
Մղարթում առաջադրվել են գյուղապետի երկու թեկնածուներ
Հունվարի 24-ին տեղի կունենա Մղարթի գյուղապետի արտահերթ ընտրություն: Մղարթի գյուղապետ Վաչիկ Նավասարդյանը 2015թ.-ի նոյեմբերի 18-ին հանկարծամահ է եղել: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հուղարկավորությունից մի քանի օր հետո իր մոտ զրույցի է հրավիրել հանգուցյալ գյուղապետի որդուն՝ Երվանդ Նավասարդյանին, ապա օգտվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածով սահմանված իր լիազորությունից և 2015թ.-ի դեկտեմբերի 22-ի իր թիվ 394-Ա որոշմամբ Ե. Նավասարդյանին նշանակել է Մղարթի գյուղապետի պաշտոնակատար: Երվանդը 24 տարեկան է, ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, սակայն որևէ տեղ չի աշխատում: Նա բացատրեց, որ ինքը չի կարող առաջադրվել գյուղապետի թեկնածու, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն համայնքի ղեկավար կարող է ընտրվել միայն 25 տարին լրացած ՀՀ քաղաքացին: Մղարթում գյուղապետի թեկնածուներ են առաջադրվել գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Հրաչյա Սուքիասյանը և դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Արմինե Մամաջանյանը:
Մեզ հետ զրույցում ինչպես թեկնածու Հ. Սուքիասյանը, այնպես էլ գյուղապետի պաշտոնակատար Երվանդ Նավասարդյանը չհայտնեցին, որ թեկնածու Արմինե Մամաջանյանը հանգուցյալ գյուղապետի այրին և Երվանդի մայրն է: Նախընտրական շրջանում Մղարթում տիրում է լարվածություն: Գյուղացիներն առաջադրված թեկնածուների և գյուղապետի սպասվող ընտրությունների մասին մեզ հետ համաձայնում էին խոսել իրենց ազգանունը չհրապարակելու պայմանով: Մղարթցիները պնդում էին, որ գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Հրաչյա Սուքիասյանը գյուղապետի ձևական թեկնածու է, հիմնական թեկնածուն հանգուցյալ գյուղապետի այրին՝ Արմինե Մամաջանյանն է, որի թեկնածությունն էլ պաշտպանում է մարզպետը: Եվ քանի որ մարզպետը պաշտպանում է Արմինե Մամաջանյանի թեկնածությունը, մղարթցիները եզրահանգել են, որ վերջինս արդեն ընտրված գյուղապետ է և գյուղապետի այլ թեկնածուներ չեն առաջադրվել: «Դուք ճի՞շտ եք գնահատում մարզպետի արարքը»,- հարցնում էին մղարթցիները: Նրանցից մեկն էլ մեզ հայտնեց, որ Արմինե Մամաջանյանը գյուղապետ ընտրվելու դեպքում, գյուղապետի տեղակալ է նշանակելու իր որդուն՝ Երվանդ Նավասարդյանին:
Երեկ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը «Հետքին» պարզաբանեց, որ Մղարթի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Հրաչյա Սուքիասյանի գյուղապետի թեկնածու առաջադրվելուց հետո գյուղապետարանի աշխատակազմում գյուղապետի պաշտոնակատարի հարմար թեկնածու չի տեսել և ստիպված գյուղապետի պաշտոնակատար է նշանակել հանգուցյալ գյուղապետի որդուն: Անդրադառնալով նրա մոր՝ Արմինե Մամաջանյանի՝ գյուղապետի թեկնածու առաջադրվելուն, Արթուր Նալբանդյանը նշեց, որ որևէ առնչություն չունի Արմինե Մամաջանյանի թեկնածու առաջադրվելու հետ։ «Ճիշտ կլիներ Մղարթում առաջադրվեին և մրցակցեին նույնիսկ գյուղապետի 5 թեկնածուներ: Չգիտես ինչու, մղարթցիները չեն առաջադրվել: Եվ վերջին հաշվով գյուղապետ ընտրողը Մղարթի ընտրողներն են: Եթե իրենք որևէ թեկնածուի գյուղապետի պաշտոնում չեն տեսնում, թող հունվարի 24-ին գնան ընտրության և չընտրեն»,- ասաց Արթուր Նալբանդյանը:
Գյուղապետի ընտրությանը թեև մնացել է 10 օր, սակայն Մղարթում նախաընտրական քարոզչություն չէր կատարվում. «Դե քարոզչության կարիք էնքան էլ չեմ տանում, փոքր գյուղ ա: Բոլորս ճանաչում ենք իրար»,- բացատրեց թեկնածու Հ. Սուքիասյանը:
Թեկնածու Արմինե Մամաջանյանը մեզ հետ զրույցում չթաքցրեց, որ գյուղապետ ընտրվելու դեպքում որդուն՝ Երվանդին, նշանակելու է գյուղապետի տեղակալ. «Շարունակելու ենք ամուսնուս թողած կիսատ գործերը»,- ասաց նա: Թեկնածու Հ. Սուքիասյանն էլ հայտնեց, որ Մղարթի հրատապ լուծում պահանջող խնդիրը Ագարակի ջրագծից խմելու ջուրը գյուղ հասցնելն է, գյուղապետ ընտրվելու դեպքում առաջնահերթ լուծելու է այդ խնդիրը:
Մղարթի գյուղապետարանը տեղակայված է գյուղի մշակույթի պալատի շենքում: Վերջինիս դահլիճը ավերված է։ «Հետքը» մի քանի անգամ ահազանգել է այդ շենքի և դահլիճի ծանր վիճակի մասին, սակայն Լոռու մարզպետարաննայդպես էլ նպատակահարմար չի գտել կառավարության հրատապ ծրագրերով 500 բնակիչ ունեցող գյուղի մշակույթի պալատը վերանորոգելը: Շենքը և գյուղապետարանի աշխատասենյակները հակասանիտարական վիճակում են: Նույն շենքի խաղասենյակում կուտակված աղբակույտի մեջ դոմինո էին խաղում մի խումբ մղարթցիներ: Նրանք խուսափեցին մեզ հետ խոսել գյուղապետի սպասվող ընտրությունների մասին: Հրաչյա Սուքիասյանն ասաց, որ գյուղապետարանը հավաքարար ունի, սակայն չբացատրեց շենքում տիրող վիճակի պատճառը: Մղարթի հիմնական դպրոցի տնօրեն Աղաբեկ Մոսինյանը կարևորեց մշակույթի պալատի կապիտալ վերանորոգման խնդիրը: Ասաց, որ 2010թ.-ից Մղարթը գազաֆիկացվել է: Սակայն այսօրվա դրությամբ գյուղի 116 տնտեսությունից 26-ին է հաջողվել օգտվել գազից: Դպրոցի տնօրենի ասելով՝ գյուղում նախադպրոցական տարիքի 26 երեխաներ կան:
![]() |
![]() |
Հրաչյա Սուքիասյան | Աղաբեկ Մոսինյան |
«Վորլդ Վիժն» կազմակերպության կողմից կապիտալ վերանորոգման ենթարկված մանկապարտեզի շենքը հնարավոր չի լինում շահագործել համայնքի սուղ բյուջեի պատճառով. «Մեզ համար շատ կարևոր է Ստեփանավան-Օձուն և մեր գյուղ մտնող ճանապարհների վերանորոգումը»,- ասաց Ա.Մոսինյանը: Դպրոցի տնօրենը դժվարացավ ասել, թե հունվարի 24-ին թեկնածուներից գյուղի 350 ընտրողները ում կտան իրենց ձայնը: «Էդ ո՞ր ընտրությունն է կանխատեսելի»,- ասաց Աղաբեկը:
Համայնքի ավագանու անդամ, ֆիզիկայի ուսուցչուհի Հերմինե Պարանյանը Մղարթի վիճակը գնահատեց շատ վատ, սակայն չցանկացավ գնահատել Արմին Մամաջանյանի կարողությունները գյուղապետի պաշտոնում. «Չգիտեմ: Որպես ուսուցիչ աշխատում է, դրական է, բայց դե որպես գյուղապետ ես չեմ կարող ասել՝ ինքը կարող է աշխատել, թե՝ ոչ»,- ասաց նա:
«Պետք է մեր խոսակցությունը էսօր չլիներ: Չթվա թե, մարդը մահացել է, մենք էլ արդեն վատ ենք խոսում»,-ասաց ավագանու անդամ, մաթեմատիկայի ուսուցիչ Մելիք Ղազարյանը: «Որ գյուղը վատ վիճակում է, ավագանին մեղք չունի՞» հարցին Մ.Ղազարյանը պատասխանեց. «Իհարկե, ունի: Բոլոր տեղերում էլ ավագանինները միայն ձեռք բարձրացնողներ են: Էնպես չի, որ մենք գյուղապետի աշխատանքը չենք հսկել: Մենք գյուղապետի հետ աշխատել ենք, համագործակցել ենք, բայց այնպես չենք աշխատել ոնց որ պետք է: Գտնում եմ, որ ոչ թե ավագանիով վատ ենք աշխատել, ընդհանրապես չենք աշխատել: Համայնքի բյուջեով հնարավոր չի եղել գյուղը զարգացնել»,- բացատրեց Մելիքը: Թե թեկնածուներից ով կընտրվի Մղարթի համայնքապետ և ինչ դերակատարություն կունենա այդ ընտրություններում Լոռու մարզպետը՝ կպարզվի հունվարի 24-ին:
Մեկնաբանել