրինք Արցախի քաջարի զավակներից մեկին: Գագիկն այդպես էլ չտեսավ ազատագրված Շուշին, բայց նա հավատում էր այդ օրվան: Ընդամենը մի օր առաջ էր ասել. «Տղերք, երբ Շուշին մաքրենք, այնտեղից էլ ոտքով գնալու ենք Հայաստան` յոթօրյա ճամփորդության...»:

Մարտական ընկերներ` 
Ռուբեն Ծատուրյան, Արայիկ Հովսեփյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter