
Զինակոչիկ. «Մեր հույսով են բոլորը հանգիստ ապրում, պետք է գնանք, ծառայենք»
Այսօր Ալավերդիում տեղի ունեցավ 2016թ. առաջին զորակոչը: Զորակոչված 24 զինակոչիկներից 23-ը Թումանյանի զինկոմիսարիատին կից բժշկական հանձնաժողովի վերջին զննությունից հետո մեկնեց հանրապետական կենտրոնական զինվորական հավաքակայան:
«Մեկ զինակոչիկի զորակոչը հետաձգվեց 37,5 աստիճան ջերմություն ունենալու պատճառով»,- հայտնեց Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի զինկոմ Կարեն Հովհաննիսյանը: Վերջինս զորակոչի մասին մեզ հետ զրույցը սկսեց զինակոչիկների անփորձանք ծառայության բարի մաղթանքներով:
«Մենք զորակոչի նախապատրաստական աշխատանքերը սկսել ենք 2015թ. հոկտեմբերց: Բոլոր զինակոչիկները Թումանյանի զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի կողմից ենթարկվել են բժշկական զննության: Առողջական խնդիր ունեցող զինակոչիկները ուղարկվել են հանրապետության բժշկական այն հիմնարկություններ, որոնք ՀՀ առողջապահության նախարարության կողմից կցված են մեր զինկոմիսարիատին: Ուղարկված զինակոչիկների առողջության հետազոտման պատասխանները ստանալուց հետո մեր բժշկական հանձնաժողովը հետազոտել է ուղարկված բժշկական ակտերի պատասխանների թողարկված էպիկրիզները: Անհրաժեշտության դեպքում մենք դրանք ներկայացրել ենք հանրապետության կենտրոնական զինվորական հանձնաժողովի նիստին: ԿՄՀ-ի նիստը որոշում է կայացրել՝ տվյալ զինակոչիկը կրկնակի հետազոտման կարիք ունի՞, թե՞ ոչ»,- հայտնեց զինկոմը: Վերջինիս խոսքերով տոկոսային հարաբերակցությամբ տարածաշրջանի 2016թ. զինծառայության ենթակա զինակոչիկների գրեթե 80 տոկոսը զորակոչվելու է բանակ:
«Գործընթացը մինչև հունվարի 31-ը պետք է շարունակվի, դեռ զինակոչիկներ ունենք, որ հետազոտման փուլում են: Նրանց նկատմամբ զորակոչելու վերջնական որոշում կայացված չէ, քանի որ կենտրոնական հանձնաժողովը գործում է մինչև հունվարի 31-ը: Դա զորակոչի վերջին օրն է»,-հայտնեց Կ. Հովհաննիսյանը:
Զորակոչվող 23 զինակոչիկներն էլ բարձր տրամադրությամբ մեկնեցին բանակ: Մայրերը ջանում էին, որ երեխաները չնկատեն իրենց հուզմունքը: «Լավ տրամադրությամբ եմ մեկնում ծառայության: Իմ հայրենիքը պաշտպանելու եմ: Լավ եմ տրամադրված: Նորմալ է ամեն ինչ»,- ասաց զինակոչիկ Արմեն Մայիլյանը: Արմենը ընտանիքի միակ տղան է: Նա սովորում է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի 1-ին կուրսում: «Տրամադրությունս շատ բարձր է, մարտական: Մեր հայրենիքի սահմանները պետք է պաշտպանենք: Մեր հույսով են բոլորը հանգիստ ապրում: Պետք է գնանք, ծառայենք»,- ասաց թումանյանցի Ռոմիկ Աղաջանյանը: Զինակոչիկ Զորիկ Քեխֆոյանը մասնագիտությամբ խոհարար է: «Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում խոհարար եմ աշխատել: Վերադարձել եմ հայրենիք, որ գնամ ծառայության: Հոյակապ տրամադրությամբ մեկնում եմ ծառայության»,- ասաց Ռոմիկը: Հովիկ Տիրացվյանը մինչև բանակ մեկնելը Շնողում գյուղատնտեսական աշխատանքներում օգնել է ծնողներին: Հովիկը դպրոցն ավարտելուց հետո չի շարունակել ուսումը: «Ասեցի՝ գնամ բանակ գամ, հետո կշարունակեմ սովորելս»,-բացատրեց Հովիկը: Օձունցի Ռուբեն Մամաջանյանը սովորում է Երևանի միջազգային անվտանգության ակադեմիայում: Ուսումը կիսատ է թողել: Ասաց, որ ծառայությունից հետո կշարունակի այն:
Քարինջ գյուղի դպրոցի տնօրեն Արամ Եղինյանը այսօր երկրորդ որդուն՝ Արգամին ուղարկեց բանակ. «Մեծ տղաս այս պահին ծառայում է Ղարաբաղի Մատաղիսի զորամասում, երկրորդին էլ ուղարկում եմ: Իրենք պետք է մեր հայրենիքը պաշտպանեն, բա ինչ անենք»,-ասաց դպրոցի տնօրենը: Նա խնդրեց մեկնելուց առաջ իրեն նկարել որդու հետ:
Մարցեցի Կամո Գևորգյանն ուրախ էր իր երեխային ճանապարհում բանակ: «Թող գնա անփորձանք ծառայի, մեր հայրենիքը պաշտպանի, բարով, խերով էլ երեխես գա: Ես չեմ ծառայել, 2-րդ խմբի հաշմանդամ եմ եղել, թող իմ երեխեն հայրենիքին ծառայի»,- ասաց Կամոն:
Արմանուշ Մայիլյանը իր մինուճար որդուն էր ճանապարհում բանակ: Նա Աստծուց միայն խաղաղություն էր խնդրում Արմենի անփորձանք ծառայության համար: Մեկնելուց առաջ զինվորներին օրհնեց, բազկի ամրություն, ուժ, կարողություն մաղթեց Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել Շաղոյանը: «Պատվով գնացեք, պատվով վերադարձեք: Աստված բոլորիդ օրհնի»,- մաղթեց հոգևոր հովիվը:
Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը զորակոչիկներին մաղթեց անփորձանք ծառայություն: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից նա հիգիենիայի անհրաժեշտ պարագաներ հանձնեց զորակոչիկներին:
«Բարով գնաք, բարով գաք: Ձեզ ենք սպասում»,- մաղթեց Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը: Զինակոչիկների ավտոբուսը շարժվեց: Բարի վերադարձ, զինվորներ:
Մեկնաբանել